Հասարակություն

Որտեղ է Մկրտիչ սրբազանը և ուր են անհետացել քահանաները

Որտեղ է Մկրտիչ սրբազանը և ուր են անհետացել քահանաները

Առավոտից ԱԱԾ֊ն ներխուժել է Արագածոտնի թեմի  առաջնորդարան, խուզարկություն է իրականացնում։ Արգելված է քաղաքացիներին, փաստաբաններին և լրագրողներին ներս մտնել։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին բերման են ենթարկել։ Տպավորություն է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձերբակալության և կալանավորման սցենարն է կրկնվում։ Տեղեկացանք, որ ՄԻՊ-ից հայտնել են փաստաբաններին, թե Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն այս պահին գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։

Նշենք, որ սրբազանից բացի, ինչպես արդեն հայտնել ենք,  ևս  5 քահանա է բերման ենթարկվել։ Նրանց հստակ գտնվելու վայրը հայտնի չէ։Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառենին բերման էին ենթարկել առավոտյան։ Մայր աթոռի տեղեկատվական կապերի պատասխանատու  Տեր Եսայի քահանա Արթենյանի տեղեկացմամբ՝ խուզարկություն էր կատարվել նաև Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։

Բերման ենթարկված քահանաներն են Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը,  Տեր Մկրտիչն ու Տեր Ղևոնդը։ Տեղեկություններ կան, սակայն, որ տեր Օշին քահանային նույնպես բերման են ենթարկել, նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։ Տեր Եսայի քահանան նույնպես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որից տեղեկություն էինք ուզում ճշտել Օշին քահանայի և մյուսների վերաբերյալ։ Արագածոտնի  թեմից մեկ այլ հովվի Տեր Վրթանես քահանայի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։

Ի դեպ, մեր տեղեկություններով քահանաներին հանձնարարվել է` այս պահին մեկուսանալ և չպատասխանել հարցերին։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է, որի նկատմամբ այս պահին քրեական գործ են ուզում  հարուցել՝ Արամ քահանայի` Հ1-ին տված հարցազրույցի հիման վրա, որտեղ ասում է, թե հանրահավաքներին վերադասի ցուցումով է մասնակցել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image