Քաղաքականություն

«Հրապարակ». Սրանից ոչ միայն ավտորիտարիզմի, այլեւ տոտալիտարիզմի հոտ է փչում

«Հրապարակ». Սրանից ոչ միայն ավտորիտարիզմի, այլեւ տոտալիտարիզմի հոտ է փչում

Պետությունների ղեկավարները պատասխանատու են ոչ միայն իրենց գործողությունների համար, այլեւ՝ իրենց ընտանիքի անդամների: Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որ պետությունների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են ներկայացրել այն պատճառով, որ իրենց մերձավորը կատարել է գործողություններ, որոնք հասարակության շրջանում բուռն արձագանք ու քննադատություն են առաջացրել, պարունակել կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ եւ այլն: Օրինակ, 2023-ին Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը ստիպված եղավ հրաժարական տալ՝ կոռուպցիոն սկանդալներին իր կնոջ եւ հարազատների ենթադրյալ մասնակցության պատճառով: Նրա կնոջն ու հարազատներին կասկածում էին COVID-19-ի թեստավորման ժամանակ իրականացված յուրացումների մեջ, որոնք ավելացված գներով վաճառվել էին հիվանդանոցներին եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններին: Հետաքննության արդյունքում երկու փոխվարչապետ եւ երկու նախարար հրաժարական են տվել։ 

Հայաստանյան իշխանությունները սիրում են խոսել այն մասին, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, սակայն իրական ժողովրդավարը, ասենք, Էստոնիան է, որի արդարադատության նախարար Կալլե Լաանետը 2024-ի մարտին հրաժարական տվեց՝ իր խորթ որդուց բնակարան վարձելու համար։ Էստոնիայում այս քայլը որակվեց որպես կոռուպցիոն սկանդալ, ինչից հետո նախարարը ստիպված եղավ լքել զբաղեցրած պաշտոնը: Նախարարի շուրջ երկու նախարարական ժամկետների ընթացքում պետությունը վճարել էր նրա վարձավճարները, որոնք կազմում են ավելի քան 12 հազար եվրո: 

Կոռուպցիայի դեմ պայքարի «առաջամարտիկ» ՔՊ-ականները, թերեւս, Էստոնիայից շատ բան ունեն սովորելու: Չնայած Նիկոլ Փաշինյանն ամենաբարձրն է գոռում, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն պարզվում է, որ անգամ նրա կնոջ` Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» կրթարշավի ծախսերը հոգում է պետությունը, այսինքն, հարկատուն՝ իր վճարած հարկերով: Օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ընթացքում պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանին, հայտնել էր, որ վարչապետի կնոջ նախաձեռնությամբ իրականացվող «Կրթվելը նորաձեւ է» արշավին պետական բյուջեից գումար է հատկացվում։ «Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ հստակեցնելու, թե հարկատուների միջոցներից որքան գումար է հատկացվել արշավի իրականացման ընթացքում գնումների կազմակերպմանը։  Ի պատասխան, սակայն, աշխատակազմը չի տրամադրել տվյալները՝ պնդելով, թե FIP.am-ի կողմից հայցվող տեղեկությունը «պետական գաղտնիք է»։ Հետաքրքիր է` Էստոնիայի կամ մեկ այլ առաջադեմ ու իսկապես կոռուպցիայի դեմ պայքարող եվրոպական երկրում ինչ քայլեր կհաջորդեին այն բանից հետո, երբ պարզվեր, որ պետության ղեկավարի կինը որոշել է հարկատուների հարկերի հաշվին ֆորումներ կազմակերպել եւ հանրությանը դասեր տալ: 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոր­ձագետ Վարուժան Հոկտանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հարկատուների հարկերի հաշվին Աննա Հակոբյանի կրթարշավն իրականացնելու համար պետական միջոցներից տրամադրվող գումարներին, նկատում է. «Թե որքանով է այդ քարոզարշավը պետական միջոցներով իրականացնելը ճիշտ, ապա ասեմ, որ այն ոչ էթիկական քայլ է: Այսպիսի քարոզարշավներն ինձ հիշեցնում են իմ երիտասարդ տարիները, իսկ ես, մեղմ ասած, երիտասարդ չեմ: Այս ամենը նման է կոմերիտական ժողովներին, երբ մեզ ստիպում էին գնալ եւ մասնակցել դրանց: Ինչպես այն ժամանակ այդ հավաքներն ունեին կուսակցական բնույթ, այնպես էլ հիմա է: Նման միջոցառումների կազմակերպումը պետական սուբյեկտների գործը չէ, չի կարելի նմանատիպ աշխատանքների ժամանակ ներգրավել պետական այրերի: Սրանից ոչ միայն ավտորիտարիզմի, այլեւ` տոտալիտարիզմի հոտ է փչում, ինչը շատ տհաճ է: Մենք՝ բոլորս էլ գիտենք, որ կրթությունը շատ կարեւոր է, սակայն այն այս մեթոդներով պետք չէ պրոպագանդել` տարատեսակ հանդիպումներ, պետական այրերի ներգրավում եւ այլն: Եթե գտնում են, որ հանրությանը կրթելը պետք է դառնար կրթական քաղաքականության բաղկացուցիչ, ապա ոչ թե վարչապետի աշխատակազմին պետք է ֆինանսներ տրամադրվեին, այլ, օրինակ, ԿԳՄՍ նախարարությանը:

Նախարարությունը կարող էր նման ծրագիր կյանքի կոչել եւ այդ ճանապարհով հասարակությանը նորաձեւ կրթության հնարավորություն տար: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ, առհասարակ, նման բան անելը պետական մարմինների, այդ թվում` ԿԳՄՍ նախարարության կողմից սխալ կլիներ, սակայն եթե վստահ են, որ այդ քարոզարշավը կարեւոր է, խնդրեմ, թող անեն, սակայն ինչո՞ւ վարչապետի արարողակարգային ծախսերի հաշվին»: 

Իսկ ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է այս ամենը պարունակում։ «Ինչպես գիտենք` 2015 թվականին` նախկին իշխանության ղեկավարման շրջանում, դրանից առաջ էլ ձեւականորեն բաց էր, սակայն իրականում փակ էր, ենթաօրենսդրական ակտով փակեցին պետական ծախսերի թափանցիկությունը՝ այն համարելով գաղտնիք: Ես համաձայն եմ, որ գաղտնիության տարրեր որոշակիորեն պետք է լինեն, եւ ամեն ինչի մասին չէ, որ կարելի է հրապարակավ խոսել, օրինակ` ո՞վ է մատակարարում սնունդը եւ այլն, նմանատիպ տեղեկությունները կարող են գաղտնի պահվել, այդտեղ կա անվտանգության ապահովման հարց եւ այլն, բայց դա չի նշանակում, որ ամեն բան պետք է փակ լինի հարկատուի համար: Օրինակ` գնման ընթացակարգն ինչո՞ւ են փակ պահում, կարող են պարզապես չասել, թե որ կազմակերպություններն են մասնակցում, սակայն ընթացակարգերի մասին պետք է խոսվի: Օրինակ` պաշտպանության նախարարության գնումների մի մասը բաց է, ասենք` որքան գումար է ծախսվում սննդի համար եւ այլն: Այսօրինակ տեղեկություններն անվտանգության համար չեն կարող հանդիսանալ սպառնալիք, այլ պետությունների հատուկ ծառայությունները չեմ կարծում, թե այդ կարգի ինֆորմացիան կարողանան ինչ-որ բանի համար օգտագործել։ Այնպես որ՝ կան բաներ, որոնք կարելի է չփակել: Բնական է, որ այն, ինչ փակ է, առաջացնում է հարցեր, կասկածներ` կոռուպցիոն ռիսկերի մասով եւս, թե ինչպես են ծախսվում գումարները: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ «Կրթվելը նորաձեւ է» քարոզարշավը լուրջ տրամաբանված է, ունի ասելիքներ, ապա այստեղ նորից հարց է առաջանում` ինչո՞ւ են գումարները տրամադրվում գաղտնի, եթե մի բան փակվում է, բացվում են կոռուպցիոն ռիսկերը»,- եզրափակեց Վարուժան Հոկտանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image