Apple TV+-ում տեղի է ունեցել «Գերեզմանատան ճանապարհով՝ դեպի ներքեւ» սերիալի պրեմիերան, որը կինոքննադատներն արդեն հասցրել են անվանել «զուտ անգլիական պարանոյա»։ Այն մասնավոր խուզարկու Զոյա Բյոմի մասին վիպաշարի էկրանավորումն է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Էմմա Թոմպսոնը։ Վիպաշարի հեղինակը Միք Գերոնն է։
Նրան պատկանում է նաեւ «Դանդաղընթաց ձիերը» գիրքը, որը, ի դեպ, գրվել է դեռ 2003 թվականին։ Apple-ում թերեւս կենտրոնացած են այս հեղինակի վրա։ Ոչնչով աչքի չընկնող, ինչպես ասում են՝ «դժգույն մկնիկ» համարվող Սարա Թաքերի (կերպարը մարմնավորել է Ռութ Վիլսոնը) եւ նրա ամուսնու՝ հավակնոտ գործարար Մարկի (մարմնավորել է Թոմ Ռայլին) տանը, որն աշխատում է որպես ռեստավրատոր, կարեւոր հյուրերի են սպասում։ Մարկն ուր որ է խոշոր գործարք է կնքելու եւ իր տուն է հրավիրել ապագա հաճախորդին։ Ամեն բան պետք է լիներ բարձր մակարդակով։ Սակայն Սարան չի կարողանում այդ «առաջադրանքը» կատարել․ լազանիան վառվում է, իսկ որպեսզի բարձրաշխարհիկ զրույց ընթանա, հրավիրել է երբեմնի բոհեմական կյանքով ապրած իր հարեւանուհուն եւ նրա ամուսնուն, ովքեր, մեղմ ասած, ամուսիններին «խայտառակ են անում» իրենց էթիկայից դուրս պահվածքով։ Զրույցը ոչ մի կերպ չի ստացվում։ Երեկոյի ընթացքում ուժգին պայթյուն է լսվում։ Հյուրերի դեմքին են թռչում լուսամուտի ջարդուփշուր եղած ապակիների կտորները։ Պայթել էր դիմացի մայթի տունը։
Դուրս թռչելով տնից՝ Սարան տեսնում է, թե ինչպես են դեպքի վայրին մոտենում արտակարգ իրավիճակների ծառայությունների մեքենաները, ու փրկարարներն ինչպես են փլատակներից դուրս բերում մի աղջիկ երեխայի, որին այդ օրը հանդիպել էր տուն վերադառնալու ճանապարհին։ Աղջնակն այդ ժամանակ համարյա ընկնում էր իր հեծանիվի տակ։ Պարզվում է, որ միջադեպից հետո աղջնակը որբացել է։ Փորձում է հիվանդանոցում տեսակցության գնալ երեխային, սակայն տարօրինակ բաներ են սկսում կատարվել։ Բժիշկները մերժում են երեխային տեսակցելը։ Վարձում է մասնավոր խուզարկու, որպեսզի հասկանա, թե ինչ խնդիր կա, ինչու թույլ չեն տալիս մտնել երեխայի մոտ։ Հաջորդ օրը պարզվում է, որ խուզարկուն ինքնասպան է եղել։ Այդ ընթացքում էլ երեխան է անհետանում հիվանդանոցից, հետո արդեն պատահարի լուսանկարներն են անհետանում տեղական պարբերականի կայքից։ Ու այդ ճգնաժամային պահին էլ գործը վերցնում է Զոյա Բյոմը։ Նա չի հավատում խուզարկուի ինքնասպանությանը եւ սկսում է սեփական հետաքննությունը։ Դիտեք ֆիլմը՝ շարունակությունն իմանալու համար։