Հարցազրույց

Ադրբեջանին և Հայաստանին ձեռնտու չէ Իրանի դեմ հարձակումը

Ադրբեջանին և Հայաստանին ձեռնտու չէ Իրանի դեմ հարձակումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բաքու պիտի այցելեր մայիսի 8-ին և Ադրբեջանում մնար 5 օր, ինչը իսրայելական լրատվամիջոցները որակել էին որպես անհավանական երկար: Հատկանշական է, որ մայիսին Էրդողանը ևս պետք է Բաքու այցելեր: 

«Հրապարակը» իսրայելցի քաղաքական ակտիվիստ Յարոն Վեյսի հետ փորձեց հասկանալ, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Նեթանյահուի այդ երկար այցը Ադրբեջան և արդյոք Հայաստանի հարցն այդտեղ քննարկվելու է:

-Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու պաշտոնական այցելությունը կտևի հինգ օր: Աննախադեպ երկար է տևում այդ այցելությունը, ո՞րն է պատճառը:

-Իսրայելցի վերլուծաբանները միշտ նշում են, որ Նեթանյահուն, և հատկապես նրա կինը հեդոնիստներ են: Վերջին տարիներին Նեթանյահուի տան մոտ բողոքի ցույցերի թիվը աճել էր, ինչի պատճառով նրանք դժվարանում էին հանգիստ վայելել իրենց հանգստյան օրերը։
Իսկ հոկտեմբերի 7-ի պատերազմի բռնկումից առաջ Նեթանյահուն պաշտոնական հանդիպումների համար, որոնք ներառում էին նաև հանգստյան օրեր, մեկնում էր այնպիսի վայրեր, ինչպիսիք են Հռոմը և Լոնդոնը։

Սակայն Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Բենիամին Նեթանյահուի դեմ ձերբակալման օրդերի հրապարակումից հետո զույգի  հանգստյան ուղղություններն ու ողևորությունների քանակը կրճատվեցին։ Նրանք ստիպված էին բավարարվել այնպիսի վայրերով, ինչպիսիք են Վաշինգտոնը, Բուդապեշտը, իսկ այժմ՝ Բաքուն։ Սա նշանակում է, որ նրանք կարող են մեկնել միայն այն երկրներ, որտեղ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարան արտահանձնելու վտանգը չի սպառնում:

Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական դաշնակից։ Իսրայելը կախված է ադրբեջանական նավթից և  իհարկե միլիարդավոր դոլարների զենք` Ադրբեջան արտահանումից, մասնավորապես՝ մահացու զենքի վաճառքից ստացվող գումարներից: Իսկ Ադրբեջանի` Իրանի հարևան լինելը Իսրայելին տալիս է ևս մեկ միջոց՝ այաթոլլայի ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար։

-Բացի Նեթանյահուից, Բաքու կայցելի նաև Էրդողանը: Արդյոք վերջիններս ինչ-որ համաձայնության կամ ընդհանուր հայտարարի կգան:

-Իսրայելի և Թուրքիայի միջև հակամարտության սրումը կվնասի Ադրբեջանի բիզնեսին՝ դա կարող է հանգեցնել միլիարդավոր դոլարների ներդրումների կորստի։ Հետևաբար, ադրբեջանցիները շահագրգռված են կողմերի միջև փոխզիջման հասնելու հարցում։ Ադրբեջանը շահագրգռված է դիրքավորվել որպես այս երկու երկրների միջև միջնորդ՝ իր միջազգային դիրքը բարելավելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական ռեժիմը մեղադրվում է էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների և քաղբանտարկյալների անօրինական կալանքի մեջ։
Ես կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է Իրանի պատասխանից՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում անհամաձայնության հետևանքով Իսրայելի և Ամերիկայի հնարավոր հարձակման դեպքում։ Այս պատճառով Իրանի նախագահը վերջերս հրավիրվեց Բաքու:  Եթե կա մի բան, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են, ապա դա այն փաստն է, որ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումը կվնասի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերին։
Հետևաբար, Նեթանյահուին հրավիրելով Ալիևը փորձում է հասնել Իսրայելի և Թուրքիայի միջև համաձայնության, ինչպես նաև Նեթանյահուին հստակեցնել իր մտահոգությունը Իսրայելի և Իրանի միջև ճակատ բացելու վերաբերյալ։

-Արդյոք Նեթանյահու-Ալիև և հետագայում Ալիև-Էրդողան քննարկման առանցքում կլինի Հայաստանի հարցը:

-Կարծում եմ, որ Հայաստանը քննարկման կենտրոնական թեմա չի լինի այս երեքի միջև, Ալիևը Նեթանյահուից ակնկալում է Իսրայելի կողմից Ադրբեջանի շահերի շարունակական աջակցություն՝ զենքի վաճառք, ամերիկյան վարչակազմի վրա ազդեցություն և հրեա ազգի աջակցություն: Նեթանյահուն, իր հերթին կհստակեցնի, որ Իսրայելը կողմ է Կովկասում խաղաղ լուծման հասնելուն՝ հավանաբար «խաղաղություն», որը կպաշտպանի ադրբեջանցիների շահերը և ավելի քիչ կպաշտպանի կամ ընդհանրապես չի պաշտպանի հայ ժողովրդի, մասնավորապես՝ Արցախից տեղահանվածների շահերը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image