«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
- Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կարծես մոտենում է ավարտին: Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է լիարժեք հրադադարի եւ խաղաղության:
- Հակամարտությունն ավարտին չի մոտենում: Ուկրաինայի կապիտուլյացիա չկա, այդ պատճառով էլ պատերազմը կշարունակվի: Զելենսկին օգտվում է Եվրամիության աջակցությունից եւ մասամբ՝ Միացյալ Նահանգների աջակցությունից, այդ պատճառով էլ վերջը դեռ չի երեւում:
- Բայց չէ՞ որ Թրամփը հայտարարեց՝ վերջ կդնի Ուկրաինայում պատերազմին:
- Եվրամիությունն օգնում է Զելենսկուն, իսկ Եվրամիության վրա Թրամփն ազդել չի կարող:
- Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ավարտից հետո Ռուսաստանը մտադի՞ր է Հարավային Կովկասում վերականգնել իր ազդեցությունը, ներկայությունը, եւ ո՞ր երկիրն է նրա համար լինելու գլխավորը:
- Ռուսաստանն արդեն զբաղվել է Անդրկովկասով եւ սկսեց հենց Հայաստանից: Սակայն ես Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների կարգավորման որեւէ հեռանկար չեմ տեսնում: Հայաստանն իր ընտրությունն արել է, եւ այդ ընտրությունը դեմ է Ռուսաստանին:
- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելելու է Բաքու եւ հինգ օր այնտեղ է լինելու: Այդքան երկար այցելություններ, որպես կանոն, պետությունների ղեկավարները չեն ունենում:
- Իսրայելի եւ Ադրբեջանի համար կարեւորագույն ընդհանուր թեման Իրանի դեմ իրենց պայքարն է:
- Իսկ կարծում եք` ԱՄՆ-ի հետ համաձայնեցվա՞ծ է այդ պայքարի առնչությամբ քննարկումը:
- Անշուշտ, Իրանի դեմ իրենց պայքարում Իսրայելն ու Ադրբեջանն օգտվում են ԱՄՆ աջակցությունից:
- Դա ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա, ըստ Ձեզ:
- Հիմա Հայաստանն էլ է Իրանի դեմ, պարզապես չեմ կարծում, թե Բաքուն թույլ կտա Հայաստանին՝ միանալ իրենց ընդհանուր կոալիցիային:
- Ստացվում է, որ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների պարագայում Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանը ռազմական գործողությունների դաշտ դառնալու վտանգի առա՞ջ է:
- Հայաստանը ոչ մեկի դեմ չի կռվի, եւ Հայաստանում կռվող չկա՝ Հայաստանն արդեն հանձնվել է:
- Փաշինյանը դեռ Հայաստան չէ:
- Սակայն Փաշինյանի դեմ ռեալ ընդդիմություն եւս չկա։