Քաղաքականություն

Փակում ենք 2024-ն ու վատ սպասումներով գնում դեպի 2025

Փակում ենք 2024-ն ու վատ սպասումներով գնում դեպի 2025

Վերնագիրն, իհարկե, հոռետեսական է, սակայն երևի արտացոլում է ցանկացած նորմալ հայաստանցու ամենօրյա մտորումներն ու մտահոգությունները։ Ցավոք, հետպատերազմյան Հայաստանում իորղություններն ու իրադարձություններն այնպիսի հունով գնացին, որ լավատեսության տեղ քիչ է մնացել։ 2024-ին հրաժեշտ ենք տալիս ու մտնում 2025 շատ ավելի մեծ կորուստներով, մտավախություններով ու սպառնալիքներով, քան նույնիսկ 2020-ին կամ 2021 թվականին էր: Ամեն անգամ թվում էր, որ այս պահին կատարվողը աղետների աղետն է` ավելի վատ բան լինել չի կարող, սակայն, պարզվում էր, որ վատագույնը դեռ առջևում է: 

Մի քանի օրից 2024-ը կդառնա պատմություն՝ հայկական պետականության ինստիտուտների ապամոնտաժման, հենասյուների ոչնչացման, հայրենիք հանձնելու, թշնամուն երկրի դարպասներից ներս թողնելու, գերիներին մոռանալու, հայրենիքի համար զոհվածների անձնազոհությունը չգնահատելու հերթական տարին։ 
Եվ այսպես, ո՞ւր հասցրեց մեզ փաշինյանական քաղաքականությունը: Գերիները, որոնք վաղուց պետք է տուն վերադարձած լինեին՝ հայրենիք վերադառնալու ոչ մի շանս, գոնե այս պահի դրությամբ, չունեն: Փաշինյանն ու իր քաղաքական թիմը մոռացության են մատնել Բաքվի բերդերում կտտանքների ենթարկվող հայ գերիներին: Նրանց մասին չի հիշատակվում ոչ խաղաղության այդքան տարփողվող պայմանագրի մեջ, ոչ ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցների հարթակներից։ Ավելին, բանը հասել է այնտեղ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը ցինիկաբար առաջարկում է հայկական կողմին` օգնել իրենց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատեն: Եւ այս ցինիզմի ու լկտիության պատճառը Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությունն» է եւ պարտվածի հոգեբանությունը: 

Հենց այդ «խաղաղասիրության» եւ պարտվողականության պատճառով էր, որ նա թշնամուն նվիրեց ՀՀ սուվերեն տարածքները՝ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ՝ միջազգային բոլոր նորմերի խախտմամբ: 
Ավելին, Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում մեծագույն ձեռքբերում որակեց սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների կանոնակարգի հաստատումը, որի ընդունումը ևս տեղի էր ունեցել միջազգային օրենքների խախտմամբ: Մինչդեռ հայ հասարակությունը 2024-ը կարող է անվանել միայն կորուստների տարի` Տավուշի մարզի չորս հայկական գյուղերի հանձնումը, Կիրանցն ուղղակի երկու մասին բաժանելը, Ոսկեպարի «գլխավերևում» կանգնած թշնամին, ռուսական հենակետի ապամոնտաժումը, հայկական հզոր դիրքերի հանձնումը թշնամուն, նոր ճանապարհի կառուցումը եւ այլ հանգամանքներ պարտության, կորուստների, նահանջի վկայություն են: 

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները որոշել են հաստ սեւ խաչ քաշել Արցախի վրա, երբ հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է հետ քաշել բոլոր միջազգային հայցերը Ադրբեջանի դեմ, երբ ասում են` Սահմանադրություն ենք փոխելու, բայց ոչ Ադրբեջանի պահանջով, երբ հրաժարվում են Արարատ սարից ու Արեւմտյան Հայաստան արտահայտությունն օգտագործելուց: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղությունը լրիվ այլ լույսի տակ են տեսնում` նրանք հայկական վիլայեթ են ուզում, իրենց հովանու ներքո: Եւ խոսում են 300 հազար ադրբեջանցի Հայաստանում բնակեցնելու մասին, որոնք ուզում են վերադառնալ իրենց «պատմական հայրենիք՝ արևմտյան Արդբեջան»:

Եւ այս ամենից հետո Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանը իր կախվածությունը նվաեզցնում է մի երկրից` Ռուսաստանից եւ դառնում է մի քանի երկրից կախյալ: Ռուսաստանն ու Իրանը մերժելով եւ Հայաստանը Ալիևի ու Էրդողանի ոտքերի տակ մատաղ անելով ինքնիշխանություն հնարավոր չէ կառուցել: 
Ինչպես հնարավոր չէ ագրեսիվ ու մեծամիտ քարոզարշավով կրթություն ու առաջադիմություն բերել, մարդկանց ծաղրելով, հեգնելով, տգիտության մեջ մեղադրելով բարձրացնել ու կրթել: Իսկ Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվելն էլ նույն Փաշինյանական զրո կետից բանակցություններ սկսելու եւ Հայաստանի վրա էքսպերիմենտներ դնելու անմեղսունակության շարունակությունն է: 

Այսպիսին էր փաշինյանական Հայաստանի 2024 թվականը ու եկող 2025 թվականը շատ ավելի մտահոգություններ, քան հույսեր է արթնացնում։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image