«Աղքատությունը մարդկանց գլխում է»՝ անընդհատ կրկնում է վարչապետի աթոռից կառչած անձը: Իրականում դա նիկոլական՝ լավ ապրելուն կոչված գաղափարախոսության հակաթեզն է: Որովհետև եթե «իրական Հայաստանի» շարքային քաղաքացին վատ է ապրում, ապա դրա պատճառն, ըստ Նիկոլի, երկրում ստեղծված պայմանները չեն: Դրա պատճառը պետք է փնտրել մարդկանց ուղեղներում, այսինքն՝ մտածողության մեջ: Դա, առաջին հայացքից, տեսականորեն հնարավոր տարբերակ է: Բայց խնդիրն այն է, որ այդ դրույթը գործում է կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանում: Երբ «սովետական մարդ» կոչված հանրության շրջանակից առանձնացան նրանք, ովքեր օգտագործեցին իրենց պաշտոնները կամ սեփական բիլակները:
Թքած ունենալով թե՛ մարդկային բարոյականության և թե՛ ընդհանրապես օրենքների վրա՝ նրանք ձեռք բերեցին առաջին միլիոնները՝ սկզբում դրամով, իսկ այնուհետև նաև դոլարով՝ օգտվելով համաժողովրդական սեփականության օտարման գործընթացից: Իզուր չէր, որ 19-րդ դարի վերջի ամերիկյան առաջին մագնատներից Դեյլ Կարնեգին մի անգամ հայտարարել էր. «Պատրաստ եմ ողջ կարողությանս ստուգմանը՝ բացի առաջին միլիոնից»: Չնայած, վերջինիս կարողությունը ձևավոորվել էր այլ մեխանիզմով, սակայն էությունը նույնն էր: Ի դեպ, կյանքի վերջին 18 տարում (ենթադրաբար հենց այդ ժամանակ է կատարվել այդ հայտարարությունը) ամերիկյան «վայրի» կապիտալիստներից մեկը հիմնովին վերափոխվեց. հիմնադրամներին և համալսարաններին բարեգործական նպատակներով նվիրաբերեց իր կարողության գրեթե 90 տոկոսը՝ շուրջ $350 միլիոն (2015 թ.-ի համարժեքով այդ գումարը կկազմեր 13.7 միլիարդ) դոլար:
Բայց վերադառնանք մեր ոչխարներին:
Ինչպես Ամերիկայում, այնպես էլ Հայաստանում (մեր առումով հուսով եմ) կապիտալի կուտակման առաջին փուլն անցել է: Եվ մարդկանց մեծ մասը ձգտում է գործունեություն ծավալել երկրում հաստատված օրենսդրության շրջանակում: Ու այդ պայմաններում աղքատություն հաղթահարելն առաջին հերթին պայմանավորված է ոչ թե մտածողության խնդիրներով, այլ այլ բնույթի կարողություններով: Այն է՝ ձեռնարկատիրական ջիղ ունենալով ու դրա առկայության դեպքում՝ ռիսկի դիմելու համարձակությամբ: Ինչն, ի դեպ, մտածողության հետ որևէ կապ չունի: Եթե մեկը մյուսի հետ կապ ունենար, ապա աշխարհի լավագույն շախմատիսները կլինեին ամենահաջողակ գործարարները: Բայց նման երևույթ չի նկատվել, ընդհակառակը, նրանք կարող էին լինել կենցաղային հարցերում մանկամիտ: Իզուր չէր, որ 20-րդ դարի լավագույն արձակագիրներից (ինչպես նաև նկարիչ, հրապարակախոս ու դրամատուրգ) շվեյցարացի Ֆ. Դյուրենմաթը այդ բնույթի հարցեր էր քննարկում «Շախմատիստը» վիպակում: Այնպես որ, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, երբեմնի «դուխով» Նիկոլը սխալվում է նաև այդ հարցում:
Ի դեպ, տվյալ հարցում վերջինիս սխալ լինելը նախորդ օրը պատկերավոր ձևով ներկայացրել էր կարկտահարության ենթարկված այգիներից մեկի սեփականատերը: Ով ինչ-որ տեսանյութում հայտարարում է, որ ինքը ևս ցանկանում է դառնալ միլիարդատեր՝ չգիտեմ, դոլարային թե դրամային: Ինչևէ, դրա համար առաջարկում էր, որպեսզի իրեն իրավունք վերապահվի մեկ շաբաթ աշխատել որպես վարչապետ: Ու նաև պահանջում էր, որպեսզի մյուսները ևս մեկ շաբաթով դառնան վարչապետ: Վերջինս, բնականաբար, հիշել էր, որ վարչապետ կարգված Նիկոլը ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ: Եվ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ոտքով բացել կառավարության դուռը: Խոսքը, բնականաբար, կառավարության թիվ մեկ մասնաշենքի մասին էր: Ու բերքը կորցրած այգու սեփականատերը հասկացել էր, որ ոչ թե աշխատանքով է հնարավոր հաղթահարել աղքատությունը, այլ չինովնիկի պաշտոն զբաղեցնելով: Ինչն, ի դեպ, 100 տոկոսանոց ճշմարտություն է, և եթե այդպես չլիներ, ապա նախկին աղքատները՝ դառնալով չինովնիկ, 5-7 տարում չէին վերածվի հարուստների՝ ձեռք բերելով սեփականություն: Փաստորեն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հենց իրեն շրջապատող իրականությունից է եզրակացություն կատարել, որ հարուստ դառնալու համար պետք է փոխել մտածողությունը: Ուղղակի գլխի չի ընկել, որ 3 միլիոնանոց երկրում հնարավոր չէ, որ բոլորն էլ դառնան վարչապետներ կամ գոնե նախարարներ ու պատգամավորներ:
Ինչ մնում է կարկտահարությունից տուժելուն, ապա թե՛ նախկինների և թե՛ ներկաների օրոք առաջարկել եմ այդ հարցի ամենաօպտիմալ լուծման տարբերակը:
Բայց երկու դեպքում էլ այն մնացել է որպես ձայն բարբառո հանապատի: Այդ գաղափարը ծնունդ էր առել, երբ ինչ-որ ժամանակ (դա ամուսնանալուց հետո էր) ապրեցի գյուղում: Ի դեպ, ժամանակին այդ գաղափարը ներկայացրել եմ մասնագետներին ու ստացել եմ նրանց հավանությունը: Իսկ այն այսպիսին էր. եղանակային վնասները չեզոքացնելու նպատակով օգտագործել բերքի ապահովագրության գաղափարը (ինչը լայնորեն տարածված է աշխարհում), բայց դրան հասնել երկու քայլանի կոմբինացիայի շնորհիվ: Նախ, խոշորացնել գյուղացիական տնտեսությունները կամավոր միավորման սկզբունքով, իսկ որպեսզի դա էլ գործարկվի՝ պետական միջամտությամբ պայմանագրեր պարտադրել հումքի վերամշակման գործարաններին: Այսինքն, գործարանների ղեկավարությունը պետք է պարտավորվեր առաջին հերթին ընդունել հենց այդ միավորման անդամների բերքը: Բայց քանի որ մեզանում մտածողության խնդիրը միշտ եղել է ոչ թե աղքատների շրջանում, այլ իշխանության ներկայացուցիչների՝ նախկինները ոչինչ չարեցին: Իսկ ներկաներն էլ եվրոպական գումարներով փորձեցին լուծել միայն ապահովագրության խնդիրը (տեղյակ չեմ՝ բերքի, ցանքսի ու այգիների, թե այլ տեսքով), ու, ինչպես երևում է, տապալվեցին:
Այնպես որ խնդիրն, իսկապես, մտածողության մեջ է, բայց ոչ թե շարքային քաղաքացիների, այլ պետության զարգացման համար պատասխանատու պաշտոնյաների: Եվ, բնականաբար, թիվ մեկ պաշտոնյայի, ով թիվ մեկ պատասխանատուն է բոլոր լուրջ հարցերում: Եվ ոչ թե այս կամ այն դպրոցի մարզասրահի կահավորման հարցում: Ինչն, ի դեպ, կարող է լինել լրագրողի և ոչ թե վարչապետի հետաքրքրության շրջանակում: Ինչն էլ հենց վկայում է, որ յոթ տարի վարչապետ աշխատելով՝ Նիկոլը մնաց լրագրողի մտածողության մեջ: