Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը, որ տեղի ունեցավ հայ-թուրքական սահմանին, ինչպես եւ կանխատեսվում էր, հերթական շարքից էր։ Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացանք, որ Ռուբինյանն ու Քըլըչը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»։
Սա հանդիպման նորությունն էր, մնացածը՝ հայտարարություներ, որ նոր չեն, օրինակ, այն մասին, թե կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի են շարունակելու։ Կողմերը խոսել են նաեւ դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար վիզայի ընթացակարգերը դյուրացնելու մասին, ի դեպ, ոչ թե այդ անձանց համար սահմանը բացելու, ինչպես պայմանավորվել էին նախորդ հանդիպմանը։
Դատելով հրապարակված տեքստից, կարող ենք պնդել՝ Թուրքիան մոտ ապագայում մտադիր չէ Հայաստանի հետ սահմանը բացել եւ դա չի էլ թաքցնում, որքան էլ հայկական կողմը ցուցադրի, թե Մարգարայում ամեն ինչ պատրաստ է շահագործման։
«Երկու տարի առաջ վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների միջեւ, որ Մարգարայի անցակետը, այսինքն, ցամաքային անցակետը, պիտի բացվի։ Երկու տարին անցավ եւ Թուրքիայի կողմից որևէ շարժ չեղավ, Հայաստանը, ինչպես պարտաճանաչ պիոներ ճանապարհը սարքեց, անցակետը պատրաստեց։ Հիմա՝ երկու տարի հետո, նորից նստեցին, սրճեցին այդ երկու անձնավորությունները, և այս անգամ Մարգարայի մասին ընդհանրապես խոսք չկար։ Այս անգամ մեջտեղ դրվեց երկաթգծի շահագործման մասին միտքը։ Տեսնենք, գուցե երկու տարի էլ երկաթգծի այդ պատմությունը կլոլոզեն ու մեր առջև կուտ կդնեն»,-մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ «Հրապարակ»-ին ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Անցնող երեքից ավելի տասնամյակում Թուրքիան երբեք նպատակ չի ունեցել ու այսօր էլ չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու սահմանը բացել։ Ինչպես Լոքմագյոզյանն է ասում, Թուրքիան, նվազագույնը վերջին 100 տարվա ընթացքում մեկ նպատակ ունի Հայատսանի հետ կապված եւ դա ամենեւին, բարիդրացիությունը չէ։
«Այս 30-35 տարվա մեջ Թուրքիան երբեք էլ նպատակ չի ունեցել Հայաստանի հետ բարիդրացիություն ունենալ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Դա նշանակում է՝ ես քեզ ընդհանրապես չեմ ճանաչում, ես քեզ ընդհանրապես մարդահաշիվ չեմ անում և քեզ հետ կապված այլ նպատակներ ունեմ, դրա համար ինձ պետք չէ քեզ ճանաչել, դու ինձ համար ոչ մեկն ես։ Սա է Թուրքիայի մոտեցումը։ Թուրքիան նպատակ ունի վերացնել Հայաստանը և հայ ժողովուրդին։ Մենք սա պետք է միշտ հիշենք»,-ասում է Լոքմագյոզյանը ու շեշտադրում , որ այս հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ խոսք չկար դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանը բացելու մասին։
«Հատկապես այս վերջին հինգ-վեց տարիներին Թուրքիայի կողմից Դուք որևէ հայտարարություն լսե՞լ եք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Ո՛չ, չկա նման հայտարարություն։ Եթե նախկինում Թուրքիայի կողմից նախապայմաններ կային, որոնց դիմաց այն ժամանակ, գոնե ձևականորեն, խոսվում էր դիվանագիտական հարաբերությունների մասին, թեեւ այն ժամանակ էլ նման նպատակ չուներ Թուրքիան, այսօր արդեն անգամ ոչ թե նախապայման այլ միայն պահանջներ ունի Թուրքիան»,-արձանագրում է թուրքագետը եւ հիշեցնում, որ մյուս կողմից էլ աննախադեպ պահանջեր Բաքուն է դնում՝ ամբողջ Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։
Թուրքիան, ըստ մասնագետի, այժմ պարզապես ժամանակ է ձգում, իսկ ընթացիկ զարգացումները տեղավորվում են տարածաշրջանում ամերիկյան մեծ ծրագրերում․ «Սա է ԱՄՆ-ի ծրագիրը՝ Թուրքիայի գլխավորությամբ կազմել Թուրանը, որը միմյանցից բաժանելու է իր համար հակառակորդ և ատելի Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը և Ռուսաստանը, սակայն այստեղ, ինչպես 100 տարի առաջ, ոչ միայն Թուրքիային, այլև հիմա ԱՄՆ-ին է Հայաստանը խանգարում։ ԱՄՆ-ի միակ խնդիրը այստեղով միջանցք ունենալն է, որի մասին թուրքերը շարունակ խոսում են»։
Արցախի նվիրաբերումն Ադրբեջանին Լոքմագյոզյանը հենց այս մեծ ծրագրի ածանցյալն է համարում՝ նվեր թուրքական աշխարհին այս մեծ ծրագիրն իրականացնելու համար։
Ինչ վերաբերում է հանդիպման ոչ հրապարակայն մասին ու հարցերի շրջանակին, որոնք կարող էին քննարկել կողմերն ու այդ մասով պայմանավորվածության գալ, ըստ մեր զրուցակցի, գուցե մի օր իմանանք, երբ «բանը բանից անցած կլինի»։