Շատ զավեշտական է խոսքի կուլտուրայի մասին ճառեր լսել մեկից, ով 6 տարվա ընթացքում այնպիսի բառամթերք է կիրառել և այնքան է խախտել էթիկայի նորմերն ու մյուս բոլոր նորմերը, որ կարելի է այդ մասին հատորներ գրել: Հավանաբար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, ասֆալտ լիզել տալու մասին սպառնալիքները կոմպլիմենտներ էին` ուղղված իր թիրախներին: Որ երբ մի ամբողջ խավի` դատավորներին, ասում էր «պատերի տակ վնգստացողներ», ոչ թե շան հետ էր նրանց համեմատում, այլ գովաբանում էր: Իսկ երբ դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների մասին ասում էր «կոշիկ լիզողներ», կատակ էր անում: Դե իսկ նախկիններին «շինելու», ինչ որ բան թափ տալու, գլխի ու գլխի տղայի մասին տգեղ հոխորտանքները իր բարեկրթության և դաստիարակվածության մասին են վկայում:
Այնքան, ինչքան այս տարիներին իջեցվել է քաղաքական բանավեճի կուլտուրան, թե ինչքան է պաշտոնյաների և քաղաքական գործիչների լեքսիկոնը նմանվել ֆայլաբազարում կանգնած սևագործների բառապաշարին` այն էլ, երբ մոտակայքում կին չկա, երբեք չի եղել: Եվ այս «ձեռքբերման» համար մենք մեծապես պարտական ենք հենց իրեն` կառավարության նիստում խոսքի կուլտուրայի մասին դասախոսություն կարդացող անձին: