Քաղաքականություն

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ կոալիցիա է ձեւավորվում․ ինչով է նա հարուցել «կոնկուրենտ» ֆիրմայի զայրույթը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ կոալիցիա է ձեւավորվում․ ինչով է նա հարուցել «կոնկուրենտ» ֆիրմայի զայրույթը

Արցախում որոշակի գործընթացներ ընթանում ընդդեմ գործող պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի: Վերջինս պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ընդամենը երկու ամիս, Արցախի համար այս ծանր շրջանում համաձայնել է մտնել պատասխանատվության տակ և կարճ ժամկետում բազմաթիվ խնդիրներ է կարգավորել:
Գուրգեն Ներսիսյանը նախկինում քաղաքականության մեջ չի եղել, կաշկանդված չէ նախկին կամ ներկա պաշտոնյաներով եւ այդ հանգամանքը հուզում է ամենատարբեր շրջանակների, քանի որ նրա նկատմամբ չունենալով ազդեցության լծակներ, որոշ ուժեր մտահոգված են, որ նախկինում տեղի ունեցած ինչ-ինչ անօրինականություններ կարող են ջրի երես դուրս գալ՝ անուն-ազգանուններով ու պատմություններով: 

Այս մտահոգություններն, ասում են՝ անհիմն չեն, քանի որ Գուրգեն Ներսիսյանը երկու ամիս է լուռ ուսումնասիրում է Արցախի գործադիր իշխանությունում մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Այդ ընթացքում նրա կողմից ի հայտ են բերվել մի շարք չարաշահումներ ու անօրինականություններ, որոնց կապակցությամբ սկսվել են գործընթացներ, ինչը դրական է ընդունվել պետական համակարգի տարբեր օղակների կողմից: Այդ մասին պետնախարարի կամ կառավարության կողմից չի բարձրաձայնվում, սակայն արցախյան միջավայրը փոքր է և ցանկացած տեղեկություն շատ արագ տարածվում է: 

Արցախում խոսվում է, որ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հակադիր շրջանակը հավաքված է հիմնականում Ռուբեն Վարդանյանի շուրջ և այդ արշավը առաջնորդում է նա: Ռուբեն Վարդանյանը և նրա մտերիմ ընկերներն իրենց ուրույն վախերն ու մտահոգություններն ունեն և դրանք ուղղակիորեն կապված են Գուրգեն Ներսիսյանի գործունեության հետ: Պետնախարարը հասցրել է մերկացնել մի շարք երևույթներ ու սկսել է պետական համակարգը մաքրելու գործընթաց: Իրար հետևից պաշտոններից ազատվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաներ, աշխատանքի չհաճախող, բայց աշխատավարձ ստացողներ և այլն: Առաջին հայացքից այդ երևույթները թվում է, չպետք է մտահոգիչ լինեն Ռուբեն Վարդանյանի և նրա շրջանակի համար, սակայն պարզվում է, որ այդպես չէ: 

Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Ռուբեն Վարդանյանը պետական համակարգում կառավարումն իրականացնում էր խորհրդականների միջոցով, այդ թվում՝ «հասարակական» հիմունքներով աշխատող խորհրդականների, որոնք, պարզվում է, այդքան էլ հասարակական հիմունքներով չէին աշխատում։
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի հասարակական հիմունքներով խորհրդականներից որոշները Արցախի պայմաններում բավականին բարձր աշխատավարձեր էին ստանում, նրանցից մի քանիսը՝ հենց պետական միջոցներից։ Այդ անձինք նույնպես հայտնվել են պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի «հարվածի» տակ:

Այսպես՝ Արցախի նախկին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որը Ռուբեն Վարդանյանի օրոք հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակուներ, Արցախի ներդրումային հիմնադրամին պատկանող և պետական միջոցներով պահպանվող երկու կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի նախագահն էր՝ ամսական 2 միլիոն դրամ աշխատավարձով։ Հատկանշական է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը փաստացի պետական միջոցներից ստանում էր նշված աշխատավարձը՝ այն պարագայում, երբ կազմակերպություններից մեկը, որտեղ ինքն աշխատում էր, 2022 թվականի սկզբներից գրեթե գործունեություն չէր իրականացրել։

Առավել ուշագրավ է Ռուբեն Վարդանյանի հետ Արցախ տեղափոխված մեկ այլ խորհրդականի՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի դեպքը, որը ևս աշխատում էր հասարակական հիմունքներով։ Սակայն պարզվում է, որ նա ևս Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից հիմնադրված կազմակերպության հոգաբարձուների խորհրդում ամսական ստանում էր 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ, ընդ որում՝ այդ աշխատավարձը նա ստացել է մինչև 2023թ. ապրիլ ամիսը։ 

Այն բանից հետո, երբ Արցախի գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ստանձնել է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, և Գրիգորի Մարտիրոսյանն ու Մեսրոպ Առաքելյանը ազատվել են պաշտոններից, ամբողջությամբ կրճատվել է հոգաբարձուների խորհրդի ֆինանսավորումը։

Գործող պետնախարարի նկատմամբ հակադրության նոր ալիք է սկսվել Արցախի ներդրումային հիմնադրամի ժամկետանց փոխառությունների վերադարձն ապահովելու նրա նախաձեռնության առնչությամբ: Մեր տեղեկություններով՝ նախկին ու ներկա տարբեր պաշտոնատար անձինք փորձել են համոզել Գ. Ներսիսյանին՝ հետ կանգնել այդ քայլից, ոմանք խնդրել են գոնե անուններ չհրապարակել, սակայն նա մնացել է անդրդվելի, որին ի պատասխան՝ սպառնացել են պայքար սկսել նրա դեմ: 

Այս ամենը թեև տեղի է ունենում կուլիսներում, բայց դրանք լուրջ մտահոգություն են պատճառում Ռուբեն Վարդանյանին ու նրան հարող շրջանակին: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին օրերին Ռուբեն Վարդանյանը և նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ ճնշումներ են սկսել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ՝ Գուրգեն Ներսիսյանին պետնախարարի պաշտոնից ազատելու պահանջով: Լսելով, որ Սամվել Բաբայանը ուզում է պետական նախարար նշանակվել, ինչը ենթադրում է Գուրգեն Ներսիսյանի պաշտոնանկություն, ասում են, որ Ռուբեն Վարդանյանը նույնիսկ մի քանի անգամ մասնակցել է Սամվել Բաբայանի կազմակերպած փակ հավաքներին՝ այդ կերպ ցույց տալով նրա պահանջի հետ իր համաձայնությունը:

Արցախյան իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում եմ, որ այս պահին փորձ է արվում Արցախի պետական նախարարի դեմ օգտագործել նաև Հայկ Խանումյանին ու վերջերս Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար նշանակված Տիգրան Պետրոսյանին: 

Իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ մայիսի 15-ից կոշտ փողոցային պայքար է սկսում՝ պահանջելու նախագահ Արայիկ Հարությունյանից իրեն նշանակել պետնախարար: Նրա պայքարի շարժառիթներն, իհարկե, այլ են՝ այլ հոդվածի թեմա: Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանն Արցախում:

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image