Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն նույնիսկ վարչական, կրիմինալ, ոստիկանական եւ բանակի ռեսուրսով հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: Մարդիկ ՔՊ-ից ու դրա ղեկավարից այնքան են զզվում, որ նույնիսկ սպառնալիքի կամ տիեզերական խոստումների ազդեցության տակ ձայն չեն տա ՔՊ անունից հանդես եկող թեկնածուին: Փորձում են կիրառել այն նույն տեխնոլոգիան, որ կիրառեցին Երեւանի քաղաքապետի ընտրություններում` ՔՊ-ի եւ Արամ Սարգսյանի դաշինքի ստեղծմամբ, եւ իբրեւ ընդդիմություն հանդես եկող «Հանրային ձայնի» ավագանիներին թրաֆիքինգի ենթարկելով մեծամասնություն ձեւավորեն: Միայն թե ողբերգությունն այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հասկացել է, որ Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ որեւէ տարբերություն չկա, իսկ «Հանրային ձայնից» ԴՕԿ-ի տրանսֆորմացված կուսակցությունն էլ Գյումրու ավագանու ընտրություններին չի մասնակցում: Մի խոսքով, իրավիճակն օրհասական է:
Քանի որ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ ոչ մի տարբերություն չկա՝ ձայն տաս ՔՊ-ին, թե «Հանրապետությանը», նույն հաշիվն է, նրանք, միեւնույն է՝ հետո միանալու են իրար, ընդդեմ հայ ժողովրդի, գյումրեցիներին որոշել են խաբել, «Հանրապետություն» կուսակցության տեղը հանդես է գալիս Եվրադաշինքը, որի մեջ մտնում է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Սրանք խոստանում են Գյումրին դարձնել Եվրոպա, համարյա Փարիզ, Վիեննա, Պրահայից ու Վարշավայից մի քիչ ավելի զարգացած եւ առաջադեմ: Բայց գյումրեցիները հասկանում են, որ սրանք ՔՊ-ի հետ մի դաշինքում են, եւ հաղթելու դեպքում Գյումրին դառնալու է թուրքական ծայրագավառ, իրենք էլ թուրքերի ձեռքի տակ նոքյար են լինելու:
Որ ՔՊ-ին եւ Եվրադաշինքին իրար հետ չնույնացնեն, նախապես պայմանավորվել են, որ Եվրադաշինքը պետք է հանդես գա ՔՊ-ին ընդդիմություն, քննադատի իշխանություններին, ՔՊ-ն էլ նույն էնտուզիազմով քննադատի Եվրադաշինքին: Մարդիկ էլ տեսնեն սրանց սարքովի կռիվն ու խաբվեն, մտածեն, թե ՔՊ-ն ու Եվրադաշինքն իրար թշնամի են, մերժելով ՔՊ-ին՝ ձայն տան Եվրադաշինքին: Սրանց մտքի թռիչքից երեւում է, որ նրանք հայ մարդուն, հայ հասարակությանը վերաբերվում են որպես ոչխարի հոտի, որին ոնց ուզենան, կարող են մանիպուլացնել, ուր ուզենան, կարող են քշել՝ «եթե մի քանի անգամ ստացվել է, այս անգամ ինչո՞ւ չպետք է ստացվի» տրամաբանությամբ:
Բայց ամեն ինչ չէ, որ նախապես գրված սցենարով է գնում: Նիկոլ Փաշինյանի տեղակալ Վահագն Ալեքսանյանը սխալ է անում եւ շեղվում է ընդհանուր ծրագրից՝ հայտարարելով, որ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին, «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանին կամ «Իմ հզոր համայնք» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանին ընտրելով՝ ձայն են տալիս Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Քանի որ Վահագն Ալեքսանյանը նշել էր հիմնական ընդդիմադիր թեկնածուների անունները, ստացվում է, որ ՔՊ-ն Եվրադաշինքին չի համարում ընդդիմադիր, ստացվում է, որ Եվրադաշինքին ձայն տվողը ձայն է տալիս ՔՊ-ին, որովհետեւ, Վահագն Ալեքսանյանի տրամաբանությամբ, պայքարն այս երկու թեկնածուի միջեւ է: ՔՊ-ն Ալեքսանյանի այս հայտարարությունը համարել էր շեղում ընդհանուր սցենարից, քանի որ այն չափազանց խոցելի վիճակի մեջ է դնում Եվրադաշինքի թեկնածու Լեւոն Բարսեղյանին, որն ամեն կերպ փորձում է ընդդիմություն խաղալ, բայց ոչ մի կերպ չի կարողանում: Ստեղծված վիճակից որպես ելք որոշվում է, որ ՔՊ-ական ԱԺ մեկ այլ պատգամավոր` Էմմա Պալյանը, որը, լինելով գյումրեցի, ավելի տեղյակ է իրավիճակին, հայտարարի, որ, բացի ՔՊ-ից, մյուս 8 ուժերից որեւէ մեկին ընտրելով ձայն են տալիս Վարդան Ղուկասյանին: Էմմա Պալյանի այս գրառումը հնարավորություն է տալիս Լեւոն Բարսեղյանին՝ ինքնադրսեւորվել որպես կեղծ ընդդիմություն եւ Պալյանին ներկայացնել զրպարտիչ ու մանիպուլյատոր, նրա խոսքերը որակել բարբաջանք, կոչ անել ՔՊ-ականներին՝ կարգի հրավիրել նրան, իր գրառման ամենավերջում խոստանալով, որ նոր Հայաստանում Էմմա Պալյանը չի լինելու պատգամավոր:
Նոր Հայաստանի մասին խոսում է միայն Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն, մեկ էլ Եվրադաշինքը եւ նրա թեկնածուները, ինչպես, օրինակ, Լեւոն Բարսեղյանը: «Նոր Հայաստանն» այն կոդային բառն է, որով կարելի է հասկանալ, թե մարդն ինչ Հայաստանի կողմնակից է` մինչեւ Փաշինյանի իշխանազավթումը գոյություն ունեցող հարաբերականորեն անկախ եւ ինքնիշխա՞ն Հայաստանի, թե՞ թուրքահպատակ, Ալիեւի եւ Էրդողանի հրահանգով շարժվող Հայաստանի:
Ինչ վերաբերում է Լեւոն Բարսեղյանի թունդ ընդդիմադիր եւ իբրեւ թե հակաքպական գրառմանը, այնտեղ, բացի Էմմա Պալյանից, որեւէ այլ մեկի եւ առավել եւս ՔՊ-ի եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեմ որեւէ քննադատական խոսք չկա: Բարսեղյանը գիտի, որ Եվրադաշինքը եւ անձամբ ինքը Նիկոլ Փաշինյանին կից գործող կառույց են, որ իրենց կյանքի ու գործունեության բուն իմաստը Փաշինյանի իշխանությունը պահելն ու պաշտպանելն է, որպես սեփական գոյությունը պաշտպանելու միջոց: Եթե իրեն հաջողվի ավագանու ընտրություններում 5 տոկոս մոլորյալ գյումրեցի գտնել եւ անցնել ավագանի, ինքը միանշանակ դաշինք է կազմելու ՔՊ-ի հետ` նախկինների վերադարձը թույլ չտալու, երկիրը կրիմինալից ու դրա ներկայացուցիչներից փրկելու կեղծ ու մանիպուլյատիվ հիմնավորումներով: Բայց Հայաստանում հասարակության քաղաքացիական գիտակցությունը վերջին տարիներին էականորեն աճել է, մարդիկ սկսել են հասկանալ, թե ով է իրական կրիմինալը, ով՝ մանիպուլյատորը, եւ ում ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ մոտենալ իշխանությանը` լինի դա քաղաքային, թե համապետական մակարդակով: