Թուրքիայում որոշ խմբեր կեղծ տեղեկություններ են տարածում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ (իրականում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի սեփանակություն հանդիսող) SOCAR-ի դեմ։ Այս մասին առանձնակի հիստերիայով գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վերջին ամիսներին Թուրքիայում որոշակի խմբերի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված հակաPR արշավը, որն ուղղված է SOCAR-ի դեմ, մի քանի օր առաջ հանգեցրել է հարձակման Ստամբուլում գտնվող ընկերության գրասենյակի վրա, հայտնում է APA-ն։
Ըստ ադրբեջանական իշխանամերձ մամուլի, իբր, ապացուցված է, որ այս հարձակումը կազմակերպվել է Թուրքիայում տեղակայված և Իրանի կողմից աջակցվող խմբերի կողմից։
Պնդում են, թե այս խմբավորումները սոցցանցերի թուրքական հատվածում մի քանի ամիս արշավ են իրականացնում Ադրբեջանի դեմ՝ «SOCAR-ը նավթ է վաճառում Իսրայելին» պատրվակով։
Ալիևյան ռեժիմի հավատարիմ ԶԼՄ-ները չեն խնայում արյունակից «եղբայր» թուրքերին և հերքում, որ SOCAR-ը նավթ է վաճառում Իսրայելին: Հայտնի է, որ Թուրքիան իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում բացարձակ աջակցություն է ցուցաբերում պաղեստինյան կողմին և հրեական պետության բանակի գործողությունները Գազայի հատվածում համարում մարդկության դեմ հանցագործություն և ցեղասպան գործողություններ:
2023 թ. հոկտեմբերին բռնկված էսկալացիայից հետո Թուրքիան և անձամբ նախագահ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Իսրայելին ու նրա ղեկաավարներին, իսկ Անկարան հայտարարել է Թել Ավիվի հետ առևտրային կապերը կասեցնելու մասին: