Մշակույթ

«Հրապարակ». Ես չգիտեմ՝ ով է որոշում այս անհեթեթությունները, բայց շատ վիրավորական է

«Հրապարակ». Ես չգիտեմ՝ ով է որոշում այս անհեթեթությունները, բայց շատ վիրավորական է

Սեպտեմբերի 11-ից Գիտու­թյունների ազգային ակադեմիան այլեւս չունի այն կարգավիճակը, ինչ ուներ մինչ այս։ Նրա կազմից դուրս են բերվել ինստիտուտները՝ ըստ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի փոփոխությունների, որն ԱԺ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե ԳԱԱ-ն ծանրաբեռնված է կառավարչական եւ վարչատնտեսական մի շարք գործառույթներով, մինչդեռ «խորհրդատվական եւ փորձագիտական կարեւոր նշանակություն ունի», ուստի որոշել են «բեռնաթափել» ԳԱԱ «ծանրաբեռնվածությունը»։ 

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ԳԱԱ ինստիտուտների հնարավոր միավորմանը պետական բուհերին, ասաց. «Մեր կապերն Ակադեմիայից լրիվ կտրվել են, սակայն ինստիտուտները, որպես այդպիսին, կան: Մեզ ասել են, որ գործելու ենք ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, ինչ վերաբերում է բուհերին միանալուն, դա ապագայի հարց է, ասում են, որ նման միավորումներ կարող են լինել 2026-ից հետո: Դեռեւս այս առումով հստակ չէ, սակայն այստեղից-այնտեղից ասում են, որ միանալու ենք ԵՊՀ-ին, թե կոնկրետ որ ֆակուլտետին, դա էլ չգիտենք: Ես դեմ եմ ԳԱԱ-ն լուծարելուն, դեմ եմ նաեւ ինստիտուտներն Ակադեմիայի կազմից հանելուն, սակայն արդեն արել են»: Չկա՞ որեւէ միջոց՝ նախարարությանը կանգնեցնելու։ Կատվալյանն ասաց. «Էլ ի՞նչ անենք, հազար անգամ ասացինք, որ դեմ ենք, բազմիցս հիմնավորել ենք, թե ինչու: Ակադեմիայի ղեկավարությունն առանձին է հիմնավորում ներկայացրել, ինստիտուտների ղեկավարները` առանձին: Բայց ունենք այն, ինչ ունենք: Այս պահին մեր կազմում ոչինչ չի փոխվել, սակայն ապագայում սպասվում է միացում, այդ պարագայում գուցե լինեն նաեւ կրճատումներ, սակայն ոչինչ կոնկրետ ասված չէ, արված չէ: Ինչպես առաջ, հիմա էլ շարունակում ենք սովորականի պես աշխատել»: 

ԳԱԱ Հիդրոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց. «Ոչինչ չեն հստակեցրել, ունեն մի ակադեմիական քաղաքի սեւագիր տարբերակ եւ ուզում են փոփոխություններ անել: Դա ուղղակի նախագիծ է, սակայն ոչ մի հստակություն: Սպասում ենք՝ տեսնենք, թե ինչ են անելու: Խառնաշփոթ են ստեղծել, միայն մեկ բան է հստակ` մեզ Ակադեմիայի գերակա գերատեսչությունից դուրս են բերում եւ հանձնում են Գիտության կոմիտեին: Մենք նրանց ենթակայության տակ ենք մտնում: Անկեղծ ասած, այս ընթացքում Ակադեմիայի ենթակայության տակ էինք, սակայն իրականում բոլոր ֆինանսական հարցերը, հաշվետվությունները, մրցույթները կազմակերպում էր Գիտության կոմիտեն։ Ստացվում է, որ արդեն վաղուց Ակադեմիայի ձեռքից վերցրել էին հիմնական մեխանիզմները: Ինչ ստեղծվել է այդ կոմիտեն, նրանք են հիմնական աշխատանքները կատարում: Անձամբ ես լավ չեմ վերաբերվում այս ամենին: Շատ անհեթեթ որոշումներ են կայացնում, փաստորեն, մեզ` տնօրեններիս, նախ դարձրին ղեկավար, հետո սկսեցին զրկել գիտական աստիճանի գումարներից․ թեկնածուներին` 25 հազար դրամից, դոկտորներին` 50 հազարից: Հայտարարեցին, որ մենք գիտությամբ չենք զբաղվում, այն դեպքում, երբ մեր հիմնական ուղղությունը հենց գիտությանն է վերաբերում: Եթե ինստիտուտը գիտական ուղղություն է ներկայացնում, եւ դու ես այն ղեկավարում, ինչպե՞ս է ստացվում, որ գիտական հաստիք չես համարվում: Ուղղակի ապշած եմ: Ի դեպ ասեմ, որ մեր արձակուրդի օրերը 35 աշխատանքային օրից կրճատել, դարձրել են 22 օր: Ստացվում է, որ ինստիտուտի ղեկավարն այնքան պարապ է, այնքան գործ չի անում, որ կրտսեր գիտաշխատողի չափ էլ հանգստանալու իրավունք չունի: Ես չգիտեմ, թե ով է որոշում այս անհեթեթությունները եւ ինչպես է հիմնավորում, համենայնդեպս՝ շատ վիրավորական է: Այժմ էլ բուհերին միավորվելու մասին է խոսվում, սակայն ես չեմ գտնում, որ Հայաստանում կա այնպիսի բուհ, որն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ դեռ մի բան էլ կարող է գիտական կենտրոններ պահել: Մոտ 150 աշխատող կա, ո՞նց են այդքան աշխատող պահելու բուհում: Քննարկումներ են կազմակերպում` ձեւական բնույթի: Բոլոր ինստիտուտները դժգոհեցին, բողոքեցին, սակայն ոչ մեկը մեր կարծիքը հաշվի չառավ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image