Մշակույթ

«Զորրո»․ անկրկնելի Ալեն Դելոնը՝ իսպանացի ավանտյուրիստի դերում

«Զորրո»․ անկրկնելի Ալեն Դելոնը՝ իսպանացի ավանտյուրիստի դերում

Իսպանական բանավոր ավանդազրույցներում հայտնի ու սիրված հերոսներից է ավանտյուրիստ Զորրոն, որը հատկապես որպես հերոսական կերպար, ճանաչում է գտել հասարակ ժողովրդի շրջանում 17-րդ դարում։ Եթե հավատանք լեգենդներին, Զորրոն եղել է հավաքական կերպար, այսինքն՝ այդ դիմակի տակ թաքնվել է ոչ թե մեկ մարդ, այլ՝ մի քանի, որոնք որոշել են պայքար մղել դասակարգային եւ այլ անարդարությունների դեմ։ Զորրոյի կերպարը հաճախ է հայտնվել կինոռեժիսորների ուշադրության կենտրոնում։

Լեգենդի առաջին էկրանավորումը եղել է 1920 թվականին։ Վերնագիրը՝ «Զորրոյի նշանը»։ Սակայն մենք կանդրադառնանք 1975 թվականի էկրանավորմանը, որտեղ գլխավոր հերոսի դերում հանդես է եկել Ալեն Դելոնը, եւ այն սովետական տարիներին մեծ համբավ ունեցող ֆիլմերից էր։ Գլխավոր հերոսն իսպանացի ավանտյուրիստ՝ սուսերամարտիկ Դիեգոն է։ Նա հիանալի տիրապետում է սուսերին։ Սակայն նրա աչքի առաջ սպանում են ընկերոջը՝ Միգելին, որը պետք է դառնար Նուեւա-Արագոնի նահանգապետը։ Ընկերոջ դիակը ձեռքերին՝ նա երդվում է վրեժ լուծել։ Ու այդ վրեժը լուծելու համար Դիեգոն հագնում է անորսալի ժողովրդական հերոս Զորրոյի հագուստը եւ սկսում է կրել նրա դիմակը։

Ի դեպ, խորհրդային կինոյի պատմության մեջ այս էկրանավորումը համարվել է ամենից հաճախ դիտված արտասահմանյան ֆիլմերից մեկը։ Ալեն Դելոնը Զորրոյի կերպարը մարմնավորելիս արդեն համարվում էր էկրանային սեքս-սիմվոլ։ Նրա մարմնավորած Զորրոն համարվում է ամենահաջողվածներից մեկը, թեեւ շատ քննադատներ կարծում են, որ կարող էր ավելի լավ ներկայացնել կերպարը։ Խորհրդային Միությունում՝ կինոթատրոններում այն դիտել է 55 միլիոն մարդ, Չինաստանում՝ 70 միլիոն։ Կերպարը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Խորհրդային Միությունում ֆրանսիական էկրանավորումն ընդունվել է, հաշվի առնելով գլխավոր հերոսի՝ ճնշող իշխող դասակարգերի դեմ մղած պայքարը, որը սրտամոտ էր պրոլետարական հասարակությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image