Հասարակություն

Ինչ իմաստ ունի

Ինչ իմաստ ունի

3 միլիոն մարդու մեջ կարող են մի 3 հարյուրն էլ անհաղթահարելի ատելություն ունենալ նախկին նախագահների հանդեպ, եւ քանի որ հենց նրանք են Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, չի բացառվում, որ մարզեր գնալիս հենց նրանց են բերում, կանգնեցնում, որ դիմավորեն ու լուսանկարվեն վարչապետի հետ: Եվ գուցե նաեւ հենց այդ պահին` Նիկոլին հաճոյանալու համար, իմանալով նրա բացասական վերաբերմունքը եւ իշխանության գալու պատմությունը, նրանցից ոմանք ասեն` «ինչի՞ նստած չեն Սերժն ու Ռոբը»: 3 միլիոն մարդու մեջ կարող են մի 300 հազար մարդ էլ մեղադրել Փաշինյանին ու 44 օր բունկերում անցկացրած իր կնոջը` պատերազմում պարտության, զոհերի, Արցախը հանձնելու համար, եւ տարբեր հարթակներում անիծեն ու հայհոյեն վարչապետին ու կնոջը: Եթե անգամ 300 հազար չէ, զոհված 5 հազար տղաների հարազատների մեծ մասը հաստատապես նրանց է մեղադրում եւ անիծելու ու հայհոյելու է մինչ մահ-գերեզման:

3 միլիոնի մեջ կարող է նաեւ 30 հազար մարդ լինել, որն ատում է ռուսին, մյուս 30 հազարը` հնդիկին, հաջորդ 30 հազարը` իրանցուն եւ անգամ վրացուն: 3 միլիոնի մեջ կարող է նաեւ 3 հազար հոգեխանգարված մարդ լինել, որ ատում է արցախցուն եւ Արցախն է համարում մեր դժբախտությունների պատճառը: Բայց սա բոլորովին չի նշանակում, որ պետությունը, իշխանությունը, էլիտան պետք է առաջնորդվի այդ 3 կամ նույնիսկ 30 հազարի կամքով ու ճաշակով: Փաստ է, որ անգամ այն 300 հազարի ցանկությամբ ու պատվիրաններով չեք առաջնորդվում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մարդկանց, խմբերի թելադրանքի մասին խոսելը, նրանց վկայակոչելը, հղում տալը, թե` ինձնից պահանջում են դատել «Սերժին ու Ռոբին», «ինձ տիեզերական անբարոյական են ասում»: Ձեր նախընտրություններն ու կոմպլեքսները մի փաթաթեք հանրության վզին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image