Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյան Ալենը հերթական աշխարհացունց միտքն է հայտնել, թե «Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարևանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է»։ Եթե չեմ սխալվում, ինչ-որ պահ կար, որ վերջինս դադարեցրել էր հակառուսական հայտարարություններ անելը: Ինչպես երևում է, այդ կերպարում ինքն իրեն բնական չէր զգացել, ու այդ պատճառով վերադարձավ հակառուսականության գիրկը: Սիմոնյանի այդ միտքն, իհարկե, մանիպուլյատիվ բնույթ ունի: Արևմուտքի դեմ հակամարտության մեջ մտած Ռուսաստանը ցանկության դեպքում նույնիսկ չի կարող մեծ փողեր ծախսել Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար: Որովհետև այդ երկիրը գետնի վրա մեծ պատերազմ է վարում ընդդեմ Ուկրաինայի, որին աջակցում է արևմտյան աշխարհի ավելի քան 50 երկիր: Դրան գումարած պատերազմի հետևանքների վերացումը՝ վիրավորների բուժում, ավերված շինությունների վերականգնում և այլն:
Սիմոնյանը շարունակել է՝ «արձանագրելով», որ «մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել և այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը»: Տվյալ հատվածում Ալենը մի դեպքում ճիշտ է ասում, բայց դրա շարունակության մեջ «ֆեյք» (կեղծ) տարրեր է մտցնում: Այո, հայկական արմատներով ռուսական հանրահայտ քաղաքագետներին դուր չի գալիս Ալենենց իշխանությունը, ու դա ճշմարտություն է: Ինչն այլ կերպ լինել չէր կարող, քանի որ բազմահազար մարդկային կյանք զոհած, Արցախը կորցրած, Հայաստանն անվտանգային սպառնալիքներով պատած իշխանությունը չի կարող դուր գալ որևէ գրագետ հայի՝ լինի նա հայաստանցի, թե արտերկրում բնակվող: Ինչն, իհարկե, ավտոմատ չի նշանակում, թե բոլոր այդ մարդիկ դեմ են ՀՀ ինքնիշխանությանը: Որովհետև Նիկոլենց գլխավորությամբ իշխանությունը երբեք նույնական չէ ՀՀ ինքնիշխանությանը՝ որքան էլ Ալենենք փորձեն դա ամրագրել մարդկանց ուղեղում:
Այնպես որ իշխանությունը փոխելու նպատակով հանրահավաքներ անելն (Ալենն այլ գործողություն չի նշել. այդպես էր, համենայն դեպս, ներկայացված մամուլում) նորմալ ու խիստ ողդջունելի գործընթաց է: Եթե, իհարկե, դրանով մոտեցվում է Նիկոլին, Ալենին ու մնացածներին իշխանությունից զրկելու տեսլականը: Հատկապես որ այդ գործողությունների շնորհիվ հենց փրկվելու է ՀՀ ինքնիշխանությունը, ինչը տապալման եզրին է հայտնվել Ալենենց իշխանության ջանքերով: Ինչպես տեսնում ենք, այդ գործընթացը պետք է ողջունվի և ոչ թե դատապարտվի: Ինչը և արվում է բոլոր հայրենասեր ուժերի կողմից: Բայց եթե Ալենին թվում է, թե հանրահավաք անելով հնարավոր է խնդիր առաջացնել պետության ինքնիշխանության առումով, ապա դա գալիս է հենց իրենց արածից: 2018-ի ապրիլյան իրադարձություններն ամենագլխավոր հարվածն էին ՀՀ ինքնիշխանությանը, ինչը մարդիկ չեն պատկերացրել՝ մասնակցելով իշխանափոխության գործընթացին: Քիչ է մնում ենթադրեմ, որ ինքն էլ չի պատկերացրել դա:
Ինչ մնում է հայկական ազգանուններով ոմն ռուս փորձագետներին, ապա 2018-ին ապրիլին ոչ միայն հեռավար խոսել, այլև Երևան էին չվել հայկական ազգանուններով ոմն կանադացի փորձագետներ: Ովքեր մասնակցում էին ցույցերին ու նույնիսկ ելույթ ունենում՝ միջամտելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Բայց բոլոր այդ փաստերն այն ժամանակ Ալենին (Նիկոլին) չէին հուզում, ընդհակառակը, ավելի էին ոգևորում: Որ Նիկոլենց չէին հուզում, դա հասկանալի է, դրանից օգուտ ունեին, բայց զարմանալիորեն չէին հուզում նաև այդ օրերի իշխանությանը: Որոնց կարծիքով այդ ամենն աստիճանաբար մարելու էր ճիշտ այնպես, ինչպես 2014-2015 թթ.-ին ԼՏՊ-ի նախաձեռնած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»: Բայց եթե Հայաստանի երրորդ նախագահը գիտակցեր, որ դրանք տարբեր երևույթներ են, ապա երևի ավելի վճռական կգտնվեր: Գիտակցեր, որ հայաստանյան օլիգարխը կորցնելու շատ բան ուներ ու այդ պատճառով նահանջեց: Ենոքավանցի երիտասարդը, սակայն, կորցնելու ոչինչ չուներ՝ «ձեռնաշղթաներից բացի»՝ ուղիղ և թե փոխաբերական իմաստով: Ու այդ պատճառով նրան անհրաժեշտ էր կանգնեցնել շարժման հենց սկզբին՝ Գյումրի-Երևան ճանապարհին: