Հարցազրույց

Ի թիվս անծայրածիր այլ սխալների` ՀՀ իշխանությունն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը խուսափել են Հանրապետականների հետ շփվելուց

Ի թիվս անծայրածիր այլ սխալների` ՀՀ իշխանությունն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը խուսափել են Հանրապետականների հետ շփվելուց

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասաց, որ ԱՄՆ նահանգների մոտավորապես 90 տոկոսն է ներկայացրել թվերը, Թրամփի հաղթանակի մասին տեղեկությունները դեռ վերջնական չեն, սակայն ըստ ամենայնի՝ Թրամփը կդառնա ԱՄՆ նախագահ՝ հավաքելով բավարար չափով ընտրողների ձայներ։ 

-Ի՞նչ տեղի կունենա Հայաստանում Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

-Շատ բարդ հարց է, կախված է նրանից, թե Հայաստանն ինչ է ուզում ԱՄՆ-ից եւ հենց Հանրապետական վարչակազմից։ Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը վերջին տարիներին Հանրապետականների հետ բացարձակ չի ցանկացել աշխատել, չի աշխատել, կամ էլ կիսատ է աշխատել։ Նույնիսկ այս պարագայում, կարծում եմ, որ հայ համայնքը, լոբբիստները եւ մեր եկեղեցին պետք է աշխատենք նոր ընտրված Հանրապետական իշխանությունների հետ։

-Իսկ Թրամփն, ըստ Ձեզ, ինչպե՞ս է տրամադրված Հայաստանի նկատմամբ։

-Անձամբ որեւէ տրամադրվածություն դժվար թե ունենա, բայց իր թիմում կան մարդիկ, ովքեր շատ լավ տեղեկացված են հայկական խնդիրներից, հայերի մասին ունեն իրենց պատկերացումները, այդ մարդիկ Թրամփի նեղ շրջապատում են։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք ճիշտ աշխատել Թրամփի վարչակազմի հետ։ Անակնկալ չէր Թրամփի հաղթանակը` 50-50 էր։ 

-Դատելով Թրմափի եւ Պուտինի լավ հարաբերություններից՝ ԱՄՆ նոր նախագահը կփորձի՞ կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։

-Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին Թրամփն այդ հարցին կանդրադառնա եւ կպատասխանի, որովհետեւ դա սկզբունքային հարց է նրա համար։ Բազմիցս հայտարարել է, որ պատերազմը շատ արագ վերջացնելու է` եթե նախագահ դառնա։ Սպասենք։ Նախագահ եղած ժամանակ Թրամփը շատ նորմալ վերաբերմունք ուներ ռուսական կողմի նկատմամբ։ Իհարկե, խնդիրներ կային իր ընտրություններում ռուսների հնարավոր ներգրավման մասով, բայց մեծ հաշվով կարծում եմ, որ կարողացավ հաղթահարել, եւ նորմալ հարաբերություններ կառուցել։ Ամբողջ եվրոպական անվտանգության համակարգի համար նոր ժամանակներ են բացվում։ Մտածում են` ինչպես պետք է վարվեն, եթե Թրամփը որոշի կրճատել ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի ֆինանսավորումը։ Այս խնդիրները հիմա ամենաշատն են հետաքրքրում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, հիմա տեսնենք, թե Թրամփը որքան հեռու կգնա այս ծրագրերը իրականացնելու ճանապարհով։ 

-Արդյոք հնարավո՞ր է՝ Թրամփի նախագահ դառնալուց եւ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելուց հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ տեղի ունենան, այդ թվում՝ իշխանափոխություն:

-Դա կախված է նրանից, թե ԱՄՆ-ն որքան կշարունակի ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում, եթե չշարունակի, ապա Ռուսաստանը հաստատ կփորձի վերադառնալ Հարավային Կովկաս, ամերիկյան ակտիվությունը կփոխարինի ռուսական ակտիվությամբ։

-Թրամփի կառավարման ժամանակահատվածում ակնհայտ էր, որ նա հետաքրքրված չէ Հարավային Կովկասով, այդ քաղաքականությունը հնարավո՞ր է շարունակվի, ի նպաստ Հայաստանի կլինի՞ որեւէ փոփոխություն։

-Իհարկե, դա կար, բայց պետք է նաեւ նկատենք, որ Թրամփի շրջապատում կան մարդիկ, ովքեր եղել են Հայաստանում եւ Արցախում, ուստի կարծում եմ, որ այդ մարդիկ իրեն ինչ-որ բաներ հուշել են։ Իր վերջին գրառումներն ու ուղերձները հենց դրա մասին են։ Ես նաեւ գրել էի, որ վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ և վստահ եմ` Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում: Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով` նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:  Ի թիվս անծայրածիր սխալների, մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա Հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններն են, որտեղ Հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա: 

Ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփը գրառում էր արել Արցախի վերաբերյալ.  «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում, բայց կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու, այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image