Այս պահին ձևավորվում են փոխհարաբերությունների նոր ձևաչափեր. ուշադրություն դարձրեք` բոլոր հետսովետական երկրները, որոնք խաղադրույք էին կատարել դեմոկրատների ադիմնիստրացիայի ու Եվրոպայի վրա, նրանց թիկունքն ամբողջությամբ փլուզվում է: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Եթե խոսենք կոնկրետ Հայաստանի մասին, հասկանալի է, որ ինչպես միշտ, հայերը ուշանում էին և այս անգամ էլ ուշացան: Նրանք ստորագրեցին ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը հեռացող ադմինիստրացիայի հետ, նրանք դեպի Եվրոպա կուրս վերցրեցին այն պահին, երբ Եվրոպան ինքը փլուզվում է ամբողջությամբ: Նրանք ուշացան, այս իրավիճակում նրանք չկարողացան ճիշտ վերլուծել Ռուսաստանի ազդեցությունը` ինչպես ռեգիոնալ, այնպես էլ գլոբալ կոնտեքստում, հետևաբար այս տարվա ընթացքում, ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումից հետո, չենք բացառում, որ մայիսի 9-ին՝ Մոսկվայում, պատերազմի հաղթանակի տոնին կլինի և Թրամփը, և Պուտինը, և չեմ բացառում, որ ամբողջ հետսովետական տարածքը ամերիկացիների կողմից փոխանցվի Ռուսաստանի ազդեցության գոտի: Ինչու է դա արվում, խնդիրն այն է, որ ամերիկացիները փորձում են ռուսներին հետ պահել Չինաստանից: Ուկրաինայի մասով զիջումները արդյունավետ չէին, որովհետև Ուկրաինայում Ռուսաստանն առանց ամերիկացիների զիջումների իր արդյունքները գրանցեց, իսկ Սովետական միության սահմաններով ազդեցության վերկանգնումը, ուշադրություն դարձրեք, որ խոսքը Սովետական միության վերածնունդի մասին չէ, այլ ազդեցության գոտիների, կարող է լինել այն զիջումը կամ քայլը, որը կարող է կամ չմերժել կամ չպետք է մերժի, ինչպես իրենք են ենթադրում»,- նկատեց ռուս քաղաքագետը:
Տարասովը շեշտում է, որ պետք է ուշիուշով հետևել ԱՄն-Ռուսաստան-Չինաստան եռանկյուն հարաբերություններին, որին կարող է միանալ նաև Հնդկաստանը: Նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում շատ մեծ պատմական իրողությունների ենք ականատես դառնում, ասում է Տարասովը ու հավելում, որ սա համեմատելի է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ձևավորված նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացին:
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Թրամփը շուտով Եվրոպայի բոլոր լիդերներից «լյուլյա-քեբաբ» է պատրաստելու ու Եվրոպայում փոխելու է ամբողջ իշխանությունը, ինչին ամենայն հավանականությամբ կհաջորդի հետսովետական երկրների էլիտաների փոփոխությունը:
«Հնարավոր է` ինչ-որ մեկը գոյատևի, ինչ-որ մեկը` ավելի ուժեղ, մեկը` ավելի թույլ»,- ասաց քաղաքագետը: