Քաղաքականություն

Ե՛ւ ոչխարները կենդանի մնան, ե՛ւ գայլերը կուշտ լինեն

Ե՛ւ ոչխարները կենդանի մնան, ե՛ւ գայլերը կուշտ լինեն

Չորսուկես տարի առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դեռևս առաջնորդվում էր «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» պնդումով: Այդ ժամանակահատվածում նրա կառավարման ներքո Հայաստանը խայտառակ պարտություն կրեց պատերազմում: Նաև կորսվեց Արցախը և սպառնալիքներ գեներացվեցին անվտանգության առումով: Այդ ամենը տեղի ունեցավ ՀՀ ռազմավարական դաշնակցի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու համատեքստում: Ենթադրվում է, որ այդքան արհավիրքներից ու կորուստներից հետո նա երևի վերջապես հասկացավ, թե ինչպես չպետք է վարվի պետության դիվանագիտությունը: Ահա դրա վկայությունը. «Մենք հարաբերությունների վատացման խնդիր չենք դնում որևէ ուղղությամբ։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում. խորացնել հարաբերությունները մի ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակից չենք»։ 
Այնինչ, հենց այն, ինչ արվել է նրա կողմից մինչ այդ խոսքերը բարձրաձայնելը, հենց այդ մտքի հակառակն էր. փչացվեցին հարաբերությունները հյուսիսային ուղղությամբ, ինչն, իր կարծիքով, ինքնըստինքյան հանգեցնելու էր Արևմուտքի ուղղությամբ հարաբերությունները խորացնելուն: Բայց Արևմուտքը պահանջում էր ավելին՝ վերացնել «պատմական կարծրատիպերը», այսինքն՝ ընդունել թուրքամետություն: Նրան պետք եղավ յոթ տարի՝ խայտառակ պարտությամբ ու դավաճանի «տիտղոսին» արժանանալով հանդերձ, որպեսզի «գիտակցեր» մինչ այդ կատարվածի սխալ լինելը: Բայց խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այս անգամ էլ սխալը փորձում է ուղղել կրկին սխալի միջոցով: Ինքը չի գիտակցում, որ Ռուսաստանի և Արևմուտքի  միջև ընթացող պատերազմի ժամանակ այլևս չէր կարող գործել իր կողմից մերժված Սերժի որդեգրած «և՛… և՛»-ի քաղաքականությունը: Որովհետև Սերժի օրոք Ռուսաստանը չէր պատերազմում ողջ Արևմուտքի դեմ:  

Ռուսաստանից նրան բազմիցս զգուշացրել են՝ Եվրամիություն մուտք գործելու ջանքերը համատեղելի չեն ԵԱՏՄ-ի անդամակցության հետ: Բայց ինքն ու իր մանկլավիկներն անհեթեթ պատասխաններ են տալիս այդ զգուշացմանը: Ու շարունակում են այդ ուղին, չնայած հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ԵՄ անդամ դառնալու համար: Ու մինչ այդ կմնա՞, արդյոք, Հայաստանը որպես պետություն: Երբ Հայաստանը մի օր վերջապես միանա եվրոպական ընտանիքին՝ ինչպես ընդունված է ասել մեզանում (փակագծերում ասեմ, որ վա՜յ մեր օրերի այդ ընտանիքին): Նույն այդ Եվրոպայից զգուշացրել են, որ Մայիսի 9-ի տոնակատարությանը մասնակցելը խնդիրներ է առաջացնելու թե՛ ԵՄ անդամ և թե՛ անդումության հայտ ներկայացրած պետությունների համար: Սակայն ինքը որոշել է մասնակցել դրան, իսկ մինչ այդ այցելու է Ռուսաստանի դեմ թշնամական ամենակարծր դիրքորոշում ցուցաբերած երկրներից մեկը՝ Էստոնիա:

Ի՞նչ է սա՝ եթե ոչ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն» ասացվածքի դրսևորում: Ինչը, բնականաբար, տեղի ունենալ չի կարող: Եվ բացի դրանից, չբավարարվելով զուտ այցելությամբ, Էստոնիայում ծաղիկներ է դնում կոմունիզմի զոհերի հուշապատի տակ, իսկ Մոսկվայում մասնակցելու է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը: Երևի դպրոցում կամ համալսարանում բացակայել է այն դասերից, որոնց ընթացքում խոսվել է Սովետական Միության Հայրենական պատերազմի մասին: Եթե հաճախեր, ապա պետք է իմանար, որ խորհրդային երկիրն առաջնորդվել է կոմունիզմի տեսլականով ու  գաղափարախոսությամբ: Ինչպես երևում է, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այդպես էլ չգիտակցեց, թե ինչպես չպետք է վարվի դիվանագիտությունը: Եվ չգիտակցեց, որ ո՛չ սխալվելու վճռականությունն է ճշմարիտ ճանապարհ և ո՛չ էլ նախկին սխալները նոր սխալներով ուղղելը: Ի դեպ, լայնորեն տարածված արևմտյան մոտիվացիոն գրականությունից «քոփիփեյսթ» արված այդ գաղափարը վերաբերում է մասնավոր անհատին և ոչ թե պետությունը ղեկավարողին: Այլապես հենց Արևմուտքում պետության ղեկավարն ի պաշտոնե չէր ունենա խորհրդականների մի ամբողջ բանակ: Ինչի իմաստը հենց սխալներից խուսափելուն նպաստելն է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image