Իրանի վերջին շահի՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի աքսորյալ որդին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող գահաժառանգ Ռեզա Փահլավին հարցազրույց է տվել (14.02.2021) իսրայելական «ԻՍՐԱՅԵԼ ՀԱՅՈՄ» թերթին։
1979 թվականին Իրանում Իսլամական հեղափոխության հետևանքով գահընկեց եղած Փահլավիների տոհմի ներկայացուցիչը և վերջին շահի ավագ որդին անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, միջուկային համաձայնագրին։
«Իրանի Ազգային խորհուրդ» ընդդիմադիր կազմակերպության հիմնադիրն ասել է, որ միշտ դիմել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր վարչակազմի, ցանկացած օտարերկրյա կառավարության նույն ու եզակի հարցով՝ «Նրանք կկանգնե՞ն Իրանի ժողովրդի կողքին»:
Պատասխանելով հարցին, թե Իրանի վարչակազմը կվերադառնա՞ Գործողության համատեղ համապարփակ ծրագրի համաձայնագրին (JCPOA) [առավել հայտնի է որպես «Իրանի հետ միջուկային համաձայնագիր»], գահաժառանգն ասել է. «JCPOA-ի հիմնարար խնդիրն այն էր, որ այն հիմնված էր վարքի փոփոխության մոլորության վրա: Չորս տասնամյակ արևմտյան տերությունները հավատում էին, որ այս ռեժիմը [Իրանի վարչակազմը] կփոխի իր վարքը: Դա չի լինի: Իրանցիները գիտեն, որ ռեժիմն առաջնորդվում է ոչ թե մեր ազգային շահերով, այլ իր սեփական կոռումպացված, հանցավոր շահերով»:
Վտարանդի գործիչը նշել է, որ օտարերկրյա ղեկավարների հետ զրույցներում ասել է, թե «այս ճգնաժամի միակ կայուն լուծումը կգտնվի Իրանի ժողովրդի գործին աջակցելու միջոցով, այլ ոչ թե նրանց օկուպանտներին հանգստացնելով» և «Իրանի ներսում շատ համարձակ ակտիվիստներ վերջերս այդքան բան գրեցին [ԱՄՆ] նախագահ Բայդենին ուղղված նամակում»:
«Իր զինված վստահելիների [պրոքսիների] միջոցով Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային գերազանցություն ունի ցածր ինտենսիվության պատերազմում: Բայց նա վախենում է բարձր ինտենսիվության ներգրավվածության վերաճումից [էսկալացիայից], որտեղ ունի տեխնոլոգիական ստորադասություն: Այդ պատճառով ուզում է միջուկային հովանոց՝ բարձր ինտենսիվության վերաճումը կանխելու համար»,- ընդգծել է նա։
Ըստ Ռեզա Փահլավիի՝ եթե միջուկային համաձայնագիրն էսկալացիա չի երաշխավորում, իսլամական վարչակազմը ստանում է իր ուզածն ու շարունակում հասնել «իր տարածաշրջանային էքսպանսիոնիզմին» ցածր ինտենսիվության գործողությունների միջոցով։ «Բայց Արևմուտքը կորցնում է այն, ինչի կարիքն ունի՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն: Այդ պատճառով է, որ JCPOA-ն լավ գործարք է Իսլամական Հանրապետության համար, որը վատ է Արևմուտքի և Մերձավոր Արևելքի պետությունների համար»,- հավելել է արքայազնը:
Փահլավիների տոհմի ներկայացուցիչն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն չի տեսնում Իրանի գործող իշխանությունների օրոք. «Ռեժիմը հերքում է Հոլոքոստն ու կոչ անում ոչնչացնել Իսրայելը, քանի որ ցանկացած հալոցք, բացում, տնտեսական կամ մշակութային փոխանակում կներառի իշխանության զանգվածային անցում գաղափարախոսներից դեպի բանականության կողմնակիցներ: Ռեժիմն իշխանությունը պահելու համար թշնամու կարիք ունի։ [...] Իրանի ժողովուրդը, սակայն, ցանկություն ունի Իսրայելի հետ խաղաղություն հաստատել, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բոլոր պետությունների հետ, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունը: Իրանի աստվածաշնչային հարաբերությունները հրեա ժողովրդի հետ խորն են ընկած մեր քաղաքակրթության ու պատմության մեջ և ակնհայտորեն կվերականգնվեն, հենց այս ռեժիմը գնա»։
Փահլավին նաև կանխատեսել է, որ իսլամական վարչակազմը շուտով կընկնի. «Վերջին տասնամյակում հեղափոխությունից հետո իսլամական իշխանության հանդեպ հավատի և վստահության աստիճանական քայքայումն արագացել է: Վերջին երեք տարում փոփոխությունն այնքան կտրուկ է եղել, որ Իրանում միայն քչերն են հավատում, որ երիտասարդ սերունդը երկար ժամանակ հանդուրժելու է մութ դարերից եկած այս բռնաճնշող ռեժիմը: Ավելի ու ավելի շատ ենք դասալքություններին ականատես լինում զինված ուժերի ներսից։ [...] Սա շատ կարևոր է, քանի որ այն ճիշտ ժամանակին թույլ կտա զինված ուժերին կանգնել ժողովրդի կողքին ու թույլ տալ խաղաղ [իշխանության] փոխանցում: Դա իմ նպատակն է եղել արդեն չորս տասնամյակ, և ես միշտ կոչ եմ արել այս ազգային հաշտեցմանը»:
Խոսելով Իրանի արտաքին ու ներքին քաղաքականության մասին՝ աքսորյալ գործիչը նշել է. «Ավելի լավ հրեա ժողովուրդը գիտի, որ Իրանն իր երկուսուկես հազարամյա գրավոր պատմության մեջ ունեցել է փառահեղ գլուխներ: Մարդկային երջանկության ու կյանքի որակի ցուցանիշների առումով համեմատած մնացած աշխարհի հետ՝ երբևէ մեր պատմության մեջ պայմանների նման կտրուկ անկում չի եղել, ինչպես այս ռեժիմի օրոք»։
Հարցին, «Եթե Թեհրանում վերադառնաք իշխանության, ցանկանո՞ւմ եք, որ Իսրայելի հետ հարաբերությունները նույնքան հիանալի լինեն, որքան Ձեր հոր հետ էին», Ռեզա Փահլավին պատասխանել է. «Ես ինձ համար իշխանություն չեմ փնտրում, միայն պետք է լինեմ ժողովրդի ձայնն ու պաշտպանը: Իմ նպատակն է ազատագրել իմ երկիրը և հաստատել աշխարհիկ ժողովրդավարություն` հիմնված ժողովրդի կամքի վրա: Որպես այդպիսին, ես կասկած չունեմ, որ Կյուրոս Մեծի երեխաները միշտ իրենց սրտում հատուկ տեղ ունեն Իսրայելի ժողովրդի համար»։
Իսրայելցի պաշտոնյաների հետ շփումների մասով նա ասել է. «Վերջին չորս տասնամյակների ընթացքում, երբ ես պաշտպանում էի աշխարհիկ ժողովրդավարությունն Իրանում, հանդիպել եմ աշխարհի առաջատար հասարակական, բիզնես ու քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ իրանական և ոչ իրանական հրեական խմբերի հետ՝ բացատրելու և կիսելու մեր տեսակետները՝ Իրանում աշխարհիկ ժողովրդավարության պայքարի վերաբերյալ»: