Էս երկու օրն ինձ մի քիչ ավելի լավ եմ զգում. խոսքն առողջականի մասին չէ (այն հիմնականում նորմայի սահմաններում է), այլ հոգեկանի առումով: Մինչ այդ երկար ժամանակ մտքումս ինչ ասես չէի ասում խորհրդարանական ընդդիմության հասցեին: Որոնք իրենց առաքելությունը (Նիկոլին հրաժարական պարտադրելը) թողած՝ իրար միս էին կրծում: Մտքումս, քանի որ միշտ փորձել եմ նվազագույնի հասցնել ընդդիմությանը քննադատելը: Հրապարակավ ընդամենը մեկ-երկու անգամ գրեցի, որ դրա վախտը չի, բայց դե ինձ լսողն ո՞վ էր: Ինչևէ, ցավում եմ, իհարկե, Արթուր Չախոյանի առումով, բայց ինքը հասուն մարդ է և պետք է գիտակցի, որ ընդդիմադիր վարքագիծը՝ երբ հատկապես պաշտպանված չես սոցիալական որևէ կարգավիճակով, կարող է նաև ծեծի հանգեցնել: Համենայն դեպս, հենց այդպես եմ մտածել նախկինում՝ երբ ակտիվորեն մասնակցում էի փողոցային բողոքի ակցիաներին: Այդ պատճառով իմ ամենօրյա առավոտյան մարզանքը՝ զուտ առողջական խնդրով պայմանավորված, սկսեցի լրացնել ձեռքերի մկանների մարզումներով: Այնպես որ, որպես ընդդիմադիր, պետք է պատրաստ լինես նաև ձեռքերով հարց լուծելուն (Նիկոլենք կասեին՝ հասցեագրելուն):
Վերադառնանք լավ զգալուն: Ինչպես կարող եմ ինձ լավ չզգալ, եթե Նիկոլենք սկսել են միմյանց հասցեին փիս-փիս բաներ խոսել: Միայն պատկերացրեք՝ ինչ-որ թաղապետ (ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսակետից) հանդգնում է շանտաժի ենթարկել վերջինիս կողմից քաղաքապետ նշանակված անձին: Այսինքն, հենց իրեն, և այն էլ օրը ցերեկով, ու ինքն էլ ստիպված է լռության մատնել այդ հանգամանքը: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ աստիճանի վիրավորական է «մեծարգոյի» համար, որի առջև դողում են բոլորը՝ ԱԱԾ պետից մինչև վերջին պարեկը, գլխավոր դատախազից մինչև վերջին քննիչը: Ճիշտ է, թաղապետի կուսակցական պետը մի փոքր ուշացումով փորձեց շանտաժը չեղարկել՝ ասելով, թե քաղաքապետարանի ավագանիում կպահպանեն վարչապետի կուսակցության նկատմամբ լոյալությունը, բայց դե խոսքն արդեն ասվել էր ու տարածվել: Արամն, իհարկե, Արամ (Զավենիչ) չէր լինի, եթե մեղայականի արանքում մեկ-երկու թթու խոսք չասեր «ռուսահպատակների» հասցեին:
Մինչ այդ էլ, հիշենք, ծավալուն հայտարարություն էր տարածել՝ փորձելով արդարացնել իր կուսակից ընկերոջը ու միաժամանակ մեղադրել ռուսներին սադրանք կազմակերպելու մեջ: Կարծես թե ողջ արևմտյան աշխարհի դեմ արդեն չորրորդ տարին պատերազմող Ռուսաստանն այլ հոգս չուներ, որպեսզի երրորդական-չորրորդական կարգի չինովնիկի նկատմամբ սադրանք կազմակերպեր: Ինչևէ, ենթադրում եմ, որ այսօրվա «արևմտամետ» Զավենիչն արդեն մոռացել է, որ սպարապետ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի, սպանությունից հետո վարձել էր ոչ թե ֆրանսահայ կամ ամերիկահայ, այլ հենց ռուս փաստաբանի: Ով հայերենին, բնական է, չէր տիրապետում, ու ստիպված նրա համար էլ վարձել էր անհատական թարգմանիչ: Բայց այսօր նա դարձել է խիստ ռուսատյաց ու անհեթեթ մեղադրանքներ է հասցեագրում նրանց:
Կար նաև խնդալու մեկ այլ հանգամանք. բռնարարք իրականացնողին արդարացնող Զավենիչը հայտարարում է, որ իրենք գաղափարական են: Ու հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին, որպեսզի մայրաքաղաքը չտան ռուսահպատակներին։ Փաստորեն, վերջինիս տեսակետից «արևմտամետ» լինելը նշանակում է բռնության թույլտվություն: Հետաքրքիր է, արևմտյան ո՞ր երկրում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը թրեյնինգ անցել, որտեղ ասվել է, որ աշխատավայրում խմբակային մարդ ծեծելը համարվում է գաղափարական լինելու դրսևորում, այինքն՝ արևմտյան արժեք: Չնայած, եթե իր կոալիցիոն գործընկերոջ միանձնյա կառավարումը համարվում է ժողովրդավարություն, ապա ակտիվ քաղաքացու նկատմամբ բռնությունն էլ ինչո՞ւ չի կարող համարվել գաղափարական աշխատանք քաղաքացիների հետ: Ինչ մնում է այն հարցին, որ վերջինս չի տառապում «պաշտոններ ունենալու մոլուցքով», ապա դրան հավատում եմ: Հավատում եմ՝ արձանագրելով, որ այդպես չէր լինի, եթե դա լիներ ոչ թե թաղապետի, այլ նախարարի պաշտոն, ու նախարարի պաշտոնին էլ լիներ անձամբ ինքը:
Ասվածի համատեքստում չեմ կարող չանդրադառնալ ագագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան ծավալուն գրությանը: Այնտեղ խոսվում է ադրբեջանական (տարածքի առումով) արմատներով կամ հենց այնտեղ ծնված սովետահայ հերոսների արձանների ոչնչացման ու դրա առումով Մոսկվայի անտարբերության մասին: Դա տեղի չէր ունենա, նախ, եթե համարյա թե ազգովի վարչապետ չկարգեինք «դուխով» Նիկոլին, ով հայտարարում էր, որ Մոսկվայում պիտի հարմարվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին: Ու որպես դրանց դրսևորում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովի նկատմամբ իրականացվեց քրեական հետապնդում: Դժվար է պատկերացնելը, թե այդ տարիներին ինչ կլիներ այն պետության հետ, ում ղեկավարությունը նույնն աներ ՆԱՏՕ-ի առումով: Եվ երկրորդ, եթե ՀՀ ղեկավարությունը թքած ուներ Սպարապետի արձանի վրա, որ նախ պղծվեց, իսկ հետո ոչնչացվեց թշնամու կողմից, ապա ինչո՞ւ պետք է Մոսկվան անհանգստանար նույն թշնամու կողմից ոչնչացված սովետահայ հերոսների արձանների առումով: