Ժամանակակից աշխարհի ամենամեծ խաբկանքը բաց հասարակության գաղափարն է: Այն ի հայտ է եկել որպես այլընտրանք ամբողջատիրական համակարգերին, բայց ժամանակի ընթացքում հենց ինքն է փոխակերպվել ամբողջատիրության մի տարակերպի, որը կառուցարկվում է մշակութային անհերքելի միատարության վրա:
Իմ համոզմամբ գաղափարն ինքնին քաղաքական առասպել է, քանի որ մարդկությունը ձախողվել է բաց հասարակություն կառուցելու ճանապարհին և ձախողվելու է նորից ու նորից։ Ժամանակակից աշխարհը մարդատյաց է. պոլիտկոռեկտության ուրվականի ներգործությամբ հաշված րոպեների ընթացքում ցանկացած մարդուն կարող են ոչնչացնել ու փոշի դարձնել։ Մեզ խաբել են, թե մենք ազատ աշխարհում ենք ապրում, չկա նման բան, դա վարդագույն խաբկանք է։ Իրականում մենք ապրում ենք «Պանոպտիկոնի» մեջ։ Ի դեպ սա ես չեմ ասում, այլ՝ Մ. Ֆուկոն (Foucault M., Discipline and Punish): Պանոպտիկոնը կլոր բանտ է, ու ինչպես ասում է գաղափարի հեղինակ Բենտամը, դա բանտի իդեալական մոդել է։ Իսկ Ֆուկոն էլ գրում է, որ մենք ապրում ենք հենց այդ իդեալական բանտի մեջ։ Տեսեք Պանոպտիկոնն իր կլոր կառուցվածքով հնարավորություն է տալիս, որ ընդամենը մեկ հսկիչ կարողանա հետևել ամբողջ բանտին։ Բանտարկյալները չգիտեն, թե հսկիչը կոնկրետ որ ուղղությամբ է նայում, բայց անընդհատ զգում են նրա անտեսանելի ներկայությունը։ Այսինքն՝ բռնություն գործադրող մի ամբողջ գումարտակին փոխարինելու է եկել ընդամենը մի հոգի, որն առանց ֆիզիկական բռնության լարվածության մեջ է պահում ամբողջ բանտին։ Նույն տրամաբանության վրա է կառուցված նաև մեր կյանքը։
Մենք այլևս միջնադարում չենք ապրում, մեզ չեն վառում, կախում ու կտտանքների չեն ենթարկում, մենք դուրս ենք ամբողջատիրական հասարակարգի տրամաբանությունից, բայց, այնուամենայնիվ, մեզ անընդհատ հետևում են։ Փաստորեն ամբողջատիրության ու բաց հասարակության տարբերությունն այն է, որ ֆիզիկական բռնության փոխարեն մեզ հետևում են, այսինքն արյունոտ ինկվիզիցիային փոխարինելու է եկել անարյուն ինկվիզիցիան։ Մեզ տեղավորել են քառակուսի սահմանների մեջ, ասել են, որ ազատ ենք ու մենք խաբվելով գլխի չենք ընկել, որ ընդամենը կլոր բանտի մեջ ենք։ Մեզ հետևում են, հետևում է իշխանությունը, հետևում է հանրությունը, բոլորը, բոլորը։ Եվ երբ մենք փորձում ենք դուրս գալ այդ սահմաններից, «բանտում» ապրող «ազատները» մեզ ոչնչացնում են, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ՝ հոգեպես ու մարդկայնորեն։ Ի՞նչ տարբերություն միջնադարում կախարդության մեղադրանքով կնոջը այրելու ու 21-րդ դարում անհատին հոգեպես ոչնչացնելու միջև։
Կարծես թե սոցիալական ցանցերը «փողոցային պառլամենտի» կարգավիճակ են ստացել, որտեղ կիսագրագետ զանգվածները պարբերաբար դատում են մարդկանց, իհարկե հոգեբանական կտտանքների հատուկ ծիսակարգով: Չկա տարբերություն, աշխարհը չի փոխվել, փոխվել են միայն կտտանքների գործիքները։ Թերևս միջնադարի տարբերակը մի փոքր ավելի արժանապատիվ է, քանի որ այրվող կինը հետո ստիպված չէր լինելու տեսնել իրեն ատող, գազազած ամբոխի արյունոտ բերանները։ Իսկ ժամանակակից մարդը տեսնում է, և նույնիսկ անմիջական մասնակիցն է դառնում իր իսկ հուղարկավորության: Պետք է հասկանանք, որ գրաքննությունը միայն ինստիտուցիոնալ դրսևորում չէ, պարտադիր չի դրա համար հատուկ ցենզուրայի նախարարություն ունենալ։ Գրաքննությունը կարող է լինել նաև տարերային, երբ ամբողջ հանրությունն է դառնում գրաքննող, իսկ դրա առաջնային հիմնասյունը լղոզված ու անսահման պոլիտկոռեկտությունն է՝ լեգիտիմացված զանգվածների կողմից։ Փակ ու սուրբ թեմաներ կան, փորձի շոշափել դրանք ու միանգամից կդառնաս տականք, կոչնչանաս ու հետքդ էլ չի մնա։
Պետք է նաև նկատել, որ, կարծես թե, կրկնվում է Հարավ Աֆրիկյան Հանրապետության տխրահռչակ պրակտիկան, երբ սպիտակների կողմից ճնշված սևամորթները ապարտեիդից հետո սկսեցին ճնշել սպիտակներին։ Կարծում եմ սա համամոլորակային բնույթ է ստանալու ու նախկինում ճնշվածները փորձելու են ռևանշ վերցնել ճնշողներից՝ ճնշելով նրանց։ Օրինակ Իսլամական տեռորիզմը հազար ու մի պատճառ ունի, բայց դրա գաղափարական ընդլայնման առաջնային աղբյուրներից մեկը ռևանշիզմի գաղափարն է, իբրև թե «Իսլամական աշխարհը» պետք է ռևանշ վերցնի ժամանակին իրեն գաղութացնողների նկատմամբ։ Այդ նույն տրամաբանությամբ աշխարհի տարբեր կետերում կարող ենք տեսնել սևամորթների մոտ լայն տարածում ստացող ռասիստական տրամադրությունները սպիտակների նկատմամբ։ Բայց կարո՞ղ ես ձայն հանել, տականք ռասիստի պիտակը կկպցնեն ճակատիդ։ Փաստորեն նրանք ռասիզմին փորձում ենք հակադարձել ռասիզմով՝ ենթագիտակցության մեջ ունենալով ռևանշի գաղափարը։
Գրեթե կասկած չունեմ, 50 տարի հետո գեյերն էլ խտրական վերաբերմունք են ցույց տալու հետերոների նկատմամբ։ Դա գրեթե օրինաչափություն է, քանի որ նույնիսկ հիմա էլ կարելի է նկատել կուտակվող ագրեսիան ու ատելությունը, որը փոխադարձ է։ Կարո՞ղ ես ծպտուն հանել, հետադիմականի ու հոմոֆոբի պիտակները կկպցնեն ճակատիդ։ Ատելության այս միջավայրը աշխարհը լավ տեղ չի տանելու ու ելք չկա, որովհետև մենք ապրում ենք կլոր բանտի՝ պանոպտիկոնի մեջ ու մեզ թվում է, թե ազատ ենք։ Այսպես դեռ երկար կշարունակվի, քանի դեռ գոյատևում է «բաց հասարակության» խաբկանքը, ու դրա կողքին քարշ են գալիս հորինված թշնամիները՝ արհեստական ու լպրծուն պիտակումներով դրոշմված՝ ռասիստներ, հոմոֆոբներ, սեքստիստներ և այսպես շարունակ։ Բաց հասարակությունը չի կարող թշնամիներ ունենալ, բայց, ինչպես տեսնում ենք, այն կառուցարկվում է հենց ատելության ու թշնամանքի հիմքի վրա և նույնիսկ ամենազարգացած հանրույթներում: Մարդակենտրոն հորջորջվող աշխարհում մարդու գաղափարն այլևս ջախջախիչ պարտություն է կրել, և դա անշրջելի իրողություն է: