«ԲՌԻԿՍ»-ի ընդլայնումը նոր հնարավորություններ է բացում, որով ստեղծվում է հզոր դաշինք՝ ի զորու ազդելու միջազգային քաղաքականության վրա։ Այս մասին գրում է The Indian Express-ն անդրադառնալով այս միավորմանը Արգենտինայի, Եգիպտոսի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եթովպիայի անդամակցությանը։ Համաձայն հրաարակման, այս հանգամանքը թույլ կտա գործել Գլոբալ Հարավի անունից։
Անդրադառնալով ՀԱՀ մայրաքաղաք Յոհաննեսբուրգում տեղի ունեցած «ԲՌԻԿՍ» գագաթնաժողովին, հնդկական ազդեցիկ այս պարբերականը գրում է, որ վերոնշյալ անդամներով համալրված եւ հզորացած ԲՌԻԿՍ-ը կարող է հանդես գալ զարգացող երկրների շահերի պաշտպանությամբ։ Նման կարծիք հայտնել է նաեւ ֆրանսիական La Tribune-ը, ընդգծելով նաեւ, որ «ԲՌԻԿՍ»-ի ընդլայնումը մարտահրավեր է Արեւմուտքի համար։ «Զարգացող երկրները գիտեն, որ իրենց ֆինանսավորման համար կարող են դիմել ոչ թե Համաշխարհային բանկին կամ Արժույթի միջազգային հիմնադրամին, այլ «ԲՌԻԿՍ»-ին»,- նկատում է La Tribune-ը։