Մշակույթ

Զանգվածային ինքնասպանությունների առեղծվածը եւ ամենատես աչքը

Զանգվածային ինքնասպանությունների առեղծվածը եւ ամենատես աչքը

Ֆանտաստիկ պատմություններ - 2025

N թվականին, երբ Հայաստանում ծնունդ առած «Սրբազան արժեքների միաբանություն» ուխտի գործունեության շնորհիվ մարդկությունը հասել էր քաղաքակրթական այնպիսի աստիճանի, որ աշխարհում վաղուց հաստատվել էին համատիեզերական ներդաշնակություն եւ արդարություն, որոնց շնորհիվ էլ ամենուր տիրում էր սիրո թագավորություն, նույն Հայաստանում տեղի ունեցան հնագիտական զարմանալի հայտնագործություններ, որոնք կասկածի տակ դրեցին նույնիսկ հնագույն ժամանակներին վերաբերող եւ անառարկելի թվացող մի շարք ճշմարտությունների իսկությունը։
Նշված N թվականին հնագիտական տեխնոլոգիաներն այնքան էին զարգացել, որ հետազոտությունները վաղուց արդեն կատարվում էին հողի խորքերը թափանցող հատուկ ճառագայթներ արձակող սարքի միջոցով։ Սարքը կոչվում էր Ամենատես աչք, ուներ զուտ կենսաբանական ծագում, ստեղծվել էր հիշողության բջիջներից, որոնք էլ արձակում էին հնագիտական կամ պեղումնային կոչվող ճառագայթները, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին անվանվել սարքի անունով եւ ի վերջո նույնպես սկսեցին կոչվել Ամենատես աչք։

Ընթացքում այդ անունը տարածվեց նաեւ պեղումների նորահայտ մեթոդի վրա, եւ ստացվեց այնպես, որ Ամենատես աչք սկսեցին կոչել թե՛ սարքը, թե՛ ճառագայթները, թե՛ մեթոդը։ Պեղումների նախկին մեթոդն անցավ մոռացության գիրկը եւ ներողամիտ ժպիտ էր առաջացնում ժամանակի հնագետների մոտ, որոնք Ամենատես աչքի միջոցով կարողանում էին հասնել հողի ամենաանհասանելի թվացող խորքերն ու ասես սեփական աչքով տեսնել այն ամենը, ինչ ժամանակները պահ էին տվել այնտեղ, վերականգնել պատմության պատկերը, հստակ ճշտել ոչ միայն գտածոների ժամանակաշրջանը, այլեւ վեր հանել մարդկանց կյանքի ու գործունեության մանրամասները, պարզել նույնիսկ մահվան պատճառներն ու հանգամանքները, կատարել ուղղակի անհավանական թվացող այլեւայլ ու բազում հայտնագործություններ։

Սակայն Ամենատես աչքի, թերեւս, ամենաֆանտաստիկ հատկությունը ժամանակաշրջանի հիշողությունը վերականգնելու եւ այդ միջոցով էլ տվյալ ժամանակաշրջանի կենսամթնոլորտը բացահայտելու կարողությունն էր։ Դա հնարավորություն էր տալիս բացահայտելու, թե քաղաքակրթական ինչ գաղափարներ են իշխել հնագիտական տվյալ շերտը ստեղծած ժամանակաշրջանում, ինչպիսին են եղել հասարակական ու միջանձնային հարաբերությունները, հոգեբանական ինչ տրամադրություններ ու ազդակներ են գործել, բարոյահոգեբանական ու գաղափարական ինչ պատկերացումներ են իշխել, քաղաքական ինչ հոսանքներ են եղել, կենսագոյության ինչ արժեքներ են տիրել եւ այլն, եւ այլն։

Ահա, այս Ամենատես աչքի շնորհիվ էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվեցին զանգվածային թաղումների գերեզմանոցներ, որոնք, ըստ նույն Ամենատես աչքի եզրակացության, առաջացել էին զանգվածային ինքնասպանությունների հետեւանքով։

Այս հայտնագործությունը մեծ տարակուսանք առաջացրեց եւ բուռն քննարկումների ու բանավեճերի պատճառ դարձավ ոչ միայն գիտական աշխարհում, այլեւ հասարակության լայն շրջանակների մեջ։

Բանն այն է, որ Հայաստանում հայտնաբերված այս թաղումները վերաբերում էին 21-րդ դարի առաջին կեսերին պատկանող շերտին, որի մասին սպառիչ համարվող տեղեկություններ էին պահպանվել նախորդ քաղաքակրթության էլեկտրոնային արձանագրություններում, որոնց համաձայն՝ զանգվածային ինքնասպանությունները, այն էլ՝ ծիսական հիմքով, բնավ բնորոշ չէին այդ քաղաքակրթությանը, մանավանդ որ չհայտնաբերվեց այն առաջնորդի գերեզմանը, որի հետեւից ինքնասպանական զոհաբերություններ պիտի կատարված լինեին։

Բայց Ամենատես աչքի հետազոտությունները հստակ մատնանշում էին, որ գերեզմանատեղիներում հայտնաբերված մարդկային մնացորդների մահվան պատճառը հենց ինքնասպանությունն է։ Ընդ որում, ճառագայթները հստակ հուշում էին, որ այդ քայլին դիմած անձինք թեեւ սովորաբար ունեցել են հասարակական զգալի դիրք, սակայն եղել են մի տեսակ բարձրաստիճան ստրուկներ, խամաճիկ ու կամակատար, պաշտոնյա, կա՛մ նյութական արժեքները վեր են դասել ամեն ինչից, կա՛մ կուրորեն հետեւել են ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, որը նրանց հանգեցրել է այդ վախճանին։

Սակայն այստեղ թերեւս ամենակարեւորը մարդկային մնացորդներում պահպանված հոգեբանական մթնոլորտի վերծանումն էր։ Այն ցույց էր տալիս, որ ինքնասպանությունները կատարվել են անխուսափելի պատասխանատվության վախից։ Մի խոսքով, ստեղծվեց զանգվածային ինքնասպանությունների գաղտնիքը քննող հանձնախումբ, որը, ի մի բերելով Ամենատես աչքի հայտնաբերած փաստերը, դրանք համադրելով տիրած մթնոլորտի հետ ու վերլուծելով, վերականգնելով ժամանակի պատկերը, հանգեց այսպիսի եզրակացության․

«Եղել է ժամանակաշրջան, երբ Հայաստանում իշխել է մի սուտ մարգարե, գուցե իրականում յուրատեսակ չար հանճար, որը, ժողովրդական բնորոշմամբ՝ դրսում քահանա է եղել, ներսում՝ սատանա, որն արտաքին աշխարհում իր մասին ձեւավորել է ժողովրդավարի ու խաղաղարարի համարում, բայց ներսի համար այդ ամենն իրականում եղել է սոսկ տրոյական ձի, ինքն իրականում եղել է բռնակալ ու մարդատյաց, ոտնահարել է անձնային, ազգային ու համամարդկային բոլոր սրբազան արժեքները, նույնիսկ ակնհայտ հանցանք գործել մարդկության դեմ (օրինակ՝ ցեղասպանության ուրացումը), ստեղծել է քաոս, երկիրը մատնել աղետի, պատճառել բազում թանկ կորուստներ, պառակտել հասարակությունը, սիրո խոսքեր շաղ տալով՝ իրականում տարածել ու առաջացրել է չարության, թշնամանքի, ատելության ու մաղձի թունավոր մթնոլորտ, հումանիզմի իսպառ բացակայություն ներարկել գործերին ու մտածողությանը, հոգիներին ու մտքերին, լեզվամտածողությունից ջնջել «բարություն» եւ «գթասրտություն» բառերը, իսկ հիշողություններից՝ նույնիսկ լեռը, ձգտել է տարածել համընդհանուր մանկուրտացում, ժողովրդավարության քողի տակ հաստատել է բացարձակ մենիշխանություն, բանտերը լցրել իր հակառակորդներով, այն է՝ այլ՝ սրբազան արժեքներ դավանողներով, անարժան եկեղեցականների դեմ պայքարի քողի տակ փորձել կործանել հենց Եկեղեցին, հավատն ինքնին։ Նրա օրոք ժողովուրդն այնքան էր փոխվել, որ նույնիսկ ինքն իրեն չէր ճանաչում, եւ այնքան էր հոգնել նրանից, որ շատերը նույնիսկ չէին կարողանում լսել նրա ձայնը, տեսնել պատկերը, հետեւել խոսքին։ Շատերն անգամ նրա անունը չէին ուզում լսել ու տալ, իսկ ստիպվածության դեպքում նրան հիշատակում էին միֆական չարքերի «Ոմն» մականունով։ Այս Ոմնը․․․»․․․

Այնուհետեւ հետեւում էր պատմության դասագրքերից ու բազում այլ վկայություններից հայտնի նկարագրությունը այդ ժամանակների Հայաստանի, որը քաջ հայտնի է բոլորին, վավերագրված է արձանագրման բոլոր միջոցներով ու աղբյուրներում, այնպես որ, այդ ամենը ներկայացնելու կարիք չկա բնավ։ Ուստի անդրադառնանք եզրակացության մեզ հետաքրքրող այն հատվածին, որը վերաբերում է զանգվածային ինքնասպանություններին ու թաղումներին․
«Ամենազարմանալին ու ահավորը, սակայն, այս սուտ մարգարեին ֆանատիկորեն հետեւող մարդկանց վարքն էր ու ճակատագիրը, ինչն այլ կերպ կարելի է կոչել հանցակցություն եւ հետեւանք։ Այս մարդիկ գուցե ավելի մեղավոր էին տեղի ունեցածների մեջ, քան Ոմնը՝ ինքը։ Սրանց ստրկական կախվածությունը նրա ուժի հիմնական աղբյուրն էր, իսկ սրանք, թեեւ բազմաթիվ փոխակերպումների միջով անցնելով հետզհետե վերածվել էին փոխակերպուկների, բայց ժամանակի ընթացքում գուցե արդեն գիտակցել էին իրենց այդ ընթացքի ահավորությունը, որովհետեւ հանցակցությունը գուցե ավելի մեծ մեղք է, քան հանցանքն ինքնին։

Սակայն գաղտնիք չէ, որ հանցակցությունն ունի նաեւ միավորող չար զորություն։ Ահա, այս ամենի հետեւանքով էլ սրանք շարունակում էին հետեւել նրան, կատարել նրա ամենամթին ցանկությունները, ասես կամավոր կամ, որ ավելի ճիշտ է, իրենք իրենց կամազուրկ տանելով դեպի վիհ, դեպի կործանում, մինչեւ եկավ մի պահ, երբ, հակազդեցության բնական օրենքին համապատասխան, սուտ մարգարեի սեւ ուժերի դեմ ելան սրբազան արժեքների սպիտակ զորագնդերը, մերկացրին նրա կեղծ գաղափարները եւ հալածեցին նրան, իսկ նա չքվեց ու անհետացավ, ասես չէր էլ եղել, գուցե փախուստի դիմեց իրեն սնուցող այլ ուժերի ճամբար, գուցե՝ դեպի օտար երկրներ։ Եվ նրա՝ լքված ու դավաճանված հետեւորդների բազմությանը տիրեց տագնապ ու վախ, եւ քանի որ իրենք էլ դարձել ու եղել էին չարության ու պատժի գործիք, հավատարմագրվել էին այդ մեթոդին, այն դարձրել գործելակերպ ու կենսակերպ, ուստի մտածեցին, որ իրենց հանդեպ էլ գործելու է ակն ընդ ական հինավուրց օրենքը, կամ, որ ավելի հավանական էր, «ինչ որ ցանես, այն կհնձես» բնական օրենքը կամ էլ վենդետայի սկզբունքը եւ կամ էլ պարզապես չոր օրենքը, եւ իրենք էլ ենթարկվելու են նույն անողոք ու անգութ վերաբերմունքին, ինչն իրենք են դավանել ու իրականացրել․ պատիժ, որը չունի ներում։ Ահա, այդ ամենից ու պատասխանատվության, հատուցման եւ պատժի անխուսափելիության գիտակցումից արյուն սառեցնող եւ մտքի ու հոգու աչքը կուրացնող վախից էլ ծնվել է խուճապ, նաեւ՝ անկատար զղջում ու անհույս ինքնաձաղկում, անելանելիության տենդագին համակվածություն, հիստերիա եւ նմանատիպ այլ զգացումներ ու մտքեր, որոնց պատճառով էլ շատերը դիմել են ինքնասպանությամբ պատժից ազատվելու կամ մեղքերը քավելու անհավատալի թվացող քայլին․․․»․․․

ՀԳ․ Ամենատես աչքը, ահա, այսպիսի բացատրություն էր տվել առեղծվածային զանգվածային թաղումներին։ Իհարկե, այդ բացատրությունը մեր ժամանակներում անհավանական է թվում, սակայն մենք նրան չհավատալու պատճառ կամ պատճառներ չունենք։ Այսուամենայնիվ, այս պատմությունն ավարտելուց առաջ հարկ ենք համարում մի փոքրիկ լրացում անել․ մենք մոռացանք ասել, որ Ամենատես աչքի գուցե ամենաֆանտաստիկ հատկություններից մեկն այն էր, որ նա կարողանում էր անցյալի մեջ տեսնել տարբեր՝ հնարավոր ապագաներ, որոնք կարող էին իրականանալ կամ չիրականանալ՝ կախված հանգամանքներից, նախախնամությունից, մարդկային կամքից ու գործունեությունից եւ այլ բաներից։ Ապագան երբեք միանշանակ կանխորոշված չէ, կարող է լինել բոլորովին այլ, քան ինչ կա, կամ բոլորովին այլ, քան ինչ կարող էր լինել։

Ահա, ուրեմն, մենք նկարագրեցինք Ամենատես աչքի պատկերած հնարավոր ապագաներից մեկը, որը, սակայն, ըստ հենց այդ աչքի այլ վկայությունների, չէր իրականացել, այլ իրականացել էր բոլորովին այլ ապագա, որի հիմնական արարիչներն էին սուտ մարգարեին հաղթած սրբազան արժեքների սերմանած զղջումը, ապաշխարանքը, քավությունն ու ներումը (թեեւ ո՞վ գիտի, եթե սրբազան արժեքների փոխարեն հաղթեին այլ արժեքներ, գուցե իրականանար հենց այդ՝ զանգվածային ինքնասպանությունների ու թաղումների հանգեցրած ապագան), բայց սա արդեն այլ պատմություն է, որին գուցե անդրադառնանք մեկ այլ անգամ։

Հակոբ Սողոմոնյան 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image