Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցել Ուկրաինայի վերականգնման հարցով համաժողովին, որը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ հունիսի 25-26-ը: Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Զելենսկին կստանա զեկույց Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովի պատրաստվածության, տարբեր որոշումների հետևանքների և դրա անցկացման պայմանների վերաբերյալ: «Դրա հիման վրա նախագահը կորոշի մասնակցության հարցը», - նշել է Սիբիգան։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ակնարկել էր, որ չնայած երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամին՝ ինքը կսպասի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գդանսկում՝ Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովին։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշեց զրկել Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից՝ Ոսկե Արծիվ շքանշանից։ Լեհաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվեց Ուկրաինայի նախագահի հրամանագրով, որով «Հյուսիս» հատուկ գործողությունների կենտրոնը (համաշխարհային պատերազմի ժամանակ լեհերին սպանած ուկրաինական զինված ասպտամբական խումբը-խմբ․) անվանակոչվեց «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսների անունով»։ Լեհաստանում այս որոշումը առաջացրեց Արտաքին գործերի նախարարության պաշտոնական բողոքը և քաղաքական գործիչների վրդովմունքը։
Լեհաստանի իշխանությունների այս քայլերի ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հրաժարվեց իր լեհական պետական պարգևից։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը նույնպես հայտարարեց Լեհաստանի համար վաստակի շքանշանից հրաժարվելու մասին, որը նա ստացել էր անցյալ տարի Լեհաստանի նախագահից։
Ավելին, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հայտարարեց իր մտադրության մասին վերադարձնել Լեհաստանի Հանրապետության համար վաստակի շքանշանի ասպետի խաչը, որը նա նախկինում ստացել էր։
Բացի այդ, Ուկրաինայի ախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պետրո Պորոշենկոն նույնպես հրաժարվեցին իրենց լեհական պարգևներից։