Հասարակություն

«Հրապարակ». Դատախազությունում նայել են «զոն նայողների» ծննդյան օրերի տեսագրությունները

«Հրապարակ». Դատախազությունում նայել են «զոն նայողների» ծննդյան օրերի տեսագրությունները

Դատախազության 2024 թ․ հաշվետվության մեջ բավականաչափ տվյալներ կան, որոնք վկայում են, թե ինչ դժոխային իրականություն է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում: Նախ, կարելի է ասել, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում: Վերասոցիալականացման գնահատման միավորային համակարգը, որն իբր պետք է օգներ օրինակելի դատապարտյալներին՝ ազատության մեջ հայտնվել, ձախողված է: Դատապարտյալների դիմումները հիմնականում մերժվում են, բողոքարկման դիմումները չեն բավարարվում: Դատախազների կողմից 2024-ի ընթացքում, ըստ վիճակագրության,  բերվել է 58 վերաքննիչ բողոք՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, որից բավարարվել է ընդամենը 10-ը: 

Հետաքրքիր է, որ որոշակի փոփոխություն է եղել դատախազ-դատավոր դերերում: Նախկինում հսկող դատախազներն էին խոչընդոտում դատապարտյալների ժամկետից շուտ ազատմանը, այժմ՝ դատարանները: Հատկապես վատ վիճակում են ցմահները՝ վերջին 6 տարում, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 4 ցմահ է ազատություն ստացել: Ինչո՞ւ: 

«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասում է. «Իմ տպավորությամբ, կա քաղաքական որոշում՝ որեւէ մեկին չազատել վաղաժամկետ: Բազմաթիվ մարդիկ պարբերաբար դիմում են, եւ բոլորը մերժվում են: Փաստորեն, այդ 4 դեպքը 6 տարվա մեջ՝ նույնիսկ դա է զարմանալի: Այն գործերով, որ մեր կազմակերպության փաստաբանները զբաղվել են, ես ոչ մի դեպք չեմ հիշում, որ ցմահ դատապարտյալին ազատ արձակեն վաղաժամկետով, ոչ էլ իրենց ռեժիմի փոփոխության դիմումով: Ես՝ ինքս, ներկա եմ եղել դատական նիստի եւ տեսել եմ, թե ինչ վիրավորական ձեւով են վարվում դատարաններում նրանց հետ՝ նրանց դիտելով որպես հանցագործների, հաշվի չառնելով ո՛չ նրանց դրական բնութագրերը ՔԿՀ-ից, պրոբացիոն ծառայությունից, ո՛չ այն, որ նրանք երկար վերասոցիալացման գործընթաց են անցել»: Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ այդ նույն դատախազության ապօրինի մեղադրանքներով դատապարտված մարդիկ կան: Մենք միշտ պետք է հիշենք, թե ինչ չկայացած դատական համակարգ ունեինք, երբ կայացվել են ցմահ ազատազրկման դատավճիռներ: Նրանց մեջ նույնիսկ անմեղ դատապարտված անձինք կան, բայց դատախազությունը շարունակում է պաշտպանել իր ապօրինի մեղադրանքները: ՔԿՀ-ներում, ըստ դատախազության  հաշվետվության, ծանր հիվանդներին եւս չեն ազատում: Պատիժը կրելուց ծանր հիվանդության պատճառով ազատելու վերաբերյալ բերված բողոքներից ոչ մեկը չի բավարարվել: 8 բողոք է եղել: Այս վիճակագրությունը կալանավայրերում տիրող դաժանության պարզ արտացոլումն է: 

Քրեակատարողական ծառայությունը հաճախակի հաղորդում է տարատեսակ խուզարկությունների, բջջայիններ եւ այլ արգելված իրեր առգրավելու մասին: Թե որտեղ են հետո դրանք հայտնվում, ՔԿԾ-ն լռում է: Լուրեր կան, որ այդ իրերը հետո արագ վերադառնում են խցեր, որոշակի գումարի դիմաց: Դատախազության հաշվետվությունն անուղղակի հաստատում է այդ խոսակցությունները: Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում դատախազությունը հայտնաբերել է ձեւավորված աշխատանքային պրակտիկա, երբ առգրավված հեռախոսները, բաժանորդային քարտերը, համացանցի տարածման (wifi) սարքերը եւ այլն, հետ են վերադարձվել: «Մինչդեռ, քրեակատարողական օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշմամբ նման կարգավորումներ նախատեսված չեն»,- ասված է հաշվետվությունում:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը եւս հաջող չի ընթանում:  Դատախազությունն «Արմավիր» եւ «Վանաձոր» ՔԿՀ-ների ղեկավարությունից պահանջել է «հեղինակությունների» ծննդյան օրերի եւ Ամանորի տեսագրությունները, եւ բացահայտել են, որ այդ օրերին «քրեական ենթամշակույթին հարող անձանց» խցերում բաց կերակրադռնակներին խմբերով անձինք են մոտենում, անարգել հանձնուքներ են փոխանցում, խցերի մոտ մարդկային կուտակումներ են առաջանում: ՔԿՀ-ի մասնաշենքում պահվող շուրջ 105 անձ հերթով, երբեմն 4-5 անձից բաղկացած խմբերով մոտեցել են «զոն նայողի» խցին: «Նկարագրված գործողությունները կատարվել են ՔԿՀ իրավասու պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ոչ միայն այս խախտումները կանխելու կամ խափանելու ուղղությամբ որեւէ միջոց չեն ձեռնարկել, այլեւ իրենք են մոտեցել հիշյալ խցերին, վերցրել եւ փոխանցել հանձնուքը»,- գրում է դատախազությունը` արձանագրելով «անգործություն»` «ՔԿՀ 151 ծառայողները զերծ են մնացել իրենց օրինական պարտականությունները կատարելուց»: 

Ի՞նչ խմբերի մասին է խոսքը: ՔԿՀ հաճախ այցելող փաստաբան Հակոբ Ճարոյանը պատմում է, որ դատապարտյալների թվում կան մարդիկ, որոնք ցանկանում են բարձր միավորներ ունենալ եւ աշխատանքներ են կատարում կալանավայրում: Դրա մեջ մտնում է քրեական ենթամշակույթ կրողների խցերում հանձնուքի բաշխումը: «Հանձնուքը ընդունման կետից հատուկ կալանավորները ստանում են, տալիս նրանց: Բերդ նստածները սովորաբար պայմանավորվում են, թե այսինչ օրը ում են բերելու: Դրա համար էլ կերակրադռնակները բաց են: Սա առանձնապես մեծ խախտում չէ: Ավելի լավ է՝ դատախազությունը մտածի այն մասին, որ կալանքի որոշումներն այնքան շատ են, որ քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա, նրանք հրաժարվում են ընդունել նոր կալանավորների: Արդյունքում, ասենք, Երեւանի բնակիչներին, որոնց դատն այստեղ է, տանում, հասցնում են Վանաձոր, կան դեպքեր, երբ նրանց 2 օրը մեկ հարցաքննությունների են բերում Երեւան: Լավ կլինի, որ դատախազությունը սրա մասին մտածի»,- ասում է փաստաբանը: 

Դատախազության միջնոր­դություններից հետո ծառայողական քննություններ են անցկացվել, եւ 13 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի, այդ թվում՝ 1 անձի ծառայությունը դադարեցվել է:

Դատախազությունն ուսումնասիրել է նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորվածների կամ դատապարտյալների անձնական կամ խցերի խուզարկության, հագուստի եւ իրերի զննման ժամանակ վերցված եւ ՔԿՀ վարչակազմին ի պահ հանձնված առարկաների, իրերի, դրամի «պահման ու տնօրինման համապատասխանությունը գործող քրեակատարողական օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջներին»: Արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում այդ իրերն ու սարքերը «պահվող անձի դիմումի հիման վրա» հանձնվել են դիմումում նշված անձանց: Մինչդեռ, նման կարգավորումներ նախատեսված չեն:

«Նուբարաշեն» եւ «Աբովյան» ՔԿՀ-ների դատապարտյալներն էլ բողոքել են սննդի որակից, ստուգումներ են իրականացվել, եւ Սննդամթերքի անվտանգության մարմինն  արձանագրել է, որ մատակարարված սննդի նմուշները չեն համապատասխանել պայմանագրով նախատեսված բնութագրի պահանջներին: Ուսումնասիրելով հիվանդ դատապարտյալների բողոքները՝ դատախազությունը հայտնաբերել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման կողմից պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում նրանց չի տրամադրվել: «Արմավիր» ՔԿՀ-ում, օրինակ,  բժշկական մասնաշենքում պահվել են անձինք, որոնք դրա կարիքը չեն ունեցել:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image