ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։
Վարչապետին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ ստիպելով խոսել Գյումրու քաղաքապետի դեմ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է։ Պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով, իսկ վերջում էլ՝ թյուրիմացաբար հասնեն էդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի. և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը» ։
Այդ կապակցությամբ քիչ առաջ Վարդան Ղուկասյանը ասուլիս էր հրավիրել՝ պատասխանելով Փաշինյանին։
«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։ 58 մլրդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 մլրդը։ Նրանք պետք է մեր քաղաքին 27 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 մլրդն են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Պետք է դատի տամ նաև նրա համար, որ քաղաքի հատակագիծը հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։ Չեն թողնում, որ երկրում զարգանա փոքր և միջին բիզնեսը, մեծ գործարաններ չեն կառուցում։ Ո՞վ է տեսել, որ պետությունը չթողնի, որ երկիրը զարգանա, մարդիկ շենքներ կառուցել։ Այսիքնն մեր պետությունը բռնանում է երկրի բնականանոն զարգացմանը։ Դուք հասկանու՞մ եք՝ սա ինչ է նշանակում, սա միայն թուրքական պատվեր կարող է լինել»,–ասաց Ղուկասյանը։