Մենք գրել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից մեկ ամիս առաջ ազատված Մեսրոպ Առաքելյանը, ով ընդամենը 4 ամիս նախարար աշխատեց, Արցախի սոցապնախարարի պաշտոնից հրաժարված Մանե Թանդիլյանի հետ որոշել է հիմնադրամ ստեղծել։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։
«Անկախ իմ՝ նախարարի պաշտոնը լքելուց, Արցախի նկատմամբ իմ հոգածությունը չի կարող փոփոխվել, բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է շարունակել անել, հետեւաբար, Մանե Թանդիլյանի հետ նախաձեռնել ենք այս հիմնադրամը, որի գործունեության մասին առաջիկայում կներկայացվի»,- մեզ հետ զրույցում ասել էր Առաքելյանը։
Հիշեցնենք, որ նրա եւ Թանդիլյանի հրաժարականից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրանք «Առաքելություն» կուսակցության ցուցակով մտադիր են մասնակցել ընտրություններին, եւ Նիկոլ Փաշինյանը որոշել է սեփական ընդդիմությունը ձեւավորել։
- Իսկ ինչո՞ւ դուրս եկաք աշխատանքից, տեղեկություններ տարածվեցին, որ ընտրություններին մասնակցելու նպատակով եք ազատման դիմում գրել։
- Չէ, դուրս գալու նպատակը դա չի եղել, նպատակը եղել է այն, ինչ գրել եմ, եւ այդ կարգավիճակում իմ պոտենցիալը, կարծում եմ, արդյունավետ օգտագործել եմ այդ ժամանակահատվածի համար ու հետագա քաղաքական գործունեության մասով իմ դիրքորոշումն առաջիկայում կհայտնեմ։ Ու կարծում եմ, որ, անկախ կարգավիճակից, էն մարդիկ, ովքեր ունեն պոտենցիալ, կարող են ինչ-որ ձեւով օգտակար լինել։ Իմ նպատակը ո՛չ նախարար դառնալն է, ո՛չ՝ պատգամավոր։
- Այդ դեպքում ինչո՞ւ ազատվեցիք պաշտոնից, Ձեր տարածած հայտարարության տեքստից չէր հասկացվում, թե որն է պատճառը։
- Պատճառն այն է, որ նախարար դառնալու իմ մոտիվացիան եղել են հետպատերազմյան վիճակում հրատապ այն խնդիրները, որ կան, նաեւ պատերազմի հետեւանքներն ու Արցախի սոցիալական խնդիրները, պատերազմի ընթացքում վիրավորված անձանց սոցիալական երաշխիքները, այդ ընթացքում առավելագույնն արել եմ՝ հաշմանդամության խմբերի տրամադրման գործընթացն ամբողջովին ավարտվել է, պրոթեզավորման գործընթացը դրվել է լավ հիմքերի վրա․․․
- Այդ դեպքում ինչո՞ւ չշարունակեցիք, ինչո՞ւ կիսատ թողեցիք։
- Կիսատ չէ, անընդհատ կարելի է գործ անել, ուղղակի կարող է էդպես ընկալելի չէ էսօրվա քաղաքական դաշտում, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, պատրաստ լինի՝ մի օր ուղղակի պաշտոնը թողնելու։ Ես էս ընթացքում, էլի եմ ասում, թող գնահատի հասարակությունը, այդ թվում՝ լրագրողները, փորձել եմ արդյունավետ աշխատել։ Հիմա՝ շատ էր, քիչ էր, միշտ կարելի է գործ անել։
- Բայց տարօրինակ է, որ վեց ամսից ավելի է՝ ձեր կառավարության հրաժարականն են պահանջում, ոչ ոք չի հեռանում, իսկ Դուք եկաք ու չորս ամիս անց ինքնակամ հեռացաք։ Ինչ-որ խնդի՞ր է եղել։
- Անկեղծ եմ ասում, որեւէ խնդիր չկա, ո՛չ տառապել եմ նախարար դառնալով, ո՛չ՝ պատգամավոր ու երեւի միակ նախարարն եմ եղել, որ պարգեւավճար չեմ ստացել եւ աշխատանքի եմ գնացել իմ անձնական մեքենայով, ոնց դրանից առաջ վարել եմ, ես Արցախ եմ գնացել-եկել միշտ իմ անձնական մեքենայով՝ առանց գործուղում ձեւակերպելու։ Այսինքն՝ ես նախարար դառնալու ո՛չ մանկական երազանք եմ ունեցել, ո՛չ էլ նախարար դառնալուց հետո իմ ֆինանսական կարողություններն են ավելացել։ Ես հայտարարագիր եմ հրապարակել, որտեղ տասնապատիկ անգամ եկամուտներս նվազել են։ Նախարարն ինձ համար ընդամենը եղել է պայմանական կարգավիճակ, որպեսզի ինչ-որ ձեւով երկրին օգտակար լինեմ։ Իսկ ես կարծում եմ, որ եթե մարդիկ ուզում են երկրին ծառայել, պետք չէ դրա համար լինեն նախարար կամ պատգամավոր։
- Բայց Դուք ընդամենը 4 ամիս անց ազատման դիմում գրեցիք։ Ինչո՞ւ այդքան շուտ, հասցրի՞ք լուծել բոլոր խնդիրները, որ որոշեցիք գնալ։
- Այն խնդիրները, որոնք իմ առջեւ դրված էին, առնվազն մեծամասամբ կարող եմ համարել լուծված։
- Նաեւ Ձեզ քննադատեցին, որ Դուք խնդիրներ եք առաջացրել սոցապհամակարգում, մասնավորապես՝ այդ միասնական սոցիալական ծառայություններին անցում կատարելով։
- Ցանկացած ռեֆորմ ստեղծման պահին միշտ ունենում է որոշակի խնդիրներ, չեմ խուսափել էդ ռեֆորմը ես անել, որը տասը տարի՝ չի արվել, որովհետեւ ցանկացած բարեփոխում իր մեջ ներառում է խնդիրներ․ ինչ-որ մարդիկ աշխատանք են կորցնում, ինչ-որ պրոցեսներ դանդաղում են, ինչ-որ մարդիկ, հնարավոր է, ավելի անհարմար սպասարկվեն մեկ-երկու ամիս, ուղղակի ես չեմ խուսափել ռեֆորմ անելուց, որովհետեւ տասը տարի էդպես մնացել է էդ ռեֆորմը։ Եվ, այո, էդ ռեֆորմը խնդիր էր առաջացնելու։ Հակառակ պարագայում բոլորը բողոքում էին սոցապծառայության որակից՝ քաղաքացիների սպասարկում եւ այլն, էդ չարաշահումների մասին էլ չեմ ուզում գնահատական տալ, թող իրավապահները տան, բայց առնվազն սպասարկման որակից, մոտեցումներից, կամ թե ովքեր են աղքատ, ովքեր աղքատ չեն, այսինքն՝ էդ ամեն ինչից հասարակությունը միշտ բողոքում էր, բայց հենց էդ ռեֆորմն անում ես, որի արդյունքում ինչ-որ մարդիկ՝ մի 50-100 հոգի, որոնցից նախկինում բոլորը բողոքում էին, որ էս մարդկանց պետք է գործից ազատել, էսօր էդ մարդիկ չեն աշխատում, հիմա դուրս եկավ՝ մեր արածն էր վատ, հա՞։ Երեսուն տարի մարդիկ բողոքել են, որ էսինչ տարածքային սոցապի պետին պետք է հանել՝ լիքը չարաշահումներ կան, էս կա, էն կա, հիմա էդ մարդն էս ռեֆորմի արդյունքում այլեւս չի շարունակում աշխատել, որովհետեւ մրցույթի արդյունքում այլ մարդ է ընդունվում, էլի դուրս է գալիս, որ վատ բա՞ն ենք արել։
- Բայց նաեւ արժանի մասնագետներն են դրանից տուժում եւ դուրս մնում։
- Չեմ բացառում, հնարավոր է, որ, այո, թերություն լինի։ Հնարավոր է, որ հազար հոգանոց կառույցում հինգ հոգու նկատմամբ անարդար հետեւանք ունենա դա։ Բնական է։ Ես չեմ ասում, որ ամենաճշմարիտ նախարարը, ամենալավ աշխատող նախարարը ես եմ եղել, բայց առնվազն չեմ խուսափել էդ ռեֆորմից, որը, հուսով եմ, հետո ավելի լավը կդառնա։ Մի օր պետք է դա արվեր, որը տասը տարի չէր արվել։ Հիմա հուսով եմ, որ երեւի ընտրություններից հետո կնշանակվի, էս ռեֆորմը կսարքի ավելի լավը, որովհետեւ, ի վերջո, քաղաքացիների սպասարկման մասին է էս ռեֆորմը, ոչ թե պետական կառավարման։ Իմ նպատակը դա է եղել։
- Լավ, հիմա Դուք առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ։
- Այդ մասին մի քանի օրվա մեջ իմ դիրքորոշումը կհայտնեմ։
- Ի՞նչ կասեք այն լուրերի վերաբերյալ, որ Դուք եւ Մանե Թանդիլյանը հնարավոր է՝ մի ցուցակով հանդես գաք, նաեւ ասում են՝ Դուք Փաշինյանի համար ընդդիմությունից ձայներ փախցնելու համար եք մտնելու պայքարի մեջ՝ որպես ֆեյք ընդդիմություն։
- Մի քանի օրից էդ լուրերի պատասխանը կլինի, ու բոլորը կտեսնեն, որ էդ կեղծ լուրերը, որ հնարում էին, նման բան չկա։