Քաղաքականություն

Գյումրեցին, վերջիվերջո, ինչ ընտրություն կատարեց

Գյումրեցին, վերջիվերջո, ինչ ընտրություն կատարեց

Կիրակի տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների դեռեւս նախնական արդյունքները, իհարկե, կարող են որոշ փոփոխություններ կրել, սակայն գլոբալ փոփոխություններ դժվար թե լինեն, հատկապես որ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն շնորհավորել է ընտրություններում հաջողություն գրանցած ուժերին, այսինքն, ժողովրդի լեզվով ասած՝ «պեչատել է»։ Այդուհանդերձ, հիմք են տալիս մի շարք արձանագրումներ կատարելու։ Եվ այսպես.

• Մարտի 30-ի ավագանու ընտրությունները Գյումրիում ցույց տվեցին, որ Գյումրին անհատականությունների քաղաք է։ Գյումրիում կարող է հաջողություն ունենալ այն քաղաքական ուժը, որը տեղում ուժեղ ու ազդեցիկ ներկայացուցիչ-անհատ ունի։

• Գյումրին, մեծ հաշվով, «փորձած թանն ընտրեց»։ Եթե ուշադիր նայենք՝ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ստացած քվեներն ամենաշատն են իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի ստացած քվեներից հետո, իսկ հանրագումարում՝ ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերը հավաքել են 50 տոկոսից ավելի քվե՝ իշխանության ստացած 36 տոկոսի դիմաց։

• Իշխանության հավաքած 36 տոկոս քվեն, մեծ հաշվով, ոչ թե միայն ՔՊ-ի քվեներն են, այլ նաեւ՝ Սարիկ Մինասյան անհատի, նրա շրջապատի, ինչպես ժողովուրդը կասեր՝ ազգուտակի, բոլոր նրանց, ովքեր ձայն են տվել ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Սարիկ Մինասյանին։

• Իշխանությունների համար Գյումրու ընտրությունները պետք է հուշեն, որ ժողովուրդը խոր հիասթափություն ունի իրենցից, ու այս դեպքում այլեւս չեն ազդում ո՛չ «նախկինների», ո՛չ «թալանչիների», ո՛չ «թալանածը հետ բերելու», ո՛չ այս կամ այն թեկնածուի հետեւում տարատեսակ «ականջներ», «ստվերներ» ու «ուրվականներ» զետեղելու թեմաները, ո՛չ, առավել եւս՝ ուժային «մասկի շոուները», վախեցնելուն միտված «գործողությունները»։ Գյումրեցին «վախեցող պտուղ չէ», ու, ընդհակառակը՝ նման գործողությունները կարող են ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ։ Ի վերջո, վարչական ռեսուրսը եւ մի շարք այլ ոչ մեծաթիվ կատեգորիաներ հանած՝ գյումրեցու կախվածությունը կենտրոնական իշխանությունից այնքան էլ մեծ չէ, հետեւաբար՝ նաեւ կենտրոնական իշխանության ազդեցության լծակներն են գյումրեցու վրա փոքր։

• ՔՊ-ի անհաջողությունը Գյումրիում ունի մի քանի պատճառ։ Նախ՝ Գյումրու հետ կապված սխալ է կարծել, թե հակառուսական քարոզչությունն արդյունք կտա։ Քաղաք, որը ցարական Ռուսաստանի եւ Խորհրդային Միության պրոդուկտն է, որտեղ ամենամեծ ռուսական ներկայությունը կա, չի կարող իր մեծամասնությամբ դրականորեն վերաբերվել հակառուսականության մասին խոսողներին, հակառուսականություն գեներացնողներին։ Մյուս կողմից՝ Գյումրիում հաջողության հասնելու համար պետք է գոնե հպանցիկ ճանաչել գյումրեցու հոգեբանությունը։ Իսկ գյումրեցու հոգեբանությունը, հատկապես պետական-քաղաքական կամ հայրենասիրական առումով հասկանալու համար պետք է ուսումնասիրել, որքան էլ որ կարող է տարօրինակ հնչել՝ կարդալ Հովհաննես Շիրազ, նրա պոեզիայի էթնոհոգեբանական առանձնահատկություններին ծանոթանալ, որոնք արտացոլում են գյումրեցու էթնոհոգեբանական առանձնահատկությունները։ Գործող իշխանություններն իրենց հռետորաբանությամբ, սիմվոլիկ առումով՝ «Արցախի, Անիի, Մայր Հայաստանի, որպես հայ մոր ու հայ կնոջ (ավանդական ընտանիքի) հավաքական կերպարի ու Սբ Ամենափրկիչ տաճարի (Անիի հիշատակը հավերժացնող կոթողի) երկրորդ պլան մղելու ձգտումով ու դրա փոխարեն թուրքի հետ բարեկամություն անելու կոչերով հանդես գալով, չէին կարող Գյումրիում ունենալ մեծամասնություն»։ Սա լոկալ-էթնոհոգեբանական առանձնահատկություն է, որի հետ պետք է հաշվի նստել նաեւ քաղաքական առումով։

• Առջեւում 2026 թվականի ԱԺ ընտրություններն են։ Ու պետք է արդեն այսօրվանից դրանց պատրաստվել։

• Մնում է հուսալ, որ Գյումրիում հնարավոր կլինի հասնել այնպիսի համախմբման, որով համայնքային նոր իշխանությունը կձեւավորվի այնպես, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն այլեւս վճռորոշ դերակատարում չեն ունենա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image