Հարցազրույց

«Հրապարակ». Մեկ հարց Արցախը թիրախավորողներին` որտե՞ղ կլինեին նրանք հիմա, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը

«Հրապարակ». Մեկ հարց Արցախը թիրախավորողներին` որտե՞ղ կլինեին նրանք հիմա, եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը

«Հրապարակ»-ի զրուցակիցն Արցախի ԱԺ նախկին նախագահ, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Աշոտ Ղուլյանն է։

- Նիկոլ Փաշինյանի` հատկապես վերջին շրջանում ընդգծված հակաարցախյան հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության ու իր բոլոր ձախողումների մեղավորն Արցախն էր ու Ղարաբաղյան շարժումը։ 

- Միանշանակ, բացասական եմ գնահատում, բայց, իմ կարծիքով, դրանք հակաարցախյան հայտարարություններ չեն միայն, դրանք նաեւ հակահայկական ու հակազգային են, քանի որ Արցախը թիրախավորելու հավակնությունները, հաշվի առնելով մեր նորագույն պատմության իրողությունները, չեն կարող վերաբերել միայն արցախցիներին: Խիստ կասկածում եմ, որ գործող իշխանությունների հակաարցախյան քարոզչության թեզերն ընդունելի են մեր այն հայրենակիցների համար, ովքեր 88թ. սկսած՝ Միացում-ի կարգախոսով հրապարակներ են լցրել, ովքեր ամեն ինչ տվել են Արցախի ազատության եւ անկախության համար պայքարին, ՀՀ սահմանների պաշտպանությանը, ովքեր բազում զրկանքներ են կրել այդ փորձության ճանապարհին:  Մեզ հիմա փորձում են համոզել, որ այդ ամենը մեր կյանքում չի եղել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման ծնունդը չէ, եւ նրանք, ովքեր հավատացել են անկախության ու ազատության արժեքներին, ռոմանտիկներ են ու չեն հասկանում ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու միտումները: Որպեսզի շատ երկար բացատրություն չստացվի, միայն մեկ հարց կուզենայի ուղղել Արցախը թիրախավորող գործիչներին. որտե՞ղ կլինեին նրանք հիմա, եթե չլինեին Ղարաբաղյան շարժումը եւ ազգային ինքնության վերականգնման համար մեր 30-ամյա պայքարը: Եվ մեկ էլ՝ պատկերացնո՞ւմ են արդյոք մերօրյա «պրագմատիկները», թե ինչ ճակատագիր կունենար Հայաստանը, եթե Ղարաբաղյան շարժման միջոցով չհայտարարվեր մեր ազգային ձգտումների եւ նպատակների մասին: Արցախի խնդիրը տարիներ շարունակ նպաստել է բարձր մակարդակի վրա պահել Հայաստանի միջազգային դերն ու նշանակությունը, եւ բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե այսօրվա Հայաստանն առանց Արցախի կարող է ավելի պահանջված գործընկեր լինել, չարաչար սխալվում են: Ինձ զարմացնում է այն «համարձակությունը», որով մերօրյա նորաթուխ դիվանագետներն ու խորհրդարանականներն անվտանգության ու քաղաքական հարաբերությունների թեմաներով երկխոսում են հարեւան ու ոչ հարեւան երկրների ներկայացուցիչների հետ. արդյո՞ք նրանք պատկերացնում են այն պատմական պատասխանատվության ծանրությունը, որ անպայման վերադառնալու է «իսկ ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը» հարցով: Մի բան կուզենայի խորհուրդ տալ նրանց. Խորհրդային Միության նման տերությունը սայթաքեց Ղարաբաղյան շարժումը փակելու ճանապարհին, այնպես որ՝ անիմաստ մի վատնեք ձեր ջանքերը, դրա փոխարեն կարող եք ավելի օգտակար գործ կատարել՝ պատմության մեջ անուն թողնելով: 

- ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման շուրջ համաձայնությունն արդյո՞ք փակում է Արցախի հարցը եւ վերադարձի իրավունքի դուռը։ Վերջին օրերին հենց այս հաջողության շուրջ է Բաքվի ցնծությունը։

- Մինսկի խմբի լուծարման առաջարկությունը որքան էլ փորձեն ցնծությամբ ուղեկցել այս կամ այն երկրից, միանշանակ վկայում է ժամանակակից միջազգային իրավունքի ֆիասկոյի մասին։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել․ 30 տարի առաջ միջազգային հեղինակավոր կազմակերպության մակարդակով սահմանվում են հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներ, ձեւաչափեր ու պատասխանատուներ, եւ հանկարծ այդ ամենի հակառակ սցենարով, ուժի միջոցով հակամարտությունը վերացնելու գործողություններն ընդունում ես որպես իրողություն եւ համաձայնում այդ առաքելությունը տապալելու մասին առաջարկությանը։ Նման իրավիճակում Ադրբեջանի կողմից «հետքերը վերացնելու» ձգտումը կարելի է հասկանալ, բայց լիովին անհասկանալի է մնում Հայաստանի իշխանությունների մոտիվացիան։
Այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը որոշ դեպքերում մեզ էլ չէր գոհացնում, բայց այդ տարեգրության մեջ մնում են Ադրբեջանի կողմից միջազգային կազմակերպություններին անդամակցելիս տված խոստումներն ու ստանձնած պարտավորությունները՝ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, նույն՝ Մինսկի խմբի եռանախագահ երկրների բարձրագույն ղեկավարության արձանագրումները՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդիրը կարգավորելու պատրաստակամության մասին։ Համաձայնել այս ամենը ոչնչացնելու Ադրբեջանի առաջարկին՝ նշանակում է կորցնել նաեւ տարիների ընթացքում կուտակված միջազգային աջակցությունը եւ զրոյացնել այն առավելությունները, որոնք Հայաստանն ունեցել է նախորդ տարիներին։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը շտապում է այս հարցում՝ նաեւ հաշվի առնելով Բաքվում ընթացող շինծու դատավարությունները եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների լեգիտիմությունը ոչնչացնելու ցանկությունը։
Իհարկե, միջազգային դերակատարները կարող էին ընդդիմանալ այս արկածախնդրությանը, բայց պետք է ընդունենք, որ այնտեղ էլ են փոխվել 90-ական թթ․ եւ 2000-ականների առաջին տասնամյակի ազդեցիկ գործիչները, ասպարեզում հայտնվել են հավակնոտ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ, ովքեր ոչ մի պատկերացում չունեն ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության, կարգավորման փուլերի եւ այլ մանրամասների վերաբերյալ, իսկ այդ տեսակի գործիչների համար 150 հազար մարդկանց ճակատագիրը, նրանց կյանքի վրա կախված ցեղասպանության սպառնալիքը որեւէ արժեք եւ նշանակություն չունեն։ 
Կարելի է ենթադրել, որ Մինսկի խմբի սպասվող լուծարումը, որի մասին ազդարարում է ադրբեջանական կողմը, ավելի է դժվարացնելու Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրացնելու գործը, բայց, նկատի ունենալով նույն այդ խմբի անգործությունը վերջին տարիներին, պետք է փորձել այդ բարդ, սակայն անհրաժեշտ աշխատանքն իրականացնել՝ ելնելով ստեղծված իրողություններից եւ ներգրավելով բոլոր այն միջոցներն ու գործիքները, որոնք կնպաստեն արցախցիների հավաքական, անվտանգ ու միջազգային երաշխիքներով ապահովված վերադարձին իր հայրենիք՝ Արցախ։
Իրականությունն այն է, որ Արցախի հարցը 100 տարվա պատմություն ունի, եւ այն կախված չէ միջազգային միջնորդական խմբեր ձեւավորելու կամ այդ թեմայով հայտարարություններ անելու ցանկություններից։ Այնպես որ, Մինսկի խմբի լուծարումն անցանկալի է, բայց դրանով Արցախի թեման անհնար է փակել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image