Ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի ուրախալի լուր կա հայության համար Կիլիկիայի երկրաշարժի խառնաշփոթի եւ ողբերգության մեջ: Իհարկե, Հայաստանում էլ կարող են գտնվել բազմաթիվ մարդիկ, ովքեր, անկախ թուրքական պետության հանդեպ վերաբերմունքից, ցավում, կարեկցում են զոհերին, սակայն հայերի մեծամասնությանը հուզողն ու հետաքրքրողն այդտեղ վստահաբար այն է, որ հայկական մշակութային ժառանգությունը վնասված չլինի:
Այս առումով կան ուրախալի լուրեր. առաջինը` Տիգրանակերտի պարսպից ինչ մնացել էր, գրեթե չի վնասվել:
Ովքեր Հայաստանից եղել են Տիգրանակերտում, կարծում եմ, քաղաքի կենտրոնական` Սուրի շրջանը բոլորող պարսպի կանգուն մնացած հատվածը տեսած կլինեն: Դա մոտ մեկ մետր հաստությամբ, մեկ մետր բարձրությամբ եւ հարյուրավոր մետրերով (եթե ոչ կիլոմետրերով) ձգվող շինվածք է` սեւ սալաքարով կերտված:
Ես Տիգրանակերտում եղել եմ հենց Սուրի շրջանում՝ 2015-ի ապրիլի 23-ին. այնտեղ էի Սուրբ Կիրակոս եկեղեցում հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի ու ոգեկոչման արարողության կապակցությամբ: Սակայն հիշում եմ, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին ինձ վրա այդպիսի տպավորություն չգործեց, այդպիսի ձգողականություն չուներ, ինչ այդ պարիսպը: Կան վայրեր, որտեղ կանգնում ես, եւ ուղղակի արյունդ ձգում է, նույնիսկ չգիտես, թե ինչպես, բայց գիտես, որ ինքդ դրա հետ արյան կապ ունես: Այն ժամանակ մտածեցի՝ երեւի Տիգրան Մեծի կառուցած ամրոցի պարսպից մնացած հատված է, որ այդպես ձգում է:
Ավելի ուշ պարզեցի, որ դա Տիգրան Մեծի կառուցած պարիսպը չէ, այն, ինչ այսօր տեսնում ենք, կառուցվել է Տիգրան Մեծից մի քանի դար առաջ, բայց կառուցել են դարձյալ հայոց արքաները` Երվանդունիները: Հետագա դարերում նաեւ հռոմեացիների կողմից ներկայիս ամրոցն է կառուցվել, բյուզանդացիների կողմից բազմիցս ամրացվել, նորոգվել են թե՛ պարիսպը, թե՛ ամրոցը, բայց առաջինը պարիսպը բարձրացրել են հայոց արքաները: Այնպես որ, արյան կանչը չէր սխալվում… Եվ այս օրերին շատ ուրախ էի, երբ թուրքական ու միջազգային լրահոսից հասկացա, որ Տիգրանակերտի պարսպին ոչինչ չի պատահել, չնայած շուրջբոլորը որքան ասես՝ շենքեր են փլուզվել:
Երեկ պարզ դարձավ, որ, փառք Բարձրյալին, Սուրբ Կիրակոս եկեղեցին էլ վնաս չի կրել: Հիմա Պոլսո հայոց պատրիարքարանը եկեղեցու դռները բացում է երկրաշարժից անօթեւան դարձած մարդկանց ժամանակավորապես պատսպարելու համար: Ի դեպ, հայկական լրատվամիջոցներում շաբաթվա ընթացքում հրապարակումներ պատահեցին, թե իբր ներկայիս Կիլիկիայում «ալեւի» անվան ներքո այնքան հայություն է ապրում, որ կարելի է հայության մարդկային կորուստների մասին խոսել: Ի սե՜ր Աստծո…
Երզնկայում, Դերսիմում, նույնիսկ Վանում, Մուշում, Բիթլիսում կարող է այսօր կրոնափոխված հայություն լինել, նաեւ ալեւիների, զազաների թվում, բայց Կիլիկիայում այդպիսի զանգված չկա: Ես կարող եմ վկայել, որ 2015-ի ապրիլի 23-ին բովանդակ Արեւմտյան Հայաստանի տարածքում` Միջերկրական ծովից մինչեւ Արարատի ստորոտ, Կիլիկիայից ու Կապադովկիայից մինչեւ Տրապիզոն ու Իգդիր միակ վայրը, որտեղ հայություն էր հավաքված՝ Մեծ եղեռնի տարելիցը նշելու, Տիգրանակետի Սուրբ Կիրակոս եկեղեցին էր: Այդ իրադարձության համար անգամ Պոլսից ու Սիրիայից էին հայեր ժամանել: Նաեւ Տիգրանակերտի քրդական իշխանություններն էին ներկա: Հետեւաբար, համարյա բացառված է, որ Տիգրանակերտում այդ օրը հայեր գտնվեին, որ Սուրբ Կիրակոս եկեղեցում չլինեին. անգամ սայլակով մարդիկ կային, ծեր մարդիկ կային: Իսկ բոլոր ներկաները կանգնած էին եկեղեցում, եւ այդտեղ 1000-1500 մարդ ֆիզիկապես հազիվ լիներ, ներառյալ ժամանած հյուրերը եւ քրդական իշխանության ներկայացուցիչները: Այսինքն՝ ի՜նչ հայության մարդկային կորուստների մասին են դատարկախոսում: Մի քանի հայ կարող է, իհարկե, ամբողջ Կիլիկիայի տարածքում զոհված լինել, բայց դա հարյուր հազարավոր զոհերի մեջ ի՞նչ թիվ է:
Ինչու եմ ասում` հարյուր հազարավոր զոհերի, երբ թուրքական իշխանությունները դեռ մոտ 20-25 հազար զոհի եւ 80 հազար վիրավորի մասին են հայտարարել: Նախ, որքան կարելի է հասկանալ, այդ հայտարարվող թիվն այն հանգուցյալների թիվն է, որոնց ինքնությունը հաստատվել է, իսկ մնացյալ աճյունները փլատակների տակ են, եւ Աստված գիտե, թե երբ դուրս կբերվեն կամ առհասարակ դուրս կբերվե՞ն:
Ուղղակի Էրդողանի կարգի՝ գիտակցությունը մթագնած վիճակում է հնարավոր, որ մի կողմից պետության կողմից պաշտոնապես հայտարարվի, թե 11 հազար շինություն է փլուզված` դեռ միայն քաղաքներում, մյուս կողմից չկարողանան հաշվել, որ այդ շենքերի բացարձակ մեծամասնությունը չի կարող բնակելի շինություն չլինել` յուրաքանչյուրը նվազագույնը մի քանի տասնյակ բնակարանով, դրանք էլ՝ ընդարձակ յոթ-ութ հոգանոց թուրքական-քրդական ընտանիքներով: Այսինքն՝ 11 հազար փլուզված շենքերում նվազագույնը մեկ-երկու միլիոն մարդ է եղել, երբ երկրաշարժը հարվածել է: Եվ մարդկանց ո՞ր մասն է կարողացել շենքերից դուրս գալ: Հատվածներ կան` մանավանդ Մարաշում ու Անտիոքում (BBC-ն ուղիղ միացումներով ցույց էր տալիս), բնակելի թաղամասերն այն կարգի են փլուզվել, որ մի քանի տասնյակ շենքեր մեկ ընդհանուր փլատակի են վերածված, ոչ մի առանձին շենքի պատ-հիմք չի զանազանվում: Ասես վերջում լավա ժայթքած լինի եւ ամեն ինչ միախառնած, ծածկած: Այդտեղ ողջ մնացած մա՞րդ գոյություն ունի: Ահռելի փլատակներ կան սփռված, որոնց մոտ մարդիկ անգամ չկան հավաքված, ոչ ոք ողջ չի մնացել շենքից, որ մահացածի փնտրի:
Անտիոքում, ցույց էին տալիս, ամբողջ քաղաքը քանդված է, եթե հատուկենտ շենքեր էլ դեռ կանգուն են, ապա Պիզայի աշտարակի չափ թեքված։ Այնպես որ, երբ Էրդողանը Մարաշում չորեքշաբթի օրը ցնդաբանում էր, թե մեկ տարում Մարաշ կվերականգնի` մեկ տարում ավերակներն անգամ հավաքած չեն լինի: Հասարակ մարդիկ իրենից հասկացող են, որ տեսախցիկների առջեւ աղաղակում էին. “Marash is finished”: Այո, Աստված է վկա, որ Մարաշը վերջացած է… բայց այն վերջացած է թուրքերի եւ քրդերի համար: Եվ ով գիտե` արդյո՞ք Կիլիկիայում Աստծո տնօրինությունը չեն այն փլուզումները, որ տեսնում ենք` մինչեւ Անտիոք ու Եդեսիա, Նեմրութ լեռ ու Ադանա, Կապադովկիա ու Շամշատ: