Ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում շրջանառվող տեսակետ կա, որ Հայաստանը 2027 թվականին նոր սահմանադրություն ընդունելով կամ սահմանադրական փոփոխություններ իրականացնելով, մեծ հաշվով, պետականության վերակառուցման է գնալու կամ Չորրորդ Հանրապետություն է հիմնադրելու։ Այս տեսակետը կարող է եւ ճիշտ լինել, եթե հաշվի առնենք, որ նոր սահմանադրությունը լինելու է, այսպես ասած, գլոբալիստական։ Այս նկատառումով, կարծում ենք, որ արդեն այժմվանից ճիշտ կլինի, եթե մեկնարկի գործընթաց, որը նոր սահմանադրության մեջ կհստակեցնի նաեւ Հայաստանի իշխանությունների եւ սահմանադրական սուբյեկտներից մեկի՝ առաքելական եկեղեցու հարաբերությունները։ Որքան էլ շատերը համարեն, որ հիմա դրա ժամանակը չէ, սակայն հարցը չափազանց կարեւոր է։ Կյանքը ցույց տվեց, հատկապես 20 թ. պատերազմից հետո, որ Երրորդ Հանրապետության մեջ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների կարգավորումներն այնքան էլ ամուր չեն եղել, ու հիմա, ըստ երեւույթին, խնդիրները, որոնք կան եկեղեցի-իշխանություն հարաբերություններում, այդ ոչ այնքան ամուր եւ ոչ այնքան դետալային ու ոչ այնքան հստակ կարգավորվածության հետեւանք են։
Իրականում, Հայաստանում իշխանությունների եւ ազգային եկեղեցու միջեւ պետք է լինեն հարաբերությունների այնպիսի կարգավորումներ, որոնք կախվածություն չունենան օրվա իշխանություններից կամ օրվա կրոնական վերնախավից ու Վեհափառից, նրանց՝ մեկմեկու հանդեպ ունեցած վերաբերմունքից, քաղաքական, գեոքաղաքական կամ այլ կոնյունկտուրաներից կամ դրանց փոփոխություններից։ Պետք է Հայաստանի իշխանությունների եւ առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների այնպիսի իրավակարգավորում լինի, որը կհստակեցնի բոլոր դետալները` ոսկերչական ճշգրտությամբ։ Այս առումով, կարծում ենք, համաշխարհային պրակտիկայում իշխանություն-եկեղեցի կամ պետություն-եկեղեցի հարաբերությունների լավագույն օրինակը Վատիկանի եւ Իտալիա պետության միջեւ հարաբերությունների համակարգն է, որը կոչվում է Լաթերանյան համաձայնագրեր՝ կնքված Սուրբ Աթոռի եւ Իտալիայի միջեւ, 1929 թվականին։
Ամենեւին պարտադիր չէ, որ Մայր Աթոռը, ինչպես Վատիկանը, դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ (թեեւ դա էլ է հնարավոր), սակայն պարտադիր է, որ Հայաստանում առաքելական եկեղեցու գործունեությունը, ի դեմս Մայր Աթոռի, լինի իրավականորեն այնքան հստակեցված ու կարգավորված, որ ոչ մի հարցուպատասխան չառաջանա կրոնավորների ու Հայաստանի իշխանությունների միջեւ։ Ընդ որում, դա լինելու է ոչ թե դեկլարատիվ, այլ խիստ ռեալիստական եւ վերաբերելու է կրոնական-քարոզչական, կրթամշակութային, ֆինանսատնտեսական գործունեությունից մինչեւ Մայր Աթոռում ծառայող, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ կրոնական կոչում ունեցող անձանց աշխատանքային-իրավական հարաբերություններին։ Մեր կարծիքով, նման կարգավորումն է, որ, մի կողմից, հստակեցնելու ու կայուն ռելսերի վրա է դնելու իշխանություն-եկեղեցի հարաբերությունները՝ բացառելով դրանցում անձերի դերակատարման մասնաբաժինը, մյուս կողմից՝ երկու կողմերին էլ ապահովագրելու է հնարավոր էքսցեսներից ու ֆորսմաժորներից։