Հարցազրույց

Իրենց զինանոցի ամենաբութ գործիքն են արդեն գործի դնում

Իրենց զինանոցի ամենաբութ գործիքն են արդեն գործի դնում

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին շրջանում սկսել է իրեն քննադատողներին «նվիրված» հրապարակումներ անել, որտեղ մարդկանց անվանում է ոջիլ, գեղցի, էշ, տգետ, տխմար, ապուշ բառերով: Այն, որ վարչապետի կողակիցը կարող է նման վարք դրսևորել՝ արդեն իսկ արտառոց երևույթ է: Որքան էլ փորձեցինք գտնել նմանատիպ դեպք միջազգային պրակտիկայից՝ մեր փորձերն ապարդյուն անցան: Աննա Հակոբյանի՝ մարդկանց հրապարակային վիրավորելու ու դրա հոգեբանական պատճառների մասին զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: 

-Աննա Հակոբյանը վերջին շրջանում ագրեսիվ գրառումներ է անում, թիրախավորում մարդկանց, լրատվամիջոցներին, ոջիլ, տխմար, գեղցի ու էշ է անվանում: Ինչի՞ հետ գործ ունենք: 

-Իրենց մոտ ես նկատում եմ տակտիկական փոփոխություն: Իրենք ինչից սկսեցին՝ բարեհամբույր, թավիշ, իրար սիրել, և այլն, և այլն: Հիմա, երբ մենք նայում ենք` այդ մարդիկ կտրուկ բևեռային փոփոխության մեջ են: Ես իրենց այս կտրուկ փոփոխությունը պատահական չեմ համարում, որովհետև այս ոճի փոփոխությունը նկատում ենք ոչ միայն Աննա Հակոբյանի մոտ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ներսին: Դրսում այլ պատկեր է: Նաև իրենց թիմակիցները, Ազգային Ժողովում, նրանց այդ բառամթերքը, ագրեսիվությունն ու թիրախավորումն ավելի բաց տեսք են ստացել: Ես կարծում եմ, որ իրենք ընդհանուր նոր տակտիկական ոճ են ընտրել և դա, իմ կարծիքով հետևանքն է այն բանի, որ իրենք հասկանում են՝ իրենց ընկալումը մարդկանց կողմից, իրենց ռեյտինգը շրիշակից ավելի ցածր մակարդակի վրա է: Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք այլևս չեն կարողանում այլ դիմակներով հանդես գալ՝ իրենց դիմակներն արդեն պատռված են, հիմա ավելի շատ իրենց ներքինն են ցույց տալիս՝ իրենց արժեհամակարգը, բառամթերքը, իրենց մտածողության որակը: Նկատենք նաև, որ այս գռեհկաբանությունները վաղուց են սկսվել իրենց կողմից, բայց այս գռեհկաբանությունների տարափով իրենք իջեցրին մարդկանց շփման կուլտւորայի մակարդակը, ինչ բառ, արտահայություն ասես լսում էինք, բայց էպիզոդիկ էինք լսում: Հիմա իրենք լրիվ բաց են խաղում: 

-Իսկ ո՞րն է այդ բաց խաղալու պատճառը: 

-Կարծում եմ, իրենք ինչ-որ վերջի հոտ են զգացել, այսինքն, տեսնում են, որ այլևս հին մեթոդներով չեն կարողանում, խաղաղության փուչիկին արդեն մարդիկ չեն հավատում, ինչքան էլ դա ցանկալի երևույթ լինի: Ես սա համեմատում եմ վախեցած մարդու ագրեսիայի հետ, որովհետև վախից շատ հաճախ ագրեսիվ վարքագիծ է բխում: Իրենց ձեռքին էլ այս պահին դժբախտաբար իշխանություն կա, իրենք ընտրել են պատժի և ագրեսիայի տակտիկան, վախեցնելու տակտիկան են ընտրել: Այս փուլում այս ոճը որդեգրելով, կարծում եմ, իրենք վախի մթնոլորտ են ուզում ստեղծել, քանի որ վստահության մթնոլորտ գիտեն, որ չեն կարող ստեղծել, և այդ գործիքով մարդկանց հնազանդեցնել, ընդ որում` շատ արժանավոր մարդկանց անվանարկելու գնով: 

-Իրենց համար դրական արդյունք կապահովի՞ այդ նոր մարտավարությունը:

 -Չեմ կարծում, թե սա իրենց համար էֆեկտիվ մեթոդ է: Ամենավերջին պահն է, էմոցիաներն այնքան բարձր են, վախերն այնքան ուժեղ են, որ իրենք արդեն զինանոցի ամենաբութ գործիքն են գործի դնում, իրենց կարծես մնացել է միայն այդ բութ գործիքը՝ վախեցնել, պատժել:

 -Հասարակության համար ի՞նչ վտանգներով է հղի այդ պանիկայից բխող վիճակը: 

-Քանի որ իրենք ամեն ինչի ընդունակ մարդիկ են, իրենց խնդիրն իրենց աթոռները պահելն է, որովհետև այդ աթոռը պահել-չպահելուց իրենց ճակատագիրն է կախված, որովհետև իրենք գիտեն, թե ինչեր են արել, ինչ հանցագործություններ եւ ինչպիսի պատիժների ակնկալիքներ կան հեռանկարում: Իրենք անելու են ամեն ինչ՝ աթոռները պահելու համար և ես շատ վախենում եմ, որ իրենք հասարակության հետ բախումների գնալու համար ամեն ինչ կանեն, բայց դա էլ ունի իր տրամաբանությունը: Հասարակության մի այնքան մեծ շերտ է իրենց հանդեպ բացասական տրամադրված, որ իրենք կփորձեն հավանաբար հրահրել, բայց չեմ կարծում, թե դա ինչ-որ մեծ արձագանք գտնի: Հնարավոր է, ինչ-որ լոկալ բաներ իրենց հաջողվի, բայց ընդհանուր առմամբ, չեմ կարծում: 

-Պարեկների, կարմիր բերետավորների հավատարիմ զորքը: 

-Հենց դա է, Երևանի փողոցներով ման ես գալիս, տեսնում ես պարեկները մահակները ձեռքը, մտածում ես` այս ո՞ւմ են պատրաստվում այդ մահակներով վախեցնել: Մենք տեսնում ենք, որ ընդհանրապես շփման կուլտուրայի անկում կա, իսկ ոստիկանությունը շատ է հեռացել շփման կուլտուրայից: Անհասկանալի, անհամապատասխան, կրթություն չունեցող տղաներ եկել են, մտրակ են վերցրել ու մարդկանց հետ շփվելու իրավունքներ են բանեցնում, ինչ-որ ցուցումներ տալիս: Համատարած չեմ ուզում ասել, բայց հիմնական պատկերը սա է: Իրենց ամբողջ հույսն, իհարկե, ոստիկանական համակարգն է առաջին հերթին: Սակայն, եկեք չմոռանանք, որ ոստիկանությունը նույնպես հայ մարդիկ են, որոնք նույնքան վտանգված են, ինչպես մյուս հայ մարդիկ: Թշանմու համար համահարթեցման խնդիր կա՝ բոլորս նույնն ենք, ձեռքին մահակ կա, թե չէ, հայրենիքը սիրում է, ատում է՝ բոլորը նույնն է: Դուք չե՞ք տեսնում Փաշինյանի կերպարը դրսի մարդկանց համար՝ նվաստացած, արհամարհված, վրան ծիծաղելով, այսինքն, ինքը որ այդպես ծառայում է՝ միևնույն է, արհամարհված է: Թշնամու համար բոլորը նույնն են: Ոստիկանական համակարգն այսօր իրենց ձեռքում է, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ այստեղ մարդիկ մտածելու ունակությունը չեն կորցրել և հասկանում են, որ վտանգված են նաև իրենք: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image