Անցած տարի ապրիլի 1-ին 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը Աճարկուտում Փաշինյանի կին Աննա Հակոբյանը հայտարարեց, թե․ «Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք՝ կամավոր, զինվորական եւ այլն»: Իրավապահ համակարգից «Հրապարակը» բազմիցս փորձել է ճշտել, թե արդյո՞ք Աննա Հակոբյանի հայտարարած թվերը համապատասխանում են իրականությանը, իսկապե՞ս պատերազմի ժամանակ այդքան զինվորական դավաճանել է հայրենիքն ու լքել իրենց վերապահված դիրքը՝ թողնելով ծառայակից ընկերներին, քանի քրեական գործ է հարուցված այդ դասալիքների նկատմամբ եւ քանի անձ է դատապարտվել նման մեղադրանքներով։ ՀՀ քննչական կոմիտեից այս թեմայով որեւէ պատասխան չեն տալիս՝ «ռազմական, պետական» գաղտնիքի անվան տակ, իսկ դատախազությունից ստացած պատասխանից տեղեկացանք, որ մեկ տասնյակից պակաս գործեր են հասել դատարան, հարուցված վարույթների մեծ մասը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Իսկ իրավապահ համակարգի մեր աղբյուրը նշում էր, որ քննչական մարմինները կրակն են ընկել Աննա Հակոբյանի ասածի պատճառով՝ ինչքան փորձել են արհեստական գործեր հարուցել, որ վարչապետի կնոջ ասածը ճիշտ դուրս գա՝ չի ստացվել։
Գնդապետ Միհրահ Մախսուդյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ երկրորդ բանակային կորպուսում առանցքային պաշտոն է զբաղեցրել «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է․ «Ես նման թվերի չեմ տիրապետում, բայց այն ուղղությամբ, որտեղ ես պատերազմել եմ՝ փախչող չի եղել։ Ես չգիտեմ, թե որ հրամանատարի մոտից են փախել, բայց իմ մոտից դասալիք չի եղել։ Արցախում իմ առջեւ առաջադրված խնդիրը կատարել եմ»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ երկրորդ բանակային կորպուսի կատարած աշխատանքին գնդապետն ասաց, որ պատերազմի ժամանակ երկրորդ բանակային կորպուսի օպերատիվ օղակն իր խնդիրը կատարել է, հակառակորդի առաջխաղացումը կանխել է։ «Տակտիկական օղակում ադրբեջանական կողմը մեկ-երկու դիրք է գրավել, սակայն դա չի նշանակում, որ բանակային կորպուսն իր խնդիրը չի կատարել։ Զինվորները զոհվել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելով, կարողացել են պաշտպանել այն հատվածը, գոտին, որի պաշտպանությունն առաջադրված է եղել իրենց»,-ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում