Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որը մի քանի օր առաջ արդարադատության նախարար է նշանակվել, իր պաշտոնավարումը նշանավորեց ցնցող հայտարարությամբ, թե լրագրողները կարող են մարդասպան ու ահաբեկիչ լինել։ «Հիշեցնեմ, թե ով էր Նաիրի Հունանյանը․ նա, լինելով լրագրող, ինչեր կարող էր անել։ Մենք պետք է հասկանանք՝ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, եւ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է հարգենք, դա մեր պետության պաշտպանության հարցն է»,- երեկ ասել է նորանշանակ նախարարը՝ արդարացնելով լրագրողների աշխատանքի սահմանափակումները, որոնք կամայականորեն սկսել են կիրառվել խորհրդարանում, եւ որի դեմ արդեն արտահայտվել են գործող ՄԻՊ-ը, հասարակական ու լրագրողական կազմակերպությունները, հանրային գործիչներն ու լրագրողները։
Մենք կարող ենք զարգացնել Անդրեասյանի միտքը․ «Եթե Նաիրի Հունանյանը լրագրող էր, ապա Նիկոլ Փաշինյանը նույնպես մարդասպան է եւ ահաբեկիչ»։ Փաստորեն, Միքայել Մինասյանի հետ ժամանակին սերտ կապերի շնորհիվ ՄԻՊ դարձած, ապա դրանք կորցնելուց հետո իշխանությունների թիրախ դարձած եւ պաշտոնից հեռացված Կարեն Անդրեասյանը պատրաստ է ջնջել իր անցյալը, իրավապաշտպան նախկին գործունեությունը եւ անվերապահորեն ծառայել իրեն նախարար դարձրած Փաշինյանին ու նրա շահերին։
Մինչդեռ մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանն իր հայտնած դիրքորոշման մեջ նշում է ուղիղ հակառակը․ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք տեղեկություններ» ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Ինչպես նաեւ՝ չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկություններն ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, ԱԺ միջանցքներում: Թաթոյանը հղում է արել նաեւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, որոնց, կարծում ենք, Անդրեասյանն էլ է ծանոթ․
«Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ, Մանդլին եւ այլոք՝ ընդդեմ Հունգարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը)»։ Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում, ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքն ԱԺ շենք կամ դրա մի մաս, պաշտպանի համար անընդունելի է։
Փաստաբան Արա Ղազարյանն ավելացնում է՝ նման բազում գործեր կան։ Անվտանգության եւ լրագրողի տեղաշարժի սահմանափակման մասին Ղազարյանն ասում է․ «Առերեւույթ պարզ է, որ դա անհամարժեք գործողություն է։ Անվտանգությունը, իհարկե, կարեւոր է, բայց դա պետք է լինի համարժեք։ Անհամարժեք է, որովհետեւ մինչ այս անվտանգության խնդիր չի եղել, եղել է ավելի շատ լրագրողական պրոակտիվ գործունեության միջամտություն ԱԺ պատգամավորների առօրյա գործունեությանը, ասենք՝ միջանցքներում քայլում են, լրագրողը մոտենում է, հարց է տալիս։ Բայց այդ երեւույթն անվտանգության հետ կապ չունի։ Եվ եթե խոսքը վերաբերում է անվտանգությանը, ապա պետք է կոնկրետ լինի, որովհետեւ նժարի մյուս մասում դրված են լրատվական ազատությունը եւ հասարակությանն ինֆորմացիա հասցնելու առաքելությունը»։
Հիշեցնենք․ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող՝ լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումները պատճառաբանվում են որպես ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների մաս, որի հիման վրա էլ ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում եւ լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում: Թեպետ ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացվում:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մեկնաբանում է՝ անվտանգության միջոցառումները չեն կարող լինել շարունակական եւ ոչ տրամաբանական։
«Դա պետք է լինի բացառիկ դեպքերում եւ չափազանց հիմնավոր ու հասարակության համար խելամիտ բացատրությունների պարագայում։ Այսինքն՝ չգիտեմ․ էսօր, հենց այս պահին մարդասպանություն է եղել, խնդրում եմ, մի քիչ հեռու կանգնել, որ ձեզ էլ չվնասեն։ Կարող է սա լինել մի կես ժամով, մի ժամով, որը տրամաբանորեն հասկանալի լինի»,- ասում է Էդգար Ղազարյանը։ Բայց հոկտեմբերի 27-ից 22 տարի անց հիշել են, որ ԱԺ շենքում ահաբեկչություն է եղել։
Իսկ ԱԺ շենքի տարածքում մեծ թվով զինված ծաայողների առկայությունը, ըստ Ղազարյանի, անթույլատրելի է ցանկացած պետական մարմնում։ «ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության հատուկ սարքերով՝ պատգամավորներին խուզարկելով, արգելելով, որ իրենց նախընտրած իրերը տանեն ԱԺ դահլիճ… կարծեմ՝ չեն թողել, որ Ագնեսա Խամոյանը տանի մուրճը։ Ի՞նչ իրավունք ունի ինչ-որ մի ծառայող, որ որոշի, թե ինչ տանի պատգամավորը։ Պատգամավորը կարող է ելույթի ժամանակ դիդակտիկ նյութեր օգտագործել, գեղարվեստորեն ներկայացնել իր խոսքը, ո՞վ է այդ ծառայողը, որ պետք է որոշի։ Կամ՝ անվտանգության աշխատակիցների խնդիրը ոչ թե պատգամավորներից ուրիշի անվտանգությունն ապահովելն է, այլ պատգամավորների անվտանգությունն ապահովելը, եւ նրանք իրենց ծառայությունը պետք է անեն աննկատ։ Մանավանդ տեխնիկայի էս պայմաններում, 21-րդ դարում ո՞վ է տեսել էդքան մեծ թվով ուժային կառույցների ներկայացուցիչներ ԱԺ շենքում ու բակում՝ ավտոմատներով․․․ դա հոգեբանական ճնշման միջոց է պատգամավորների վրա, հասարակության։ Անվտանգություն․․․ ցանկացած բան կարող ես «հիմնավորել» անվտանգությամբ։ Այսինքն՝ ի՞նչ սպառնալիքներ գոյություն ունեն»։
Նաեւ փորձենք հասկանալ, թե այս «երկաթյա տրամաբանությունն» ինչ կապ ունի իրավաբանության հետ, եւ կարո՞ղ է պատահել, որ սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների նկատմամբ տոտալ «մեղավորության կանխավարկածի» կիրառում։
ՄԻՊ Արման Թաթոյանի հայտնած դիրքորոշման մեջ նման ակնարկ կա․ «Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով»։ Էդգար Ղազարյանը համամիտ է՝ սա անմեղության կանխավարկածի ոտնահարում է։ Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի հետ տարվող զուգահեռներին, ասում է․ «Դա եղել է 22 տարի առաջ։ 22 տարի առաջվա իրադարձությունը, որից հետո պառլամենտում հազար բան է եղել… ու ի՞նչ՝ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ն ամեն օր այդպե՞ս է եղել։ 2 տարի առաջ ԱԺ դռներն էին բացել, ասում էին՝ քաղաքացիները կարող են գալ, մտնել։ Աշխարհի շատ երկրների պառլամենտներում քաղաքացիներ են մտնում պառլամենտի շենքեր, նիստերի դահլիճ, ծանոթանում․․․»։
ՀԳ․ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Հիմար պատճառաբանություն է, ինչի՞ մասին է խոսքը»։ Մենք փորձեցինք ստանալ նաեւ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի դիրքորոշումը, սակայն նա ասաց, թե ծանոթ չէ սահմանափակումների վերաբերյալ իշխանության հայտարարություններին։