Քաղաքականություն

Ապերախտի համար երանելին իր բարերարի երեսին թքելու պահն է

Ապերախտի համար երանելին իր բարերարի երեսին թքելու պահն է

Նիկոլ Փաշինյանին թվում է, որ իր պաշտոնը միայն նրա համար է, որ արդարացնի իր հանցավոր անգործությունը, իսկ Ազգային ժողովի ամբիոնն էլ համայն աշխարհով Հայաստանն ու հայ ժողովրդին խայտառակելու համար է: Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նրան հարց են տալիս, թե ինչու է Հայաստանի իշխանությունը մենակ թողել Հալեպի 10 հազարին մոտ հայ համայնքին, ասում է, որ նրանք Սիրիայի քաղաքացի են, ի լուր աշխարհի՝ ասում է․ «Ես չեմ կարող Հալեպի հայ համայնքին, որոնք նաեւ Սիրիայի քաղաքացի են, Սիրիայի կառավարության իրավազորության տակ են, Սիրիայում կառավարություն կա, Սիրիայում իշխանություն կա, Սիրիան մեզ համար բարեկամական ժողովուրդ ա… չեմ կարող որոշում կայացնել, եւ այդ երկրի քաղաքացիներին… եթե նույնիսկ ես նման հանդգնություն ցուցաբերեմ, որ էդպիսի որոշում կայացնեմ, երկու հարց կա` նախ, այդ որոշումն ո՞ւմ է հետաքրքիր, եւ ոնց եմ իրագործելու: Ինչքան էլ մեր գործընկերները նեղվում են դրանից, այստեղ էլի պետության եւ ապապետության մասին է»: Այս պատասխանն իսկապես պետության չգոյության մասին է:

Փաշինյանն այնքան է զբաղված սեփական երկրի քաղաքացիներին հարկելով, տուգանելով, որ ժամանակ չունի տեղեկանալու, որ Հալեպն արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում է պրոթուրքական զինված խմբավորումների վերահսկողության տակ, հետեւաբար՝ Հալեպի եւ տեղի հայ համայնքի վրա Սիրիայի իշխանությունների իրավազորությունը չի տարածվում: 10 հազար հայ մարդ հայտնվել է հումանիտար աղետի եզրին, քանի որ անիշխանություն է, մարդիկ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, ամեն պահի զինված խմբավորումները կարող են մտել հայաբնակ թաղամասեր եւ սպանդ կազմակերպել: Եվ այս վիճակն առաջիկայում դժվար թե կարգավորվի:

Եթե Հայաստանում իսկապես իշխանություն լիներ եւ ոչ թե փաշինյանական ահաբեկչական խմբավորումը, ի՞նչ կարող էր անել Հայաստանը. բանակցել Թուրքիայի իշխանությունների հետ եւ նրանց համաձայնության դեպքում հումանիտար օգնություն ուղարկել հալեպահայերին: Երեւանից Հալեպ ընդամենը հազար կիլոմետր է` 12-14 ժամվա ճանապարհ, մանավանդ որ մաքսային սահման անցնելու անհրաժեշտություն չկա: Եթե Թուրքիան սահմանը բացում է՝ թույլ տալու, որ Հայաստանը հումանիտար օգնություն ցուցաբերի երկրաշարժից տուժած իր քաղաքացիներին, կարող է նաեւ թույլ տալ, որ Հայաստանն օժանդակություն ուղարկի իր կողմից վերահսկվող, ֆինանսավորվող եւ հրահանգավորվող վարձկանների գործունեության արդյունքում աղետի ենթարկված հալեպահայերին: Թուրքիան կարող է ապահովել հումանիտար բեռների անվտանգ անցումը. այդ տարածքում ոչ մի բան առանց թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների հրահանգի չի կատարվում: 

Երկրորդը, որ կարող էր անել Հայաստանը, եթե, իհարկե, երկրում իշխանություն լիներ, դիմել Հալեպի հայ համայնքին եւ ասել, որ ովքեր ցանկություն ունեն հեռանալ քաղաքից, Հայաստանը պատրաստ է կազմակերպել նրանց տարհանումը, եւ նույն Թուրքիայի տարածքով ավտոբուսներ ուղարկեր՝ ցանկացողներին տարհանելու համար: Միջազգային հումանիտար կազմակերպություններն էլ, հաստատ, ինչ-որ օժանդակություն կցուցաբերեին:

Ինչո՞ւ իշխանությունը չի անում այդ քայլերը: Փաշինյանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիա, որ քծնի եւ հաճոյանա Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, Հալեպում ո՞ւմ քծնի` Ասադին քծնելն իմաստ չունի, նա գրեթե կորցրել է երկրի կեսը, մյուս կեսն էլ հարցականի տակ է, բացի այդ` նա Ասադից կախվածություն չունի, քծնելու իմաստը ո՞րն է: Հալեպի ժողովրդին էլ տարհանի, բերի Հայաստան` ո՛չ հարկ են տալու, ո՛չ կարող է տուգանել, հակառակը` պետք է կեցության հետ կապված հարցեր լուծի, փող ծախսի: Բա դա իրեն ու իր կառավարությանը պե՞տք է, փող լինի` իրենք կծախսեն, իրենցով կանեն: Եթե հալեպահայության հետ էլ մի ողբերգություն պատահի, կասեն` մենք ո՛չ մեղավոր ենք, ո՛չ պատասխանատու` իրենք Սիրիայի քաղաքացի էին:

Քանի որ Փաշինյանը Հալեպի հայ համայնքի հետ կապված հարցին պատասխանելիս անդրադարձավ Հալեպում հայ սակրավորների եւ բժիշկների խմբի տեղակայման եւ տարհանման հարցին, խոսենք դրա մասին: Փաշինյանն ասում էր, որ ինքը մեծ լավություն է արել Ռուսաստանին՝ 2019 թվականին սակրավորների եւ բժիշկների խումբ ուղարկելով Հալեպ, դրանով հայտնվելով արեւմտյան երկրների քննադատության թիրախում, բայց փոխարենը ցույց է տվել, թե ինչպիսին է լինում իսկական դաշնակիցը: Իսկ, ահա, Ռուսաստանը դրան պատասխանել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելով, դավաճանելով Հայաստանին. «2019 թվականին, երբ որ մեզ, այդ թվում՝ շատ բարեկամ երկրներ, անվանում էին Արեւմուտքի կամակատար եւ խամաճիկ իրենց լրատվամիջոցներում եւ այլն, մենք 2019-ին Սիրիա սակրավորների եւ բժիշկների խումբ ենք գործուղել` ի հեճուկս ամբողջ արեւմտյան աշխարհում հաստատված կարծիքի, մեզ ուղղված ահազանգերի, պահանջների, եւ այսպես շարունակ:

Եվ ուղարկել ենք ինչի՞, որովհետեւ մեր դաշնակիցը մեզ խնդրել ա, ասել ա` մենք այնտեղ ձեր օգնության կարիքն ունենք: Եվ մենք արձագանքել ենք, որովհետեւ մենք դրանով ցույց ենք տվել նաեւ, թե դաշնակից ըլնել ինչ ա նշանակում: Ընդ որում, ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն ենք եղել, որ մեր դաշնակցի խնդրանքներին արձագանքել ենք: Թե ինչի համար ենք արել, որովհետեւ մենք ասել ենք, որ հարաբերությունների սենց որակ ենք պատկերացնում, սենց ենք պատկերացնում դաշնակից լինելը եւ սեփական պայմանագրային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ մեզ ասում են՝ արեւմտյան կամակատար կառավարություն ա: Ամենաբարձր մակարդակով, անձամբ ինձ, Արեւմուտքից խնդրվել, պահանջվել ա, որ մենք առաքելությունը չուղարկենք, ուղարկել ենք: Սրանով ես ուզում եմ արձանագրել, որ, ցավոք, մեր ոչ բոլոր դաշնակիցների պատկերացումն ա դաշնակից լինելու վերաբերյալ այնպիսին, ինչպիսին մերն ա եղել: Եվ որեւէ մեկը մեզ որեւէ բանում մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական հիմք չունի: Մենք մեր դաշնակցային պարտավորությունները կատարել ենք, բայց մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել, նեղ պահին մեզ թողել են մենակ, մեզ լքել են, եւ, այո, կան կարծիքներ, որ մեզ դավաճանել են»: 

Գժությունն էլ պետք է սահման ունենա, ապերախտությունն էլ, գյումրեցիներն ասում են` գիժ գժի տարբերություն կա, սրանցն անսահման է: Նախ՝ Փաշինյանը երեւի տեղյակ կլինի, որ Հայաստանը, բացի Սիրիա սակրավոր ու բժիշկ ուղարկելուց, զինվորական միավորումներ է ուղարկել Կոսովո, Աֆղանստան եւ այլ երկրներ` ՆԱՏՕ-ի զորակազմում զինվորական ծառայություն իրականացնելու, այդ թվում՝ եւ իր պաշտոնավարման շրջանում: Ոչ թե բժիշկ կամ սակրավոր, այլ՝ զորախումբ, իսկ ո՞ւր էր ՆԱՏՕ-ն, երբ Հայաստանը հարձակման էր ենթարկվում, այդ թվում՝ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից: Փաշինյանն է 44-օրյա պատերազմի ժամանակ խոսել Հայաստանի դեմ հարձակմանը Թուրքիայի մասնակցության մասին: Իսկ հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը պատմում էր, թե ինքն է Ռուսաստանի նախագահին 44-օրյա պատերազմի ժամանակ խնդրել, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուսական զորք տեղակայի՝ վախենալով, որ ադրբեջանական բանակը կարող է Հայաստան մտնել, ու Ռուսաստանը տեղակայել է, եւ միայն այս տարի, Փաշինյանի առաջին իսկ պահանջով` հեռացրեց: Ռուսաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին նաեւ զենք ու զինամթերք է ուղարկել, այն էլ՝ շատ դժվար ճանապարհով` Իրանի միջոցով, քանի որ բարեկամ Վրաստանն իր տարածքը փակել էր Հայաստան զենքի մատակարարումների համար: Ապերախտությունը եւ երախտամոռությունը եւս պետք է սահման ունենան, չնայած արեւելյան ասացվածքն ասում է, որ ապերախտի համար ամենաերանելի պահն այն է, երբ նա կարող է թքել իր բարերարի երեսին: Հիմա Փաշինյանի համար այդ երանելի պահն է: 

Ինչ վերաբերում է կայսրությունների զորախմբերի կազմում կախյալ երկրների խաղաղարար կոչվող առաքելություններին մասնակցելուն, ապա դա կախյալ երկրների պարտքն է եւ պարտավորությունը: Դա նորություն չէ, եւ հազարամյակներ շարունակ նվաճված կամ կախյալ երկրները պարտավորություն են ունեցել ռազմական մասնակցություն ունենալ կայսրությունների կողմից իրականացվող ռազմական գործողություններին` սկսած Ասորեստանից, Հռոմից մինչեւ մեր օրերը: Հայ թագավորներն իրենց զորքով մասնակցել են Պարսկաստանի, Հռոմի, Բյուզանդիայի արշավանքներին: Երբ Գերմանիան պատերազմում էր ԽՍՀՄ-ի դեմ, գերմանական բանակում կային ֆրանսիական, չեխական, հունգարական, իտալական, ռումինական եւ այլ նվաճված կամ կախյալ երկրների զորամիավորումներ: Երբ ԱՄՆ-ն որեւէ երկրում, օրինակ, Աֆղանստանում, Իրաքում կամ Լիբիայում ռազմական գործողություն է իրականացնում, դրան մասնակցում են լեհական, գերմանական կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, որովհետեւ նրանք չեն կարող մերժել դաշնակցին: Ուկրաինան էլ է մասնակցել ՆԱՏՕ-ի տարբեր ռազմական միջոցառումների ու զորք ուղարկել, բայց հիմա չի կարող պահանջել, որ իրեն էլ զորքով օգնեն, որովհետեւ Ուկրաինան է կախյալ երկիրը եւ ոչ թե հակառակը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image