Հասարակություն

ԲԴԽ-ն հավատաց Նաիրա Հովսեփյանին արցունքներին

ԲԴԽ-ն հավատաց Նաիրա Հովսեփյանին արցունքներին

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ` հունիսի 2-ին հրապարակեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ իր որոշումը: Զարմանալիորեն որոշեց նրան կարգապահական պատասխանատվության չենթարկել, չնայած ավելի նվազ խախտումների համար նախկինում բազմաթիվ դատավորների լիազորություններ էր դադարեցրել։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ընթերցեց որոշումը` մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը։ Ի դեպ, դատավորը որոշման հրապարակմանը ներկա չէր։

Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ, հիշեցնենք, մի շարք բողոքներ էին ներկայացվել արդարադատության նախարարություն։ Դրանցից մեկով, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր կարգապահական վարույթ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հովսեփյանին։ Նշված վարույթը հարուցվել էր փաստաբան Գոռ Մարգարյանի հաղորդման հիման վրա։ Այս վարույթը  վերաբերում էր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերի ուշացումների հերթական դեպքին։ 
Հիշեցնենք, որ Նաիրա Հովսեփյանը ԲԴԽ-ից սեփական դիմումի համաձայն հեռացել էր 2024թ մայիսի 2-ին։ Թե ինչն է եղել դիմումի պատճառը՝ պաշտոնական պարզաբանում առ այս պահն առկա չէ, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Նաիրա Հովսեփյանը տարաձայնություններ է ունեցել ԲԴԽ արդեն նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ տարաձայնությունների պատճառը եղել են Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքները։ Մասնավորապես, փաստաբանական համայնքը բազմիցս ահազանգել է, որ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործերով նիստեր չեն կայանում, որոշումներն ամիսներ շարունակ, երբեմն՝ տարիներով չեն տրամադրվում կողմերին եւ այլն։ Մեկ անգամ` 2024թ հունիսի 13-ին արդեն Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել եւ կարճվել` 44-օրյա պատերազմում հերոս որդու զոհվելու հանգամանքով պայմանավորված, որ նա հոգեկան ծանր վիճակում է եղել: ԲԴԽ-ն, փաստորեն, երկրորդ անգամ ներեց նրան: Թեեւ շատերի համար ակնհայտ է, որ ներելու պատճառը ոչ թե որդու զոհվելու հանգամանքն է, այլ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը:
Նմանատիպ եւ ավելի նվազ խախտումների համար ԲԴԽ-ն ժամանակին դադարեցրել է այն դատավորների լիազորությունները, որոնք ունեին անաչառ և սկզբունքային դատավորների համբավ։ Իսկ վարույթի քննության ընթացքում Հովսեփյանը լալիս էր ու շարունակ շեշտում իր` զոհվածի մայր լինելու հանգամանքը։ Եզրափակիչ ելույթի ժամանակ էլ կրկին խոսեց որդու մասին՝ ինչպես նախորդ գործի քննության ժամանակ։ Թեպետ դատավորը չէր ներկայացել նիստին, «Հրապարակ»-ը հեռախոսով կապվեց եւ փորձեց զրուցել նրա հետ։

-Տիկին Հովսեփյան,դուք այսօր ներկա չէիք նիստին, որի ժամանակ մերժեցին ձեզ պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպիսի՞ կանխատեսում ունեիք դուք։

-Իմ ներկայությունը՝ գալը կամ չգալը կարևոր չէ, ի վերջո քննարկումը վերջացել էր, ես ոչ մի կանխատեսում չունեմ․․. ես ընդհանրապես կանխատեսումներ չեմ անում։

-Այս որոշումը պայմանավորում եք նրանով, որ հերոսի մա՞յր եք։
-Ես էլ որեւէ մեկնաբանություն չունեմ ասելու։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image