Վրաստանն ունի նոր նախագահ՝ Միխայիլ Կավելաշվիլի։ Դեկտեմբերի 14-ին կայացած նախագահական ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվեցին ոչ թե ուղիղ, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի անդամների քվեարկությամբ։ Գործող իշխանություններին ոչ լեգիտիմ հայտարարող ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրությանը չեն մասնակցել։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարել է, որ Միխայիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 224 ընտրողների ձայնով։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնին Միխայիլ Կավելաշվիլիին նոյեմբերի վերջին առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Սակայն Վրաստանի ընդդիմությունը շարունակում է պնդել, որ միակ և օրինական նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Վրաստանում կա երկու նախագահ։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախագահին նոր կարգով ընտրել են, սակայն երդմնակալությունը դեկտեմբերի 29-ին է տեղի ունենալու, ինչը նշանակում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին մոտավորապես տասը օր դեռ իր պաշտոնին է լինելու։
«Ընդդիմությունը դեռևս չի համակերպվում, փորձում է ճնշումներ գործադրել Վրաստանի իշխանությունների վրա։ Առհասարակ որևէ ձևով հստակ մոտեցում դեռևս չկա, թե ինչ է անելու Եվրամիությունը Վրաստանի հետ․ այս պահին խոսքը գնում է Եվրամիության անդամ որոշ պետությունների կողմից առանձին պատժամիջոցների մասին և ինչ-որ դիվանագիտական անձնագրերով վրացական պաշտոնյաների կամ դիվանագետների մասով վիզային ռեժիմի վերանայում։ Սակայն դա բովանդակային հարց չի լուծում, քանի որ կա խնդիր և կա այդ բևեռացումը և առհասարակ չի երևում կողմերի ցանկությունը, թե իշխանության, թե ընդդիմության՝ երկխոսության գնալու։ Եվ քանի որ ճնշումներն էլ ավելի են շատանում իշխանությանների վրա և ընդդիմության ուղղությամբ որևէ արտաքին ճնշում գոյություն չունի, ապա այստեղ արդեն մի իրավիճակ ենք տեսնում, որ կա կարիք ինչ-որ նեյտրալ, երկու կողմի համար ընդունելի կառույցի կամ լիդերների միջամտության, ինչը տեղի ունեցավ 2021 թվականին Շառլ Միշելի առաքելությամբ, երբ ինքը կարողացավ իրավիճակը փոխել և կողմերը ստորագրեցին փաստաթուղթ և ընդդիմությունն այն ժամանակ մտավ խորհրդարան, մտավ ակտիվ պրոցեսի մեջ ինչ-որ չափով ճգնաժամն այդ փուլում հանգուցալուծվեց»,-ասաց Մելիքյանը։
Վրաստանի հարցերով փորձագետը նշեց, որ դեռևս ինչ-որ հեռանկար չի տեսնում իրավիճակը փոխելու․ իշխանությունները սպասում են Թրամփի վերադարձին Սպիտակ տուն, ընդդիմությունը ակնկալիքներ ունի Արևմուտքի կողմից ճնշումների կիրառման, որը կարող է ստիպել իշխանություններին ինչ-որ քայլերի գնալ, ինչը Մելիքյանը չի պատկերացնում։
«Շատ վատ է, որ կողմերը հասել են մի իրավիճակի, երբ իրենք գնում են վա բանկ, ինչն ավելի է դժվարացնում և տեղ չի թողնում երկխոսության»,- նկատեց Ջոնի Մելիքյանը։
Հարցին, արդյոք ընդդիմության այս համառությունը չի՞ հանգեցնելու նորից բախումների, Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ այս իրավիճակն արդեն տեղի է ունեցել, իսկ վերջին տասը օրվա բողոքի ցույցերը ավելի քաղաքակիրթ են և օրենքների սահմաններում են տեղի ունենում։ Ուստի դեկտեմբերի վերջին, երբ նոր նախագահի երդմնակալությունը կլինի, թե ինչպես տեղի կունենա նոր նախագահի մուտքը նախագահական նստավայր` Զուրաբիշվիլին դուրս չի գա, թե մարդկանց կկանչի իրեն աջակցության՝ այդ ժամանակ պարզ կլինի, թե իրադարձություններն ինչ հունով կգնան, բայց ամենայն հավանականությամբ լարվածություն լինելու է։
«Բայց հստակ երևում է, որ այսօր կարիք կա, որ կողմերը երկխոսության գնան։ Ես չեմ տեսնում բողոքի այնպիսի ալիք, որ կարողանար ստիպել զուգահեռ արտաքին ճնշման ֆոնին իշխանություններին լուրջ կոմպրոմիսների կամ նույնիսկ արտահերթ ընտրությունների նշանակման գնալ։ Ուստի, այս պարագայում լարվածություն սպասել կարելի է, բայց դժվար է պատկերացնել, որ այդ լարվածության արդյունքում ինչ-որ բան ընդդիմության համար կարող է լինել։ Գալիք տարի կան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք շատ մրցակցային են լինելու և պայքարը հիմնականում լինելու է Թբիլիսիում և սա կարող է շատ լուրջ քայլ լինել ընդդիմության համար, ուստի կա տրամաբանություն այսօր այդ պայքարը կողքի դնելու և պատրաստվելու այդ նոր ընտրություններին։ Բայց ընդդիմությունն ինքը պիտի որոշի իր քայլերի տրամաբանությունը, ուստի ժամանակը ցույց կտա»,-ասաց Մելիքյանը։
Տեսանելի է սակայն, որ Գախարիան ու իր կուսակցությունը դեռևս չեն կողմնորոշվել հետագա անելիքների հետ կապված՝ խորհրդարան մտնել - չմտնելու վերաբերյալ։
«Խորհրդարան մտնելու իրենց քայլը ապագայում կարող է բերել արդեն լեգիտիմիության հարցին, որը կա հանրային ընկալումներում և թե ներքին, թե արտաքին հարթակում այդ հարցը կլուծվի և դրանից հետո արդեն տրամաբանությունը ներքաղաքական պայքարի կփոխվի և այլ ուղղությամբ շարժվի՝ ավելի կոնստրուկտիվ»,-եզրափակեց Ջոնի Մելիքյանը։