Մշակույթ

«Հրապարակ». Դատարանի որոշումը մեզ տվել է փոքր հաղթանակ, հետոյի համար՝ ամուր հիմքեր ու մեծ հույս

«Հրապարակ». Դատարանի որոշումը մեզ տվել է փոքր հաղթանակ, հետոյի համար՝ ամուր հիմքեր ու մեծ հույս

Ուղիղ 2 տարի առաջ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման դրեց մի նախագիծ, որով առաջարկեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»: «Գոյ» թատրոնի այս 2 տարվա գոյամարտի ընթացքում շատ «ջրեր հոսեցին»՝ դատական հայցեր, նստացույցեր, բացօթյա ներկայացումներ, տեղեկատվական արշավներ, սակայն այդպես էլ թատրոնի դռները չբացվեցին ո՛չ հանդիսատեսի, ո՛չ էլ թատրոնի դերասանների առաջ։

Օրերս Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այլ կերպ ասած՝ «Գոյ» թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում։   

Ռեժիսոր, «Գոյ» թատրոնի կառա­վարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ այս որոշումն արդյո՞ք ենթադրում է, որ թատրոնը կարող է վերադառնալ նաեւ իր իրավաբանական հասցե։ «Մեծ հաշվով, ինքը շոշափելի արդյունք չունի, որը ենթադրի վերադարձ տարածք կամ փաստաթղթերի՝ օրինական ուժի մեջ մտնել։ Այս որոշումն ավելի շատ բարոյական առումով է հաղթանակ, որովհետեւ դատարանը մերժեց Սունդուկյան թատրոնի այն միջնորդությունը, որով Սունդուկյան թատրոնն իրեն կոչել էր իրավահաջորդ՝ այն կեղծիքներով հանդերձ, որ Պետռեգիստրում գրանցվել էր եւ դարձել էր իրավահաջորդ։ Հիմա նույնիսկ այդ կեղծիքներով իրավահաջորդությունը վարչական դատարանը չի ճանաչում որպես օրինական իրավահաջորդ։ Իրենք ասում էին՝ մենք ենք իրավահաջորդը եւ հրաժարվում ենք «Գոյ» թատրոնի տված հայցից»,- ասում է Ս․ Արզումանյանն ու հավելում, որ Վարչական դատարանում վիճարկվող 701 Ն որոշման գործի շրջանակներում է նման որոշում կայացրել դատարանը։

«Իսկ այն մյուս դատական գործը, որով Պետռեգիստրում գրանցումներն ենք վիճարկում, այդ մասով դեռ չունենք նորություն, բայց սա՝ մեկը մյուսին հաջորդելու է, այսինքն՝ սա հիմք է մեզ տվել, որ գլխավոր 701 Ն որոշման հայցվորը մենք ենք մնում։ Այս իմաստով սա շատ կարեւոր հաղթանակ է, որովհետեւ, եթե մենք չմնայինք, ու Սունդուկյան թատրոնը դառնար մեր իրավահաջորդը, գործը կփակվեր, ինչքան էլ Պետռեգիստրը մեզ ասեր, որ սխալ է արվել։ Բայց քանի դեռ մենք մեր իրավունքները կարող ենք պաշտպանել 701 Ն որոշումը անվավեր ճանաչելով, սա արդեն հաղթանակ է։ Սա դատարանի ուղիղ արձագանքն է այն մտայնությանը, թե՝ «մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։ Սա հաղթանակ է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլ նաեւ ողջ մշակութային համայնքի համար»։

Այս որոշումը, ըստ ռեժիսորի, փաստում է, որ «Գոյ» թատրոնն իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ։ Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որեւէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։ «Իրավական մասով այդ որոշումը մեզ տվել է փոքրիկ հաղթանակ, հետոյի համար՝ ամուր հիմքեր ու մեծ հույս, որ Պետռեգիստրի թատրոնների միավորման որոշումն էլ չեղարկվի։ Մայիսի 16-ին ունենք դատաքննության նիստը ու Պետռեգիստրի որոշման գործով էլ մի քայլ առաջ անցանք, որովհետեւ ինչքան էլ Սունդուկյան թատրոնն ու ԿԳՄՍ նախարարությունները միջնորդություններ էին բերում ու ամեն ինչ անում են, որ մենք՝ աշխատողներով, շահագրգիռ կողմ չլինենք, այսինքն՝ այս գործն էլ էին ուզում փակել, բայց այստեղ էլ դատարանն ուշադրություն չդարձրեց իրենց միջնորդություններին եւ անցավ հաջորդ փուլ, այսինքն՝ սա էլ է մեզ հույս տալիս, որ ինչ-որ առումով նժարը թեքվում է մեր կողմ»։

Այդուհանդերձ, մինչ դատական քննությունների ավարտը, այս ընթացքում թատրոնին հասցված վնասները՝ թե՛ նյութական, թե՛ ստեղծագործական իմաստով, անդառնալի չե՞ն։ «Անդառնալի է այն առումով, որ արդեն տարուց ավելի զրկված ենք ստեղծագործելու հնարավորությունից։ Սա բարոյական անդառնալի հետեւանք է՝ ստեղծագործող մարդուն զրկել ստեղծագործելու իրավունքից այն վայրում, որն ինքն է ընտրել աշխատելու համար։ Էլ չեմ ասում նյութական իմաստով, երբ մի ամբողջ թատրոնի գույք ոչնչացվել է, մենք ունեինք արխիվային աֆիշներ, որից մի օրինակ ունեինք ու փակցրել էինք պատին եւ փայփայում էինք, բայց հիմա այլեւս չունենք դրանք։ Հիմա սրա գնահատականը ո՞նց պետք է տրվի, եւ ինչպե՞ս պետք է վերականգնվի, եթե դատարանը մեր օգտին էլ վճիռ կայացնի, ո՞նց է դա վերականգնվելու, դա անփոխհատուցելի է նույնիսկ գումարով, որովհետեւ չկա էլ դրանից, այդ հիշողությունը մնաց այլեւս մեր մտքում, եւ չունենք այն պատմությունը, որն անցել է թատրոնը։ Էլ չասեմ դահլիճի աթոռների մասին, որոնք կտրել ու թափել են մի կողմ, իսկ մեր ամֆիթատրոնն ամբողջությամբ գետնին են հավասարեցրել, այսինքն՝ միայն աթոռը չեն պոկել, պատկերացրեք՝ այն նստարանները, ինչի վրա դրվում էին, այդ հարթակն այլեւս գոյություն չունի։ Էլ չասեմ, որ դրա տակ մենք ունեցել ենք 4-5 ներկայացման դեկորացիա, որից մենք տեղեկություն չունենք ու չգիտենք, թե դրանց հետ ինչ է եղել, որովհետեւ այդ աթոռների տակ էինք պահում, քանի որ տեղ չունեինք։ Հիմա չգիտենք՝ դրանք է՞լ են կտրել-թափել․․․ սա ուղղակի բարբարոսություն է, այլ որակում չեմ կարողանում դրան տալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image