Hraparak.am-ը գրել էր, որ դեկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Արշակ սրբազանի քրեական գործում տրագիկոմեդիկ զարգացումներ կան, եւ նախաքննության մարմինը խուճապի մեջ է։ Պարզվում է, մեղադրանքի համար հիմք հանդիսացող միակ «իրեղեն ապացույցը»՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է: 7 տարվա հնության այդ գլանակը կա՛մ քննիչներն են ծխել, կա՛մ անփութության հետեւանքով կորցրել են` գործի պատվիրատուներին զրկելով միակ ապացույցից: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, ինչ-որ մեկի ուսապարկից իրավապահները գտել են թմրանյութի գլանակ, որը, գործով անցնող վկաների «կարծիքով», կարող էր Արշակ սրբազանի հանձնարարությամբ հայտնվել ուսապարկում:
Մեզ ասացին, որ գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը, ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետեւ չկա իրեղեն ապացույցը` չկա գործը: Ի դեպ, երեկ քննչականի խոսնակը, որը ցանկացած լուր հերքելու մեծ մասնագետ է, երեկ հրաժարվել է մեկնաբանել մեր հրապարակումը: Հայտնի է, որ Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգն ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են այդ գործի կարեւորությունը, ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, բայց նվազագույն ձեւական ապացույցներ պետք է առկա լինեն, որ կարողանան գործը դատարան ուղարկել, մեղադրյալին էլ բանտում պահել:
Փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Նա ասաց․ «Ակնհայտ է, որ եթե պրոցեսը հավասար պայմաններում դիտարկեինք, ապա թմրամիջոցների իրացման հանցակազմի պարագայում, եթե իրացման առարկա առկա չէ, ապա անհնար է դառնում դրա չափի մասին խոսելը։ Եթե իրավական մաթեմատիկային՝ տրամաբանությանն ենք նայում, ապա ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, որ ինչ-որ մեկից ձեռք է բերել թմրամիջոց, կամ ինչ-որ մեկն իր պայուսակի մեջ թմրամիջոց է գցել եւ այլն։ Թմրամիջոցի առկայությունը միայն կարող է հստակեցնել, թե ինչ հոդվածի մասին պետք է խոսք գնա, եւ ըստ դրա միայն կայացվի որոշում։ Եթե չկա ապացույց, ապա չեն կարող ասել՝ թմրանյութի չափը զգալի՞ էր, առանձնակի՞ զգալի էր, թե՞ խոշոր չափերով։ Չկա ապացույց, չկա թմրանյութի չափ։ Սա իրավաբանական թեորեմ է՝ եթե չկա ապացույց, ապա պետք է խոսվի ամենանվազ չափի մասին, բայց ես կարծում եմ, որ այս գործի շրջանակներում այս տրամաբանությունը չի գործելու։ Ես հենց Ձեզ հետ զրույցում էլ նախորդ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանության հիմնական նպատակն այս գործում այն է, որ Արշակ սրբազանի անունը հասարակության հիշողության մեջ ասոցացվի թմրանյութերի հետ։ Սրբազանն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ չի օգտագործել՝ սա իշխանական քարոզչության համար գլխավոր հանգամանք չէ։ Ամեն դեպքում, իրացված թմրամիջոցի բացակայությունը խոսում է այդ հոդվածի ամենանվազագույն մասի մասին»։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է իրավապահ կառույցից ապացույց անհետանալ, Պողոսյանն ասաց․ «Մենք այդ առումով չպետք է զարմանանք, քանի որ սա նորություն չէ։ Գումարից սկսած մինչեւ ամենահասարակ բաները կարող են անհետանալ իրավապահների ձեռքից։ Վերջերս քննչական մարմնից անհետացել էր իրեղեն ապացույց հանդիսացող 500 հազար դոլարը։ Այդ մասին հանրությունն իմացավ, քանի որ խոսքը բավականին մեծ գումարի մասին էր, նման դեպքեր էլի են լինում, սակայն ոչ միշտ է այդ մասին աղմուկ բարձրանում։ Մեր իրավապահ մարմինների համար իրենց իսկ տարածքից գողության դեպքերը դարձել են սովորական երեւույթներ, կարող ենք շատ տարբեր վարկածներ մտածել, արդյո՞ք գողություն է կատարվում, գուցե անփութությո՞ւն է, գուցե դիտավորությո՞ւն։ Ամեն դեպքում, նախորդ Քրեական օրենսգիրքն իրեղեն ապացույցների ոչնչացումը կամ փոփոխությունը նախատեսում էր որպես քրեական հանցագործություն։ Հիմա նույնպես իրեղեն ապացույցի անհետացումը քրեական հանցագործություն է, սա կարող եմ պնդել, սակայն նոր օրենսգրքում ապացույցի անհետացումը չի համարվում քրեական հանցագործություն»։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով թեմային, ասում է. «Եթե իրականում ապացույցն իսկապես անհետացել է, ապա նախ պետք է հասկանալ, թե ինչպես: Ո՞վ է այն իր տեղից վերցրել, իսկ հետո անպայման պետք է պարզել այդ քայլի շարժառիթը: Գործ ունենք բացահայտ հանցագործության հետ, սակայն, թե այն ինչ որակում կստանա, կախված է լինելու այն բանից, թե թմրամիջոցներն իրացնող անձն ինչ շարժառիթ է ունեցել: Որակման առումով շատ բան շարժառիթից է կախված: Եթե չկա ապացույցը, բնականաբար, փորձաքննություն դրա հիման վրա չի կարող իրականացվել, եթե, իհարկե, նախքան անհետացման պահը չի իրականացվել փորձաքննություն: Իսկ եթե փորձաքննություն չի իրականացվել, հնարավոր չի լինի պնդել, որ այն հենց թմրամիջոց է եղել, այլ ոչ թե այլ զանգված: Եթե ամեն ինչ այդ տրամաբանությամբ գնա, անձին այլեւս չեն կարող մեղադրել: Քննչական մարմինների ձեռքից ինչ-որ բան անհետանալը եզակի դեպք է, ասեմ, որ իմ գործունեության ընթացքում ավելի շատ դեպքեր են եղել, որ ինչ-որ բան է հայտնվել քննչականի ձեռքում, այլ ոչ թե կորել է»: Ի դեպ, մեզ ասացին նաեւ, որ եթե անգամ ժամանակին փորձաքննություն արվել է, ապա նման գործերում, որպես կանոն, կրկնակի փորձաքննություն է նշանակվում, եւ միայն կրկնակի փորձաքննության արդյունքում կարող են մեղադրանք առաջադրել ու մեղադրական դատավճիռ կայացնել, իհարկե, եթե մեղադրանքի մյուս պահերը, օրինակ` վկաների ասածները, այլ ապացույցներով հաստատվեն: