Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեռ ապրիլքսանչորսյան ուղերձ չի հղել, բայց Թուրքիայում արդեն հայտարարում են, որ 1915-ի իրադարձությունները չեն կարող կոչվել «ցեղասպանություն»:
«1915-ի իրադարձությունները չեն կարող կոչվել «ցեղասպանություն»: Միջազգային իրավունքի տեսանկյունից սրա պատճառը չկա», - հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի [խորհրդարանի] նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Նա շեշտել է, որ եթե «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհիմն մեղադրանքներ հնչեցնի [1915-ի իրադարձությունների մասին], ապա Ջո Բայդենի խոսքերն այդպես էլ կմնան քաղաքական հայտարարություն, որը չունի իրավական ուժ»:
Թուրքական օրենսդիր իշխանության ղեկավարի խոսքերով՝ 2021 թվականին ԱՄՆ իշխանությունների քաղաքական դիրքորոշումն «արտացոլում է փոփոխությունները ոչ թե այս հարցում Վաշինգտոնի մոտեցումների էության մեջ, այլ միայն ցույց է տալիս Սպիտակ տան նոր վարչակազմի դիրքորոշումը»:
«1915-ի իրադարձությունների վերաբերյալ հայերի հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն պատմական իրողությունների հետ: Այլ երկրներին աղավաղված պատմություն պարտադրելու փորձերը ստվեր են գցում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ցանկության վրա», - նշել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ եթե Թուրքիայում հետևեն «պատմությունը խեղաթյուրող և քաղաքականացված որոշումներ կայացնող երկրների օրինակին, գուցե նույնիսկ անհրաժեշտ լինի Միացյալ Նահանգների պատմության վերաբերյալ որոշումներ կայացնել ամբողջ օրենսդրական մեկ տարվա ընթացքում: Քանի որ Միացյալ Նահանգները ամենալղոզված պատմություն ունեցող երկրների շարքին է դասվում»: