124 մտավորական հանդես են եկել «Հայաստան» դաշինքին սատարելու կոչով: Հայտարարության տակ ստորագրել է 124 գործիչ, որոնց թվում են ԳԱԱ թղթակից անդամներ, բանասիրական, իրավաբանական, պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ։
Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է սատարում «Հայաստան» դաշինքին։ «Նախ տեսա փորձառություն՝ ի դեմս Ռ․ Քոչարյանի, նաեւ ազգային գաղափարախոսություն՝ ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության, եւ 3-րդ՝ որքան էլ իր ելույթներում այդ թերմաշը փորձում է Սյունիքը հակադրել Հայաստանին, իրոնիայով է խոսում Լեռնահայաստան երեւույթի մասին, ինչպես որ նույն իրոնիայով խոսում է Դաշնակցության դրոշն այրելու մասին, այդուհանդերձ, մենք գործ ունենք Լեռնահայաստանի եւ մեր հայրենիքի հետ։ Անկախ նրանից՝ մենք Սեւ լճից 30 մետր ենք զիջում, թե 30 տոկոս, դա մեզ համար մետրերով չափվող տարածք չէ, ոչ էլ թոփով կտոր, որ չափում ասում ենք՝ այսքանը՝ քեզ, այսքանը՝ ինձ։ Դա մեր հայրենիքն է, որի ամեն հողակտորի, մետրի համար պատասխանատվություն ենք կրում եւ ոչ միայն մեր պատմության առջեւ, այլեւ՝ մեր գալիքի։ Մենք, ի վերջո, դասալիք չենք»։
Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո սոցցանցերում սկսեցին թիրախավորել մտավորականներին՝ նշելով, որ նրանք առաջնորդվում են ոչ թե պետության, այլ անձնական շահով եւ ընտրում են մարդասպանին։ «Ո՞վ է մարդասպանը, նկատի ունեն Ռ․ Քոչարյանի՞ն․․․ Ես հիմա մարդասպանին տեսնում եմ 5 հազար անմեղ երեխաներին գերի տված ու դավաճանած, տեսնում եմ 40 հազար դավաճանված մարդ, ովքեր լքել են իրենց հայրենի տները, ես մարդասպանին տեսնում եմ ամեն քայլափոխի, երբ փողոցում հանդիպում եմ հաշմված երեխաների։ Ի՞նչ մարդասպանի մասին է խոսքը, եթե Պողոս Պողոսյանին են ակնարկում, ապա նա իմ ընկերն էր, եւ շատ լավ գիտեմ նրա պատմությունը, Պողոս Պողոսյանի համար հանցագործը դատապարտվել է, իսկ ո՞վ է դատապարտվել մարտի 1-ի համար, եւ ինչո՞ւ է հիմա նա վարչապետի աթոռը զբաղեցնում։ Չի կարելի այդքան աչքակապությամբ զբաղվել, ինչ-որ մարդիկ հիմա էլ դարձել են քաղաքական գործիչ, դիվանագետ»։
Թե ինչ ազդեցություն կունենա այս հայտարարությունը ընտրություններից առաջ, Դ․ Սարգսյանն ասաց․ «Ես խոսքի ուժին հավատում եմ, որքան էլ որ վարկաբեկված է խոսքը մեր հասարակության մեջ։ Ես հին մարդ եմ, բայց նախկին չեմ եւ խոսքի հանդեպ հավատ ունեցող մարդ եմ։ Իսկ այսօր շատ մոլորյալներ ունենք, նաեւ՝ երդվյալ օրթոդոքս ստորաքարշների բանակ, եւ եթե այդ խոսքը գոնե մեկ մարդու կբերի այն դաշտ, որ ինքը փորձի վերլուծական մտքով, դատողությամբ, տրամաբանությամբ այս իրադարձությունները դիտարկել պատճառահետեւանքային կապերի ամբողջության մեջ, ուրեմն այս հայտարարությունն իր դերակատարումը կունենա»։
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանի ընտրությունը պայմանավորված է սկզբունքայնությամբ. «Ես միշտ Դաշնակցությանն եմ համակրել, ոչ այն պատճառով, որ դաշնակցական եմ կամ կուսակցական, ոչ, ես պարզապես գիտեմ, որ իրենց հարգող բոլոր պետություններն ուժեղ են այն պատճառով որ իրենց պառլամենտներում եւ սենատներում անպայման ունեն ազգային հենք եւ նկրտումներ ունեցող ուժեր։ Դա ինձ համար շատ կարեւոր հարց է»։
Հասարակության ծայրաստիճան բեւեռվածությունը, ըստ Հակոբյանի, հետեւանքն է այն բանի, որ գիտակցաբար եւ ծրագրավորված հասարակությունը բաժան-բաժան արվեց քաղաքական ուժերի կողմից, ավելին՝ հենց իշխանական ուժերի կողմից. «Եվ իշխանության շատ անհասկանալի՝ մուրճով կոչերը, ասֆալտին փռելու կոչերը, այս բոլորը ստեղծում են համապատասխան հող։ Եվ կա մի թյուր կարծիք. բոլորը արվեստագետներին խորհուրդ են տալիս չզբաղվել քաղաքականությամբ։ Այո, քաղաքականությամբ զբաղվելն անշնորհակալ գործ է, բայց ոչ ոք մեզնից չի կարող խլել քաղաքացիական դիրքորոշում ունենալու իրավունքը։ Նաեւ մի հարց եմ ուզում տալ՝ ո՞վ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ. այն մա՞րդը, որ Ֆեյսբուքում հայհոյում է իմ կոլեգաներին եւ ասում՝ ի՞նչ գործ ունեք քաղաքականության մեջ, ու ինքն է ճչում քաղաքական ճառեր։ Ինչ է՝ հատուկ դիպլո՞մ պետք է ստանանք՝ քաղաքականությամբ զբաղվելու համար։
Սրանք անհասկանալի բաներ են եւ հետեւանք են մեր հասարակության չափազանց քաղաքականացված վիճակի։ Այնպիսի տպավորություն է, թե բոլորն արտակարգ հասկանում են քաղաքականությունից, հենց քաղաքականությունը թողնում են, արտակարգ հասկանում են թատրոնից, գիտությունից, ռազմագիտությունից, գեներալներին կռվել են սովորեցնում, դերասանին՝ դերասանություն։ Խնդիրն այն է, որ ոչ միայն իշխող ուժին, այլ նաեւ շատ քաղաքական ուժերի թվում է, թե ժողովուրդն այն մարդն է, ով իրենց պես է մտածում, իսկ մնացածը, ով իրենց պես չի մտածում, ժողովուրդ չէ»։
Դ․ Հակոբյանը դժվարանում է ասել՝ այս իրավիճակը քաղաքացիական բախումների կտանի՞, թե՞ ոչ․ «Ես շատ վախով եմ սպասում դրան, եւ Աստված չանի՝ այդ տեսակ բան լինի»։ Ամեն դեպքում, Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ «Ես անլուրջ եմ վերաբերվում այդ ամենին, եթե շատ լրջացնենք, իրոք կլրջանա, չի կարելի տրվել դրան։ Հուսանք՝ մեր ժողովուրդն իմաստնություն կունենա եւ խղճի մտոք ընտրություն կկատարի»,- նշեց դերասանը։
«Մեր մտահոգությունը հայտարարության մեջ արդեն նշված է,- ասում է ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը եւ նշում,- ցանկացած հայ մարդ, մտավորական շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկրում, իսկ մեր երկիրը խոցված է, վիրավոր, բայց չենք տեսնում, որ իշխանությունները համարժեք քայլեր են ձեռնարկում՝ երկրի վիճակը կարգավորելու համար։ Արդեն հոգնել ենք նախկինների հանդեպ ուղղված ամենօրյա լուտանքներից, սպառնալիքից, չարախոսությունից, այդ ցածր մակարդակի բառապաշարից եւ տեսնում ենք, որ այս իշխանությունները, բացի ատելությունից ու թշնամանքից, որեւէ նոր բան չեն առաջարկում։ Հարց է առաջանում՝ մնում են, որ էլ ի՞նչ անեն, բայց կան նաեւ առողջ ուժեր, որոնք ունակ են երկիրը դուրս բերել այս վիճակից, մենք տեսնում ենք պետական հոգածություն, լայն աշխարհայացք, հավասարակշիռ կեցվածք, շատ առողջ ուժեր են համախմբվել այս դաշինքի շուրջ»։
Վ․ Կատվալյանն ընդգծում է՝ իր համար շատ կարեւոր է, որ ունենանք ազգասեր, ազգանվեր իշխանություն, անձամբ ինքն այդ մտածողությունը տեսնում է «Հայաստան» դաշինքի մեջ․ «Ես տեսնում եմ, որ նրանք մտահոգ են երկրի վիճակով, նրանք ներկայանում են ազնիվ կեցվածքով ու առաջարկներով, իրենց խոսքում ես տեսնում եմ պետական մտածողություն, մարդկային արժանիքներ։ Իսկ հոգեկան ցածր արժանիքներ ունեցող մարդիկ իշխանության ղեկին չպետք է լինեն։ Մտավախություններ եւս կան, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչ ցածր հատկանիշներ են դրսեւորում իշխանության ղեկին գտնվող մարդիկ քարոզարշավի ընթացքում՝ ատելություն բորբոքելով, թիրախավորելով հոգեւորականներին, իրավաբաններին, գիտնականներին։ Այս օրերին տեսնում ենք մի ուժի հանգիստ, մտահոգ կեցվածքը եւ մյուս ուժի նյարդային տապալումները՝ ցածր դրսեւորումներով, ուղղակի մոլեռանդ են դարձել, բայց ի՞նչ են արել, բացի մեր հայրենիքը կործանելուց։ Ինչպե՞ս կարելի է սատարել հայրենիքը կործանած ուժին, եթե նախկիններն են արել, ինչո՞ւ դա չէր արտահայտվում նախկինների ժամանակ, այլ՝ հիմա։ Նախկինների ժամանակ մենք ապրում էինք հզոր, ուժեղ հայրենիքում»։