Հարցազրույց

«Հրապարակ». ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն` վաղն իրենք կարող են այդ կարգավիճակում հայտնվել

«Հրապարակ». ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն` վաղն իրենք կարող են այդ կարգավիճակում հայտնվել

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ադրբեջանական բանտում հայտնվելուց մեկուկես տարի անց Բաքվի զինվորական դատարանը սկսել է նրանց դատավարությունը: Ակնհայտ է, որ սա քաղաքական դատավարություն է` գործերը շինծու են, հայ ռազմագերիները զրկված են պաշտպանության տարրական իրավունքից: Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածել, թե ինչպես են մեկուսարանից ռազմագերիներին դատարան տանում, ապա՝ դատարանի դահլիճ: Արցախի ղեկավարների, բարձրաստիճան զինվորականների դատավարությանը հետեւելու հնարավորություն չկա, այն անցկացվում է դռնփակ ռեժիմով: Բայց Ադրբեջանի հրապարակած կադրերից պարզ դարձավ, որ գրեթե անճանաչելի են դարձել հայ գործիչները: Նրանք խոշտանգվել են, հյուծվել ու ծերացել: Իսկ բռնապետական Ադրբեջանը հնարավորություն չի տալիս, որ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ոչ ադրբեջանցի փաստաբանները ներկա գտնվեն այդ դատական ֆարսին: Բայց միջազգային մամուլում բազմաթիվ ռեպորտաժներ են հրապարակվել այս օրերին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, ադրբեջանական կողմի դաժանությունների եւ այն մասին, որ սա քաղաքական հաշվեհարդար է: Հայաստանում եւս դատավարության մեկնարկն ու տարածված լուսանկարները շոկ առաջացրին` համացանցում բազմաթիվ գրառումներ արվեցին, ակցիաներ եղան, իսկ իշխանական վերին օղակները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, լուռ են ու անհաղորդ: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ:

- Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին» ի՞նչ գնահատական կտաք: Առհասարակ` կարելի՞ է այդ պրոցեսը համարել դատավարություն: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է Բաքուն հետապնդում այս քայլերով, եւ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում այս ուղղությամբ:

- Քանի որ ինձ համար այս ամենը վաղուց էր սպասելի, ոչ մի նոր բան չկա: Ակնհայտ էր, որ ինչ-որ մի պահից նման շինծու դատավարություն էր սկսվելու, որը շոու է հիշեցնելու: Դեռ պետք է նոր անակնկալների պատրաստ լինենք` բացասական առումով, դե իսկ քարոզչական, հոգեբանական գրոհներն անխուսափելի են լինելու: Այստեղ շատ կարեւոր է հայկական կողմի դիմադրողականությունը, որտեղ էական անելիքներ ունեն Հայաստանի իշխանությունները:

- Այս անկարող, վախեցած իշխանություններն ի՞նչ կարող են անել` միայն ներսում են առյուծ, իսկ դրսում կատու են:

- Առնվազն կարող են խոսել այս կեղծ պրոցեսի մասին, որը չի կարող համարվել դատավարություն, քանի որ ներկայացված մեղադրանքները, ապացույցները չեն կարող որեւէ կերպ հիմնավոր լինել` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես են առեւանգվել նրանք, ինչ պայմաններում, այժմ ինչ խոշտանգումների են ենթարկվում եւ այլն: Այս պարագայում ուղղակի աբսուրդ է խոսել դատավարության, դրա արդար կամ ոչ արդար լինելու մասին: Իշխանությունները խոսում են Ադրբեջանի դեմ միջազգային գանգատները հետ վերցնելուց, մինչդեռ դրանք պետք է լրացվեն` համապատասխան նոր հանգամանքներով: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ իշխանությունները վախեր ունեն, գուցե արդեն դրանք հստակ որոշումներ են, որ չեն հակադրվելու Ադրբեջանին, ոչ մի հարցում չեն ընդվզելու: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ սպասել մի իշխանությունից, որը պատրաստվում է Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները հետ վերցնել: Այդ տրամաբանության մեջ այն, ինչ անում է այս ռեժիմը, շատ բնական է: Վերջին շրջանում էլ տարբեր իշխանական էշելոններում քանիցս թիրախավորեցին նույն այդ ռազմագերիներին, դա եղավ ընդհուպ Փաշինյանի մակարդակով, ինչը ցույց է տալիս կոնկրետ վարվող քաղաքականությունը` գերիների, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի կեղծ դատավարությունների վերաբերյալ: Մենք՝ բոլորս, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, այստեղ շահեր ունենք եւ պետք է գիտակցենք, որ վաղն էլ իրենք կարող են այդ կարգավիճակում հայտնվել: Սա ազգային անվտանգության հարց է, դրա համար ես կարծում եմ, որ իշխանությունները եւս պետք է խոսեն տեղի ունեցածի եւ դրա ընթացքի ու հետեւանքների մասին:

- ՄԻՊ Անահիտ Մանասյանն էր մի անատամ հայտարարություն արել, տպավորություն է, թե այդ հայտարարությունն արել է իր գոյության մասին ուղղակի հիշեցնելու համար: 

-   Վատ չէ, որ անդրադառնում է, թեպետ հստակ պետք է գնահատականներ հնչեն այս պրոցեսներին, եղելություններին, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությանը, միեւնույն ժամանակ, անգամ եթե ՄԻՊ Անահիտ Մանասյանի խոսքը բովանդակալից ու ազդեցիկ էլ լինի, միեւնույն է` դա էլ բավարար չի լինի, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անկախ մարմին է: Այստեղ գործադիր եւ օրենսդիր իշխանության գնահատականներն են կարեւոր: Անահիտ Մանասյանի խոսքը չի դիտարկվում որպես իշխանության պատասխան: Եվ աբսուրդն այն է, որ դեռ այս պայմաններում խոսում են խաղաղության մասին: Ալիեւն իր պետությունը նոր պատերազմի է պատրաստում, ցույց չտալով խաղաղության հասնելու գոնե փոքր ձգտումներ: Նա միայն սպառնալիքներ է ուղղում, իր երկրի պաշտպանության բյուջեն է մեծացնում, ինչը մեկ բանի մասին է խոսում` Ադրբեջանը խաղաղության մասին լսել չի ցանկանում: Հայաստանը պետք է փորձի զսպել Ալիեւի ախորժակը` դիվանագիտական, ռազմական գործիքակազմերով, մեծացնելով ադրբեջանական կողմից հանցագործությունների գինը:

- Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը եւ Հայաստանի իշխանությունների լռությունը համադրելով, ի՞նչ կարող ենք եզրակացնել, ի՞նչ ընթացք կստանան այս պրոցեսները:

- Քանի դեռ Բաքվում հայ ռազմագերիներ կան, ադրբեջանական կողմի այս պահվածքը շարունակական է լինելու, դա ցույց է տալիս ոչ միայն Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, այլեւ գերությունից վերադարձած տղաների ցուցմունքները, որտեղ խոսվում է ոչ մարդկային, դաժան խոշտանգումների մասին, ի դեպ՝ դրանց մի մասը միջազգային զեկույցներում առկա է: Այս հարցի միակ լուծումը գերիներին Հայաստան վերադարձնելն է: Նրանց պահման պայմանների ու մնացյալ պայմանների մասին խոսելն անիմաստ է: Ինչպես ֆաշիստական Գերմանիայում հնարավոր չէր հրեաների իրավունքներից խոսել, այնպես էլ Ադրբեջանում անհնար է խոսել հայ ռազմագերիների իրավունքների մասին: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քայլեր չի անում գերիներին հետ բերելու համար, Ալիեւը շարունակելու է այդ ամենը Հայաստանի դեմ օգտագործել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image