Ցավով կարդացի «Թրանսփարենսի Ինտերնեշնել» հակակոռոպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հարցազրույցը:
Վարուժանին միշտ համակրել եմ և շատ հարցերում եղել ենք համախոհներ։ Բայց, այնպես ինչպես Վարուժանն է պատասխանում լրագրողի՝ այսօրվա մեր ողբերգությանը վերաբերող հարցերին, ոչ միայն անսպասելի, այլև, մեղմ ասած, ահավոր հիասթափեցնող է։
Լրագրողի հարցերը վերաբերում են Ադրբեջանի հարձակմանը, գերիներին, ՄԱԿ-ի առաքելության զեկույցին, ինչպես նաև քաղհասարակության, որի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է «Թրանսփարենսի Ինտերնեշնըլը», պասիվության պատճառին։
Եվ ի՞նչ․․․ Պարզվում է, Վարուժանը որոշում կայացնողներից չի և առաջարկում է հարցն ուղղել որոշում կայացնողներին։ Այսինքն, «Թրանսփարենսի Ինտերնեշնել» ՀԿ-ում որոշումների ընդունմանը կազմակերպության անդամները, ծրագրերի ղեկավարները չեն մասնակցում։ Կեցցե՛, հայտնի ՀԿ-ի ներքին ժողովրդավարությունը։ Այնուհետև, Վարուժանն արդարանում, չքմեղանում է, ասելով, որ իրենք իրավապաշտպաններ չեն և առաջարկում է, որ քաղհասարակության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը խոսի իր ոլորտի մասին։ Ծափահարություններ։
Լավ, Վարուժան, ընդունենք, որ քեզ ներկայացնող կազմակերպությունը իրավապաշտպանական չի, ուստի դու էլ իրավապաշտպան չես։ Քո երկաթյա տրամաբանությամբ, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, թքած ունենալով երկրի, ժողովրդի, հայրենակիցների ճակատագրերի վրա։ Իսկ Արցախի, մեր ժողովրդի գլխին եկած ողբերգության մասին պետք է միայն խոսեն և մտածեն իրավապաշպաննե՞րը։ Լավ, բա դու հայ չե՞ս, մարդ չե՞ս, սիրտդ ու հոգիդ չե՞ն ցավում։ Թե՞ դուք բոլորդ հետևում եք ձեր կազմակերպության նախկին ( նախկի՞ն) անդամներ , ՔՊ-ական երջանիկ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի, որն այսօր առատորեն օգտվում է իշխանական կոռուպցիայից և հայրենի ծննդավայր Արցախն ուրացած, եւ նույնպես երջանիկ դեմքով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ցուցումներին։
Համոզված եմ, որ՝ այո։ Հակառակ դեպքում, որպես հակակոռուպցիոն ՀԿ, երկրում կատարվող հազարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին հայտարարություններով ողողած կլիենիք լրատվամիջոցները։
Թվարկե՞մ, թե՞ դու շատ ավելի լավ գիտես։ Հաա՜, մոռացել էի, ցուցումները ստանում է ՀԿ-ի ղեկավար Սոնա Էյվազլիյանը, իսկ դուք որոշում կայացնողներ չեք, այլ միայն հնազանդվողներ։ Հնազանդվողներ, հանուն ինչի՞․․․
Ավետիք Իշխանյան