Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ
- Պարոն Բաղդասարյան, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում հանդիպմանը Հայաստանում ուշի-ուշով հետեւում էին։ ՌԴ նախագահը, շնորհավորելով ընտրությունների արդյունքների կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Կարծում եմ` դա կարեւոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարեւոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարեւոր պայմանն է հետագա զարգացման համար»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ասաց Պուտինը Փաշինյանին, որ ՌԴ-ն նրան քարտ-բլանշ է տալիս իր իշխանությունը պահելու հարցո՞ւմ։
- Ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը դրանով Հայաստանին հասկացնում է, որ ինձ հետ հույսեր չկապեք, Նիկոլ Փաշինյանն ունի ժողովրդի վստահության քվե, եւ իշխանությունները պիտի բարի լինեն իրենց պարտությունը մինչեւ վերջ տանել՝ առանց հույս դնելու Ռուսաստանի աջակցության վրա։ Սա ինչ-որ իմաստով ՀԱՊԿ-ի հայտարարության շարունակությունն էր։ Առաջինը ՀԱՊԿ-ն ասաց, չէ՞, որ Հայաստանի հարավի իրավիճակը սահմանային միջադեպ է եւ ոչ ագրեսիա, եւ, հետեւաբար, իրենց հետ հույսեր կապել պետք չէ։
- Այսինքն՝ պողպատե մանդատ, Դուք եւ Ձեր ժողովուրդը։
- Այո, հենց դա էլ ասում էր եւ նաեւ ակնարկում, որ նախկին իշխանություններն այդ վստահության քվեն չեն ունեցել, բայց հիմա ունեք, գնացեք, ինքներդ լուծեք այդ հարցերը։ Եվ Ռուսաստանն ինչ-որ առումով իրեն արդարացնելու խնդիր ուներ, որովհետեւ 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն որպես դաշնակից չդրսեւորեց։ Եվ հիմա սա շարունակվում էր, որ դուք եք որոշել, դուք եք ընտրել, դա է ձեր ճանապարհը։ Եթե համակերպվել եք այդ պարտության հետ, ապա, այո, շարունակությունն ավելի ցավոտ է լինելու։ Բայց նորից եմ ասում՝ դա ձեր որոշելիքն ու անելիքն է, ու ՌԴ-ի հետ առանձնապես հույսեր չկապեք։
- Այսինքն՝ ձեռքերը լվանալու պիղատոսյան որոշո՞ւմ։
- Դա՝ այդ որոշումը, ըստ էության, ավելի վաղուցանից կար, չէ՞։ Հիմա սա նորից հետընտրական փուլում արձանագրվում է վստահության մանդատի շեշտադրմամբ՝ գնացեք արեք։ Եվ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ կանի, որովհետեւ ինքն էլ առանձնապես դեմ չէ։
- Լավ, այս ամենը տեսնում ենք, բայց մյուս կողմից լսում ենք, որ արբանյակ կուսակցությունները, որոնք չէին բացառում, որ ԱԺ մտնելուց հետո ՔՊ-ի հետ կոալիցա կկազմեն, հիմա հայտարարում են, որ պետք է վերատեսության ենթարկել ՀԱՊԿ պայմանագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ չերկարաձգել պայմանագիրը։ Հիմա սա ինչո՞ւ է արվում, Նիկոլ Փաշինյանն ուզում է ՌԴ նախագահին ցույց տալ, որ, այ, նման հակառուսական տրամադրություննե՞ր էլ կան Հայաստանում։
- Հայաստանում բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու գնալ դրան։ Դա է պատճառը, որ թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքը, թե՛ «Հայաստանը» սպասում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես պետք է այդ «հարցերը լուծի», եւ դրա համար էլ խոստացված փողոցային պայքարը չեղավ։ Ցավոք սրտի, քաղաքական ուժերն առաջնորդվում են ոչ թե երկրի, այլ կուսակցական շահերով։
- Այսինքն՝ կարելի՞ է եզրակացնել, որ այն մանդատը, որից այդքան ոգեւորված էր ՔՊ-ն, հիմա իրենց խանգարում է։
- Ոչ, որովհետեւ, ասացի՝ Նիկոլ Փաշինյանն էլ առանձնապես դեմ չէ, թե չէ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահին անվանում «կառուցողական», առանձնապես դեմ չէ ճանապարհ տրամադրել, դեմ չէ դեմարկացիային ու դելիմիտացիային։ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ընդհանրապես ոչինչ չի ասում։ Այսինքն՝ ինքն ու իր քաղաքական ուժը վերջնականապես համակերպվել են թե՛ Արցախի ամբողջական կորստյանը, թե՛ սահմանային էս վիճակներին, թե՛ մեր այս պարտված վիճակի հետ եւ համարում են, որ դրա միջով պիտի անցնենք, որ հետագայում մի օր չգիտեմ ինչ-որ դրական բաներ լինեն։
- Իսկ այդ ցավոտ լուծումները որո՞նք են։
- Դեմարկացիա, միջանցքի տրամադրում եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։