Ռուսաստանի հայերի միությունը հայտնել է Ռյազանում հայրենակիցների զանգվածային ձերբակալությունների մասին, հաղորդում է rusarminfo-ն։
«Իսկապես, ինչ-որ հետապնդում է ընթանում. Աշխատանքից, սրճարաններից, ռեստորաններից բերման են ենթարկում, այդ թվում՝ կանանց, եթե նրանք ազգությամբ հայ են։ Բերում են բաժանմունք, այնտեղ ոչինչ չեն անում․․․Ձայնագրում են, մատնահետք վերցնում եւ բաց թողնում, բայց դա մասսայական է դարձել»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Նա պատմել է, որ իրեն հաջողվել է պարզել Ռյազանի իրավապահների գործողությունների դրդապատճառները՝ ընդգծելով, որ Ռյազանում իրավիճակն ունի իր նախապատմությունը եւ կոնկրետ նախաձեռնողներ՝ ի դեմս Ռյազանի շրջանի Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Ալեքսեյ Բիրյուկովի եւ փոխոստիկանապետ Դենիս Գրիբանովի:
Ռյազանի մարզի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ալիխանյանը նշել է նման վայրագությունների պատճառները։
«Ինչպես բացատրել են համայնքի ղեկավարությանը, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ երեք հայերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Կենցաղային վեճի ժամանակ սրճարանում կռվել են Ուզբեկստանի քաղաքացիների հետ»,-նշել է Ալիխանյանը։
Ըստ որոշ տեղեկությունների․ դանակահարություն է եղել, իսկ երեք հայ երիտասարդները դիմել են փախուստի։ Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկված հայերից պահանջում են ասել, թե որտեղ են գտնվում փախուստի դիմած հայերը՝ նրանց մեղադրելով հանցագործներին թաքցնելու մեջ։ Որոշ հայեր, բռնության ենթարկվելու մտավախություններից ելնելով, ստիպված օրեր շարունակ փակ են պահում իրենց հաստատությունները։
Նշվում է նաև, որ տեղի հայ համայնքի ղեկավարությունը մտադիր է դիմել գերագույն դատարան, քանի որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են բացառապես պայմանավորված իրենց ազգային պատկանելության հետ։