Հարցազրույց

«Հրապարակ». Գործադիր մարմինը դարձել է դատավորների վերադասը․ Ալեքսեյ Սուքոյան

«Հրապարակ». Գործադիր մարմինը դարձել է դատավորների վերադասը․ Ալեքսեյ Սուքոյան

Դատական իշխանության օրվա կապակցությամբ երկրի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը, ՍԴ, ԲԴԽ, Վճռաբեկ դատարանի նախագահները, ՆԳ նախարարով, գլխավոր դատախազով, արդարադատության նախարարով «Դվին» հյուրանոցում քննարկում էին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը: Ոչ մի «հասարակ» դատավոր, որը դե ֆակտո Հայաստանում արդարադատություն է իրականացնում, ելույթ չունեցավ, չարտահայտեց իր կարծիքն այն հարցի շուրջ, թե ինչու են դատաքննության ողջամիտ ժամկետները հաճախակի խախտվում Հայաստանում: Գործադիրի ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը, այս քննարկման առաջին ու վերջին ելույթ ունեցողն էր:

Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին զարմացրել է քննարկման ձեւաչափը: Մեր խնդրանքին՝ մեկնաբանել հնչած տեսակետները, նա ասաց, որ թռուցիկ է հետեւել քննարկմանը, բայց չխորանալով բովանդակության մեջ, 20 տարուց ավելի դատավոր լինելու իր փորձից ելնելով չի հիշում, որ որեւէ անգամ դատավորները գործադիր մարմնի ներկայացուցիչների, առավել եւս՝ երկրի ղեկավարների հետ մասնակցեն նման քննարկումների:

«Դա բացարձակ վարչապետի խնդիրը չէ: Տպավորություն է, որ այդ անձն ուզում է կառավարի, ղեկավարի դատական գործընթացները, դատավարության ժամկետները, վարչարարության ժամկետները: Սա անհասկանալի է, իրականում՝ նման բան չպետք է լինի: Գուցե այնտեղ շատ լավ առաջարկներ են եղել, բայց այն տպավորությունն է, որ իրենք պրեզիդիումում նստած՝ ԲԴԽ անդամները, վարչապետը, արդարադատության նախարարը հարցեր են որոշում: Պանելային արդյունավետ խորհրդակցություններ կարող են լինել, եթե մեր գործադիր մարմնի եւ օրենսդիր մարմնի աշխատակիցները, ասենք, որեւէ օրենքի նախագիծ են քննարկում, այո, դա կարող է լինել, բայց սխալ է, երբ կայացած դատական իշխանությանը, որը, գիտեք, երրորդ ճյուղն է իշխանությունների, գալիս է ու կառավարում է գործադիր մարմինը»,- ասում է Ալեքսեյ Սուքոյանը:

- Բացման ու փակման իր խոսքում վարչապետն ասաց, որ ինքը չունի զգացողություն, որ այս երկրում կա արդարություն եւ արդարադատություն, որ անգամ փողոցում վառվող կարմիր լույսը լեգիտիմության խնդիր ունի: Իմ կարծիքով, նա տանում էր հիմնավորելու, որ Սահմանադրությունն օտար է մեր ժողովրդին: Բայց Ձեզ եմ ուզում հարցնել՝ Դուք ունե՞ք մեկնաբանություն, թե ինչու նա չունի արդարության զգացողություն:

- Կդժվարանամ մեկնաբանել: Արդարության, արդարադատության զգացումը շատ անձնավորված է, հուզական դաշտի մեջ է, եւ գուցե նա չի էլ սխալվում: Մենք էլ՝ ՀՀ սովորական քաղաքացիներս, էլի այդ տպավորությունը ստանում ենք: Թե ինքն ինչու չունի, ես չեմ կարող մեկնաբանել, եւ էդ ինչ կարմիր լույսի մասին է խոսքը: Այո, մեծ դժգոհություն կա ե՛ւ արդարադատության համակարգից, ե՛ւ դատական իշխանության տարբեր տեսակի դրսեւորումներից: Իհարկե, ունենք նման զգացողություն: Ականատես ենք լինում, թե ինչ է տեղի ունենում, չեմ ուզում խորանամ, որ քաղաքական աստառ չտամ, բայց, այո, նա կարող է ունենալ նման զգացողություն, բայց լրիվ հակառակ դաշտի մեջ:

- Նա մի արտառոց տեսակետ էլ հայտնեց՝ նախագահությունում նստած կանանց դիտելով, թե արդարադատության այսօրվա վիճակի համար կանայք են պատասխանատու:

- Նախ, ես չգիտեմ, թե ում նկատի ունի: Գենդերային տարբերակները չգիտեմ, թե ինչպես է մեկնաբանում, բայց մեզ, ինձ համար, եթե խոսքը դատական իշխանության մասին է, մեզ մոտ չկա կին-տղամարդ, նա դատական իշխանություն կրող անձ է, դատական իշխանության ներկայացուցիչն է, ուզում է կին լինի, ուզում է՝ տղամարդ:

- Փաշինյանը նաեւ վստահեցնում է, որ վերջերս դատավորների գործունեության վերաբերյալ բողոքները քչացել են, եւ դա լավ է, որ չեն բողոքում: Ձեր կարծիքով, սա խոսո՞ւմ է արդյոք այն մասին, որ արդարադատությունն ավելի լավ է իրականացվում:

- Իհարկե, սա այդ մասին չի խոսում: Ավելին ասեմ՝ դա իմ մասնավոր կարծիքն է, բայց այսօրվա դատավորները՝ չեմ խուսափի այդ բառից, վախեցած են: Որովհետեւ ստեղծված են մի քանի կարգապահական հանձնաժողովներ, տարբեր տեսակի՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի հանձնաժողովը, կառավարության՝ արդարադատության նախարարության կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողով կա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ այլն: Եվ տեսեք, երբ որ մենք էինք աշխատում՝ չեմ ասում վերջին 7-8 տարիները, մենք աշխատում էինք ըստ խղճի, Սահմանադրության եւ օրենքների: Մենք չէինք մտածում, թե ամեն մեր դատական ակտի համար ինչ կարգապահական տույժ պետք է ստանանք: Ներկայիս դատավորը վախենում է շեղվել ընդհանուր կանոններից, այդ նախագծերից, ԲԴԽ որոշումներից: Վախեցած է կարգապահական վարույթի տակ ներգրավվելուց, եւ սա շատ լուրջ լծակ է՝ դատավորին կախյալ պահելու: Դատավորը գիտի, որ ըստ օրենքի, խղճի, ըստ իր պատկերացումների պետք է նման վճիռ կայացնի, բայց նաեւ տեղյակ է, որ նույնանման վճռի համար մի փոքր այլ իրավական հանգամանքներով ԲԴԽ-ն իր կոլեգային պատժել է՝ նկատողություն է տվել, խիստ նկատողություն կամ նույնիսկ դադարեցրել է լիազորությունը: Եվ նա ասում է՝ գործ չունեմ, որովհետեւ շրջապատված է հանձնաժողովներով: Իսկ դրանք բոլ-բոլ ներկայացնում են ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ, ըստ էության, ոչ մի անգամ չաշխատեց այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, հանդես չեկավ թիվ մեկ երաշխավոր, որ դատարանը գործի անկաշկանդ եւ չվախենա դրսի միջամտությունից: Այսինքն՝ գործադիր մարմինը դարձել է դատավորների վերադասը:

- Ստացվում է՝ ԲԴԽ-ի միջոցով կառավարո՞ւմ են դատավորներին:

- Արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կարող է կարգապահական վարույթ հարուցել՝ առանց արտաքին բողոքի: Երբ որ ոչ մի բողոք չկա, նա այսօրվա օրենսդրությամբ այդպիսի իրավունք ունի, որ նա իր նախաձեռնությամբ կարող է վերցնել ցանկացած դատական ակտ՝ վճիռ կամ դատավճիռ, ինչ-որ բան կարող է իր դուրը չգալ, նա տանի դա ԲԴԽ՝ որպես կարգապահական վարույթ նախաձեռնող մարմին, ու խորհուրդը բեկանում է եւ դատավորին կարգապահական տույժի է ենթարկում: Այսինքն, դատավորն այսօր շատ է կաշկանդված: Իսկ վարչապետը չի պատկերացնում, թե դատական իշխանությունն ու համակարգն ինչպիսի արժանիքներ պետք է ունենան եւ ինչպիսի պայմաններում պետք է գործեն, որ ինքը գոհ լինի: Եվ նրա գոհ կամ դժգոհ լինելը նրա սուբյեկտիվ ընկալումներն են, գուցե:

- Հանձնաժողովների մասին խոսեցինք, այսօր արդարադատության փոխնախարար Դադունցն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամների թիվն առաջարկում է ավելացնել, դատավոր եւ գիտնական անդամ հարաբերակցությունը դարձնել 6 դատավոր ու 5 գիտնական՝ իբր կորպորատիվ շահերից խուսափելու համար: Սա ի՞նչ հետեւանք կունենա, ինչո՞ւ է արվում:

- Միտումն ակնհայտ է՝ որ դատավորների կարծիքը, ազդեցությունը, հիմնավորումը, պաշտպանությունը հնարավորինս նվազեն:

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image