Հասարակություն

Միքայել Մելքումյանին կանչել են դատախազություն. նրա անշարժ գույքի ցանկը «կիլոմետրանոց» է

Միքայել Մելքումյանին կանչել են դատախազություն. նրա անշարժ գույքի ցանկը «կիլոմետրանոց» է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը, ըստ դատախազության, ծպտյալ օլիգարխ է, նրա անշարժ գույքի ցանկը, ըստ որոշ աղբյուրների, «կիլոմետրանոց» է, այդ թվում՝ բնակարան Երեւանում եւ Իսպանիայի Սալոու քաղաքում, ինչպես նաեւ մեկ շինություն միանձնյա սեփականության իրավունքով՝ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում եւ այլն: 

Նախկին պատգամավորը բազմաթիվ տարածքներ ունի, որոնք հանձնել է վարձակալության։ Տարիներ շարունակ Մելքումյանը եկամուտ է ստացել վարձակալության դիմաց՝ «Բելենս Շիթ», «Ջի Էս Քոմփանի», «Էսպերտ ՍՎՍ», «Ֆաստ Տրանս», «Բիթկոդ Լաբ», «Մադոյան» եւ «Մայրո» ՍՊԸ-ներից։ 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազություն են հրավիրվել Մելքումյանը եւ նրա մայրը՝ Գրետա Սահակյանը, ով նույնպես` գույքի սեփականատեր է։ Նրանց առաջարկել են հիմնավորել գույքի ծագման օրինականությունը:
Ուղարկված ծանուցագրի մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ 

Թեպետ դատախազությունից չեն հայտնում, թե որքան գույքի վերաբերյալ է ուսումնասիրություն կատարվել, սակայն մենք տեղեկացանք, որ խոսքը հենց այն տարածքների մասին է, որոնք Մելքումյանը տարբեր ընկերությունների տվել է վարձակալությամբ։ 

Ի դեպ, տարբեր աղբյուրներ հայտնում են, որ նա տարածքներ ունի նաեւ Պուշկինի փողոցի վրա, որտեղից ամսական մոտ 50 հազար դոլարի չափով գումար է ստանում` վարձով տրված տարածքների դիմաց։ 

«Հրապարակ»-ը փորձեց կապ հաստատել Միքայել Մելքումյանի հետ, լսելու նաեւ նրա մեկնաբանությունը՝ Դատախազության ուսումնասիրության վերաբերյալ, նա առաջին անգամ պատասխանեց զանգին՝ նշելով, թե դասախոսության է, զանգահարենք 40 րոպեից, այնուհետեւ մեր տասնյակ զանգերը մնացին անպատասխան։ 

Նշենք, որ, ըստ հայտարարագրի, Միքայել Մելքումյանը եկամուտ է ստացել նաեւ «Ամերիաբանկ»-ից, «Արդշինբանկ»-ից` փոխառությունների դիմաց։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image