Հասարակություն

Գեւորգ Էմինը դուխով էր, հանդուգն էր, անհանգիստ բնավորություն ուներ

Գեւորգ Էմինը դուխով էր, հանդուգն էր, անհանգիստ բնավորություն ուներ

Նրա մայրը՝ Արուսյակ Վարդանյանը, հորս մանկության  մասին  պատմում էր, որ երբ սենյակ էր մտնում Գևորգը, որտեղ հանգիստ խաղում էին նրանից տարիքով մեծ նրա Վարդգես եղբայրը, Հեղինե քույրիկը և նրանից  տարիքով փոքր Վազգենը, այնպես էր իրավիճակը փոխվում, ասես կաթի մեջ մերան գցես: 

Գևորգ Էմինը շատ անհանգիստ մարդ էր ու չէր կարողանում ժամերով անշարժ ու անձայն նստած մնալ, ինչն այն օրերին պարտադիր պայման էր պաշտոն ստանալու համար: Պաշտոնյան պետք է կարողանար այդպես նստել ժամեր տևող ժողովների ու նիստերի նախագահություններում: Էմինի վարքի այդ   ՙթերությունը՚  պատճառներից մեկն էր, որ նա չունեցավ պաշտոններ: Կարողացավ միայն մի կարճ ժամանակահատվածում զբաղեցնել  “Литературная Армения” ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որի ընթացքում հաջողացրեց տպագրել այնպիսի նյութեր, որոնք արգելված էին Սովետմիությունում: 

Հայրս պատմում էր Միացյալ Նահանգներում Սովետմիության դեսպանություն 1970 թվականին իր այցելության մասին, ինչը պարտավոր էր անել: Երբ դեսպանի առանձնասենյակի նախասրահում սպասելիս է եղել, նկատել է, որ աթոռներն այդ սենյակում … սխալ են դասավորված և խոչընդոտում են  մարդկանց տեղաշարժին: Էմինն իսկույն ևեթ սկսել է դրանք վերադասավորել, ինչն ապշեցրել է ներկաներին և քարտուղարուհուն, որը նրան անվանել է խիզախ մարդ:  
Պատմեմ, թե ինչպես Էմինին հաջողվեց կոտրել կապիտալիստական երկրներ մեկնելու արգելքը:

Մինչ 1969 թվականը նրան թույլ չէին տալիս մեկնել այդպիսի երկրներ: ԽՍՀՄ բարձրաստիճան պատվիրակության կազմում մինչ այդ հորս թույլատրել էին մեկնել Հյուսիսային Կորեա, նաև, մի քանի անգամ՝ Լեհաստան: Կորեա այցելելու հետևանքն այն էր, որ մենք ստանում էինք այդ երկրի առաջնորդ Կիմ Իր Սենի մեծադիր լուսանկարներով  ՙԿորեա՚  ամսագիրը, որտեղ նկարագրվում էր կորեացիների  «երջանիկ»  կյանքը:   Այդ ուղևորության մասին հայրս պատմել էր նաև, որ այնտեղ տեղի ունեցած ճաշկերույթներից մեկի ժամանակ համտեսել էր ինչ-որ ուտեստ, որի մսի համն իրեն տարօրինակ էր թվացել: Երբ հարցրել էր, թե ինչ մսից է այն պատրաստված, պատասխանել էին … շան մսից: Ինչից հետո հայ պոետը դուրս էր եկել ճաշասենյակից, և, ներեցեք, փսխել էր:

Հայրս պատմում էր, թե ինչ ձևով  էին իշխանություններն իրեն մերժում մեկնել կապիտալիստական երկրներ նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղից գալիս էին իր անունով հրավերներ: Վերջին պահին հայտարարում էին, թե՝  կներեք,  չստացվեց: 
1969 թվականին նույն կերպ նրա անունը հանել էին Ֆրանսիա մեկնող պատվիրակության ցուցակից: Գևորգ Էմինը, որն այդ պահին ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, ուներ պետական պարգևներ, նաև, կոմկուսի անդամ էր, իր կուսակցական տոմսը, պարգևներն ու լաուրեատի  վկայականը տարել և հանձնել էր Հայաստանի կոմկուսի կենտկոմ ասելով, որ եթե չեք վստահում, այդ ամենն ինձ պետք չէ: 

Հաջորդ օրը նրան զանգել և ասել էին.  «Ընկեր Էմին, սխալ է տեղի ունեցել, Դուք մեկնելու եք Ֆրանսիա՚: 
Ի դեպ, Ֆրանսիայում նա հիվանդացել ու հայտնվել է հիվանդանոցում: Պատվիրակության բոլոր անդամները, բացի մեկից, վերադարձել էին Հայաստան: Եվ հայրս հասկացել էր, որ հենց այդ մարդն է եղել իրենց ուղեկցող ԿԳԲ-ականը:
Հաջորդ տարի՝ 1970-ին, նրան թույլ են տվել մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ Էմինը մնացել էր շուրջ կես տարի և ինչպես ինքն էր վկայում, «Ամերիկան կտրել անցել էր հարավից՝ հյուսիս, արևմուտքից՝ արևելք»: 

Երբ նա վերադարձավ Սովետմիություն, Մոսկվայում մնաց մի քանի օր, քանի որ Շերեմետևո օդանավակայանում պետք է ստանար  «Կարգո»  միջազգային բեռնափոխադրումների ընկերության միջոցով ուղարկված իր բազմաթիվ ճամպրուկները, որոնցում կային մեծ թվով գրքեր: 

Հայրս սարսափելի գրքասեր էր: 

Ես այդ ժամանակ սովորում էի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանում և իր առաջին տպավորությունները, մինչև նրա երկրորդ կնոջ՝ Արմենուհի Ղամբարյանի ժամանելը, հայրս կիսեց ինձ հետ:
Գևորգ Էմինը խիստ տպավորված էր Ամերիկայից, որի մասին սովետական պրոպագանդան  սխալ պատկերացումներ էր ձևավորում: Նրան ապշեցրել էր այն, որ Ամերիկայում եղած ժամանակ ոչ ոք չի հարցրել, թե ով է նա և ինչ է անում այդտեղ: Ոչ ոք չի պահահանջել, որ նա ցույց տա իր փաստաթղթերը: Ավելին, երբ որպես զբոսաշրջիկ այցելել է Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանը, որտեղ կանգնած է եղել այն տիեզերանավը, որը պետք է թռչեր դեպի լուսին, իրեն ուղեկցող ամերիկահայը հսկիչին կատակով ասել է. «Գիտե՞ք ով է այս մարդը: Նա սովետական լրտես է»: Ինչին հսկիչը պատասխանել է. «Ինձ չի հետաքրքրում, թե նա ով է: Եթե մուծել է 2 դոլարը, թող անցնի»: 

Հորս ապշեցրել էր այն, որ այդ երկրի քաղաքացին իրավունք ունի ամեն ինչ իմանալ և տեսնել: Որպես զբոսաշրջիկ նա նույնիսկ մասնակցել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության շենքի ներսում անցկացվող էքսկուրսիային: Նյու Յորքի փողոցներից մեկում տեսել էր մուշտակ հագած մի մերկ կնոջ, որի կրծքերը բաց են եղել և երևացել են: «Որպես աշտարակցի տղա ես չդիմացա և ինչ-որ բան ասացի նրա հետևից, բայց ինձ ուղեկցող ամերիկահայն ինձ նախատեց ասելով, որ այդպես չի կարելի, այդ կինը կարող է ինձ դատի տալ», - պատմում էր հայրս:   

Այստեղ չեմ վերապատմի նրա բոլոր ասածները: Կնշեմ միայն հորս զարմանքն ու հիացմունքն իրենց ընտանիքների հանդեպ ունեցած ամերիկացիների  վերաբերմունքից: Մասնավորապես, բոլոր ամերիկացիները, որոնց հետ նա հանդիպել էր, ցույց էին տվել իրենց ընտանիքների լուսանկարները, որոնք ունեցել են կամ իրենց մոտ, կամ էլ իրենց գրասեղանների վրա: Մինչդեռ Էմինը չի ունեցել այդպիսի լուսանկար և ամաչել է դրա համար: 
Հայրս պատմեց նաև սպիտակամորթների հանդեպ Ամերիկայում իր տեսած որոշ սևամորթների կողմից լկտի ու անթույլատրելի վարքագծի մասին, ինչը հերքում էր այն, թե Միացյալ Նահանգներում, իբր, շարունակում են ոտնահարել սևամորթների իրավունքները: 

Վերադառնալով Մոսկվա, հայրս գնացել էր ԽՍՀՄ ԳՄ Գրական ֆոնդ և այնտեղ աշխատող տարեց հրեա հաշվապահը մտահոգ հարցրել էր նրան.  «Ընկեր Էմին, ինչպիսի՞ն է Ամերիկայում նեգրերի վիճակը»:  «Մտքումս ասացի, իրականում դու ես նեգրը», - ծիծաղելով պատմում էր հայրս:  

Հաջորդ տարվա ձմեռային արձակուրդների օրերին, երբ եկել էի Երևան, հայրս Գիտությունների ակադեմիայի դահլիճում պատմեց ԱՄՆ կատարած իր այցելության մասին: Եվ զարմանալի, այն օրերի համար անհավատալի հանդուգն բաներ ասեց: 

Մասնավորապես, որ Սովետմիությունը սխալ է գործում, որ կապ է պահպանում և աջակցում է, այդ թվում նաև՝ ֆինանսապես, միայն այնտեղի հայ կոմունիստների հետ, որոնք շատ քչաթիվ են և հիմնականում տարեցներ են, որոնց ամերիկահայերը բանի տեղ չեն դնում: Պատմեց նաև, որ երբ Միացյալ Նահանգներ է ժամանել այն օրերի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը,  «խղճուկ դահլիճում»  նրա հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ներկա է  եղել շատ քիչ մարդ, ինչն առաջացրել է այն օրերի Միացյալ Նահանգներում Սովետմիության դեսպանի հիասթափությունը: Որը հորս հարցրել է. «Այսպե՞ս են ամերիկահայերը հարգում իրենց պետության ղեկավարին»: Էմինը նրան բացատրել է, որ եթե այդ հանդիպումը կազմակերպեին ոչ թե կոմունիստներն այլ՝ Սփյուռքի մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, այն կլիներ շատ ավելի մարդաշատ, շքեղ ու երիտասարդների մասնակցությամբ:

Գևորգ Էմինի այդպիսի վարքագիծը չէր կարող անպատիժ մնալ: Առավել ևս, որ ստացվել էին որոշ ամերիկահայերի մատնագրերը:  Այդ կապակցությամբ հայրս ասում էր. «Երբ Սովետմիությունից հեռու ես գտնվում, անկեղծանում ես: Հետո պարզվում է, որ քո զրուցակիցների թվում եղել են մատնիչներ»: 

Գրողների միությունում կազմակերպվել էր ժողով, որտեղ քննարկվել էր կոմունիստ Էմինի անթույլատրելի վարքագիծը Ամերիկայում: Երջանկահիշատակ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը պատմեց ինձ այդ ժողովի մասին: 
ԳՄ դահլիճի բեմից այն օրերի ԳՄ կուսկազմակերպության գրականագետ ղեկավարը  ելույթ է ունեցել՝ պատմելով կոմունիստ Էմինի սխալ վարքագծի մասին և պահանջել է խիստ պատժել բանաստեղծին: Նրա ելույթի ընթացքում, դահլիճի առաջին շարքում նստած Էմինն անընդհատ բարձրաձայնել է.  «Անասուն, անասուն, անասուն»: Գրականագետը լսելով դա դիմել է ներկաներին, թե Էմինն ինձ անպատվում է, անվանում է անասուն: Ինչին ի պատասխան Գևորգ Էմինն ասել է. «Ինչու՞ ես նեղանում: Երբ ինձ անվանում են բանաստեղծ ես չեմ նեղանում չէ՞ »:

Գրիգոր Էմին-Տերյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image