Հասարակություն

Քայլ արա` մերժիր...

Քայլ արա` մերժիր...

Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել է. ցանկացած քայլ ու գործողություն` անգամ սխալ, նախընտրելի է անգործությունից: Դա է պատճառը, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր անելիքը չիմացող, արտաքին ասպարեզում մեր պետության մանեւրելու ամպլիտուդը զրոյի հասցրած Փաշինյանը երբեմն ծիծաղելի, անընդունելի, առաջին հայացքից իրեն վնասող քայլեր է անում: Մի օր հեծանիվ է վարում, մյուս օրը հողաթափերը հագին լուսանկարվում` Կրեմլի ֆոնին, երրորդ օրը՝ մորուք սափրում, չորրորդ օրը կադրային «արմագեդոն» անում կամ Ալիեւի ականջին բան է փսփսում, նաեւ` ԱԺ ամբիոնից սրբապիղծ հայտարարություններ անում, Տիկտոկում տեսանյութեր տեղադրում, ցնցուղը պոկում` տալիս նախարարի ձեռքը, իր մեղքով զոհվածների գերեզմաններին չոքում... Նա անընդհատ շարժման մեջ է` կարեւոր չէ, թե հանրային որ շերտը որ քայլին ինչպես կվերաբերվի, ինչքան կքլնգի կամ կհայհոյի:

Կարեւորը պրոցեսն է: Որովհետեւ մարդիկ հոգնել են պասիվ, ոչինչ չանող, իրենց ստվերից վախեցած, ուրիշի քայլերը շարունակ քննադատող մարդկանցից ու գործիչներից: Նրանք գործողություն են ուզում, քայլեր, շարժում, գործընթաց: Որովհետեւ շարժվող` պայքարող, քայլեր անող, անհանգիստ մարդիկ են ինչ-որ բան փոխում եւ հաջողությունների հասնում: Ճահիճը ճահիճ էլ մնում է` իր վտանգավոր լռությամբ, սեւ խոռոչի նմանվող: Իսկ մեր ընդդիմությունը ոչ միայն քայլ չի անում, այլ ողջ օրը զբաղված է քայլ անողներին քննադատելով: Այս մեկը սխալ բառ ասաց, մյուսը ոտքը սխալ դրեց, երրորդը` սխալ մարդու հետ հանդիպեց, չորրորդը ծրագիր չունի, հինգերորդը կապեր ունի նախկինների ու ներկաների հետ: Եվ քայլ անողներն էլ իրենց հերթին են սարսափում այս քննադատությունից` ոչինչ չանենք, որ ոչինչ չասեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image